«Առավոտ․am» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանն օրերս Ֆեյսբուքում գրառում էր արել` տեսանյութ տեղադրելով, թե ինչպես է խմբագրակազմը լքում Մամուլի շենքը, որտեղ աշխատել են 31 տարուց ավելի։ «Շաբաթ օրը մեր տնօրեն Գարիկ Մելքոնյանը փակեց «Առավոտի» խմբագրության դռները Մամուլի շենքում, որտեղ 31 տարուց ավելի գործում էինք»,- գրել էր նա:
Հիշեցնենք․ «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը Պետգույքի կառավարման կոմիտեից նամակ էր ստացել առ այն, որ պետք է տարածքն ազատեն: «Հիմնավորումն այն է, որ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նոր պայմանագիր չեն ցանկանում կնքել մեզ հետ: Քանի տարի է՝ հայտնի էր մտադրությունը, որ ցանկանում են խմբագրություններին հանել Մամուլի շենքից, աճուրդ լինի, ով որ հաղթի՝ վերադառնա»,- լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր Աննա Իսրայելյանը։
Ո՞վ կմտածեր, որ նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիները մամուլի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար իսկական պատուհաս են դառնալու՝ ստեղծելով բազում խնդիրներ եւ դժվարություններ: ՔՊ-ական իշխանությունը, որն ամեն հարմար առիթով ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին է հորջորջում, մի կողմից դատական հայցերով է փորձում խոչընդոտել ազատ եւ անկախ լրատվամիջոցների աշխատանքը, մյուս կողմից` լրատվամիջոցներին զրկում է մատչելի պայմաններով գրասենյակային պայմաններից: Ի վերջո` ո՞ւմ համար է Մամուլի շենքը, եթե ոչ լրատվամիջոցների: Գուցե դեռ սովետական տարիներից «Մամուլի շենք» անունը կրող այս կառույցն էլ մի օր վերածվի հյուրանոցի կամ գիշերային խրախճանքների վայրի:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց` որտե՞ղ են այժմ աշխատում, ի՞նչ պայմաններում: Աբրահամյանը նշեց. «Առայժմ հարցը վերջնական չի լուծվել, երբ վարձակալության պայմանագիրը ստորագրենք, ես նույն պահին գրառում կանեմ: Այժմ աշխատում ենք ամեն մեկս մեր բնակարանից»: Իսկ տնային պայմաններում աշխատելը դժվարություններ չի՞ առաջացրել, թերթը բնականոն հունով լույս տեսնո՞ւմ է։ «Պատկերացրեք` ոչ, դժվարություններ առանձնապես չեն առաջացել, ես կարծում էի, որ ավելի դժվար կլինի: Թերթը բնականոն կերպով լույս է տեսնում: Կարծում եմ՝ այս ամսվա ընթացքում մեր աշխատանքային տարածքի հարցը կլուծվի»:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար