17/09/2025

«Կխեղդվեք ձեր թափած արյան մեջ. Թույլ չենք տա պղծել Արևելյան Երուսաղեմը». Էրդողան

Թուրքիան ոչ մեկին թույլ չի տա պղծել Երուսաղեմը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նոր համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ:

Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Էրդողանը կրկին հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը Գազայի հատվածի բնակիչների իրավունքների և Արևելյան Երուսաղեմի իրավունքի պաշտպանության հարցում։ Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս հօգուտ արդարացի աշխարհի, «որտեղ ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ ով ճիշտ է»։

Թուրքիայի նախագահը ընդգծել է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը և իր դիրքորոշումները պաշտպանելու պատրաստակամությունը. «Թուրքական դիվանագիտության լեզուն քաղաքավարությունն է, իսկ նրա արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է խաղաղության վրա: Սակայն սա չի նշանակում, թե մենք կլռենք կամ կնահանջենք լպիրշության առջև: Մենք վճռականորեն կդիմակայենք նրանց, ովքեր տարածաշրջանում սերմանում են անկայունություն և արյունահեղություն»:

«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են անվտանգություն ապահովել հալածանքների և անմեղ երեխաների մահվան գնով, կպարտվեն և կխեղդվեն իրենց թափած արյան մեջ։ Մենք չենք նահանջի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքների պաշտպանությունից»,- հավելել է Թուրքիայի նախագահը։