08/09/2025

Նիկոլը հանեց դիմակը

Այլակարծության հանդեպ մարդու անհանդուրժողականության համախտանիշը կարող է գնալով սրվել եւ, ի վերջո, փոխարկվել մեկ այլ, հոգեբանորեն ավելի դժվար հաղթահարելի վիճակի՝ բռնատիրական հակումների։

Ակամայից նման եզրակացության ես հանգում՝ դատելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վարքագծից, որը, թերեւս, առանձին հետազոտության առարկա է: Հիմա՝ ըստ էության: «Կառավարությունը ես եմ։ Չի կարող Կառավարությունում որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ, թող հենց հիմա դիմում գրեն, հեռանան։ Եթե ոչ՝ ես ինքս նրանց կհեռացնեմ»։

Սա մեջբերում է գործադիրի՝ օգոստոսի 28-ի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանի մեկնաբանություններից: Վերջինս մի պահ զայրացավ, երբ հարց հնչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) թեմայով. լրագրողը հետաքրքրվում էր, թե Կառավարությունը չի՞ պատրաստվում արդյոք իրագործել ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի արտակարգ որոշումը՝ լավ իմանալով, որ այն ենթակա է պարտադիր կատարման։

Ի պատասխան՝ Փաշինյանն անհիմն համոզմունքով հայտարարեց, թե արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությունը: Իրականում Ստոկհոլմի արբիտրաժային վճռով ՀՀ կառավարությանը պարտադրվել է աներկբայորեն կատարել միջազգային դատարանի որոշումը, այն է՝ ՀԷՑ-ը վերադարձնել սեփականատիրոջը։

«Կառավարությունը ես եմ» արտահայտությունը Փաշինյանը, հավանաբար, փոխառել է Ֆրանսիայի Լյուդիվիկոս 14-րդ թագավորի՝ «Պետությունը ես եմ» հայտնի ասույթից՝ փորձելով համեմատվել նրա հետ, ով, պատմագիրների վկայությամբ, բացարձակ միապետ էր ու նվաճող, ստեղծել էր հզոր բանակ, նավատորմ եւ նվաճողական քաղաքականություն էր վարում Եվրոպայում:

Այսինքն՝ Լյուդիվիկոս 14-րդի հետ Նիկոլի զուգադրումն այնքան էլ տեղին չէ. վերջինս բնույթով հանձնվողական է, եւ հզոր բանակ ստեղծելն ու իր երկրի տարածքներն ընդարձակելը նրա խելքի բանը չեն: Նրան ավելի ճիշտ կլինի համեմատել Լյուդիվիկոս 15-րդի հետ, որը «Ինձնից հետո թեկուզ ջրհեղե՛ղ» ոչ պակաս նշանավոր խոսքի հեղինակն է:

Ասենք՝ մեր «Լյուդիվիկոսի» դեպքում շատ ավելի հեշտ է սեփական ժողովրդին կեղեքելը, չհպատակվողներին ու ընդդիմախոսներին էլ բանտերում փակելը: Ազատ կարծիք կամ միտք հայտնելու համար մարդուն աշխատանքից հեռացնելը չարիքի փոքրագույնն է:

Սոսկ այն պատճառով, որ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հակադարձել էր «շեֆին», թե արբիտրաժային վճիռը ենթակա է անվերապահ ու անհապաղ կատարման, նա վերը հիշատակված ճեպազրույցից ժամեր անց հեռացվել էր աշխատանքից:

Չէ՞ որ զգուշացրել էր՝ «Կառավարությունը ես եմ։ Չի կարող որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ»։

Կառավարությունն, իհարկե, ինքը չէ. Կառավարությունը բազմակարծության վրա հիմնված կոլեգիալ մարմին է: Համենայն դեպս՝ գործադիր իշխանության առաքելությունն այդպես է ձեւակերպված Սահմանադրության մեջ՝ որքան էլ ինքն իրեն փորձում է վեր դասել Սահմանադրությունից: Ի դեպ՝ սա առաջին անգամը չէ:

Այդ անձի բռնապետական նկրտումները նկատելի էին դեռեւս նոր-նոր իշխանության եկած տարում՝ 2018-ին, երբ սեպտեմբերյան հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ ինքը պատասխանատու է հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների համար: Այսինքն՝ չթաքցրեց, դատական իշխանության կարեւոր գործառույթներից մեկն «իրենով անելու» իղձը:

Հետագա տարիների ընթացքում «իրենով անելը» վատ սովորություն դարձավ իշխանական բուրգի վերեւներում: Եվ երբ արդեն յուրացված էին իշխանության բոլոր երեք ճյուղերը՝ երկրի կառավարման համակարգի սանձերը կենտրոնացան մեկ անձի ձեռքում, եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն էր:

Այսօր նա եզակի հանդգնությամբ, բայցեւ շատ անկեղծ պնդում է, որ Կառավարությունն ինքն է, մնացածները կատարածուներ են, ում ինչ ուզի՝ կհանձնի, ում ինչ ուզի՝ կզիջի: Այսինքն՝ Նիկոլը հանեց դիմակը, եւ մենք տեսանք բռնապետի դեմքը: Մեծագույն ցավն այն է, որ նման բռնապետն ուզում է եւս հինգ տարով վերարտադրվել: Հասարակությունն այստեղ սթափ մտածելու բան ունի:

«Հայացք Երեւանից»