17/10/2025

Պակիստանը մեզ նայելու է այնպես, ինչպես Թուրքիան

Արցախի Հանրապետության դեմ պատերազմում մեծ ավանդ է ունեցել նաև Պակիստանը, որը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Այս օրերին Չինաստանում ընթանում է Շանհայի համագործակցության հերթական նստաշրջանը, որտեղ Հայաստանի բարեկամ պետությունը՝ Հնդկաստանը, արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցության հայտը՝ Պակիստանի հետ սերտ համագործակցության համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանում են Պակիստանին՝ Քաշմիրի հարցում: Հիշեցնենք նաև, որ այս իշխանությունները բոլոր խոսափողերով գոռում-գոչում էին Հնդկաստանի հետ իրենց ռազմավարական համագործակցության մասին՝ Հնդկաստանը հավակնում էր դառնալ ՀՀ զենքի ամենախոշոր մատակարարը:

Քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է, որ Հնդկաստանի կողմից Ադրբեջանի անդամագրման վրա արգելք դնելը ազդակ է նաև Հայաստանին՝ չափավորվելու իր դրսեւորումները: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու կոմյունիկեն օգտագործելով, Պակիստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանն իր հերթին համոզի Հնդկաստանին՝ հրաժարվել Ադրբեջանի վրա դրված արգելքից:

«Ըստ տարածված տեղեկությունների, Պակիստանը ոչ թե ուղիղ վետո է դրել Հայաստանի անդամակացությանը` ՇՀԿ-ին, այլ ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ, ինչը հավասարազոր է վետո կիրրառելուն: Ավելացնեմ, որ ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ նաև Բելառուսը, որը կողմ է քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը:

Ադրբեջանին դեմ քվեարկած միակ երկիրը եղել է Հնդկաստանը»,-ասաց Պողոսյանը: Ինչ վերաբերում է այս ֆոնին դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը` Հայաստանի եւ Պակիստանի միջեւ, քաղաքագետը նշեց, որ այդ հարաբերությունների հաստատման փաստաթուղթը ստորագրվել է երեկ, իսկ անդամակցության հարցը քննարկվել է այսօր:

«Քաղաքականությունն ու դիվանագիտությունը շահերի մասին է, ոչ թե լավ ցանկությունների մասին: Նույն Բելառուսը, որը ՀԱՊԿ, ԵԱՏՄ մասով գործընկերն է Հայաստանի, գոնե իրավաբանորեն, այսինքն, այստեղ չենք կարող ասել, որ եթե երկրները դիվանագիտական հարաբերություններ ունեն, ուրեմն ամեն հարցում համաձայն են:

Ընդհանրապես, թշնամական երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է հիմնավորված լինի: Արդյոք մենք գիտե՞նք, թե ինչի՞ վրա է կառուցված Պակիստանը:

Պակիստանի ժողովուրդը իսլամական ֆունդամենտալիզմի վրա կառուցված հասարակություն է, որին առաջնորդողը իսլամն է»,-նկատեց Պողոսյանը: Այն պետությունը, որին առաջնորդողը իսլամն է, որի էլիտաները պատրաստ էին ժամանակին գնալ ու Օսմանյան խալիֆի համար կռվել, խոսքը հենց այդ պետության մասին է, որի ինքնության ամենակարևոր բաղադրիչը սուննի իսլամն է:

«Չի կարելի ակնկալել, որ Պակիստանը մեզ լավ է նայելու, որ հարաբերությունները զարգանալու են և այլն: Պակիստանը մեզ նայելու է այն աչքով, ինչ աչքով, որ մեզ նայելու է Թուրքիան»,- եզրափակեց Արա Պողոսյանը: