01/11/2025

Բոլորիս կյանքը խաթարել են. Ի՞նչ է նշանակում նահատակները ուրախանում են, որ մենք երգում ու պարում ենք

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր հետեւողական պայքար է տանում ազգային արժեքների դեմ: Այս տարիներին դասագրքերի չափորոշիչները փոխվեցին, բուհերի ոչ մասնագիտական բաժիններից հանվեցին հայագիտական առարկաները, դպրոցական դասագրքերից հանվեցին հայ դասական հեղինակների ստեղծագործությունները, հետո «Հայոց պատմությունը» փոխարինեցին «Հայաստանի պատմությունով»: 

Հետո` Մայրենի լեզվի երրորդ դասարանի դասագրքի վրա հայտնվեց Հայաստանի այրվող դրոշը, Մայրենիի հինգերորդ դասարանի դասագրքի վրա` Ադրբեջանի դրոշի գույները: Այս տարի էլ պարզվեց, որ Մեսրոպ Մաշտոցի նկարն են հանել Այբենարանից եւ առաջին դասարանցիները պետք է հեռախոսով QR կոդը բացեն, որ տեսնեն, թե ով է հայկական տառերի գյուտի հեղինակը:

Առհասարակ, մանկավարժները եւ ծնողները դժգոհում են, որ դասագրքերը լցված են այդ անհասկանալի QR-ներով: Աշխարհը հիմա արգելում է երեխաներին բջջային հեռախոսներով տարվելը, մերոնք հակառակն են անում:

44-օրյա պատերազմում նահատակված Արման Օհանջանյանի մայրը` մանկավարժ Ելիզավետա Օհանջանյանը, որն աշխատում է Մասիսի դպրոցներից մեկում որպես դասվար, մեզ հետ զրույցում ասում է, որ դպրոցական ծրագիրը վերածել են խառնաշփոթի եւ դա պատահական չէ` կոնկրետ նպատակ ունի. «Ես այժմ չորրորդ դասարանի դասվար եմ, վերջերս պետք է այդ QR կոդով աշխատեի, այն այդպես էլ չբացեց, չաշխատեց:

Երեխաներին ասացի, որ տանը փորձեն, քանի որ չորրորդ դասարանի ոչ բոլոր երեխաներն ունեն սմարթֆոններ, պետք է ծնողներից հեռախոս վերցնեն: Ես որպես երկարամյա դասվար դեմ եմ այս մեթոդին: Չի կարելի երեխաներին այս մեթոդով դասավանդել: Աշխարհից միայն վատ բաներն են ընդօրինակում, սակայն առաջատար երկրներում երեխաներին անգամ արգելում են դասի ժամանակ դիմել բջջային հեռախոսի օգնությանը: QR-ը ո՞րն է, ինչպե՞ս կարելի էր Մաշտոցին դնել QR-ի տակ: Մտածում եմ, որ եթե չորրորդ դասարանն ավարտի եւ ինձ կրկին բախտ վիճակվի աշխատել, ես ինչպե՞ս եմ QR-երով դաս անցկացնելու:

Երիտասարդ կին եմ, բայց ի վիճակի չեմ այդպես դաս անելու, եթե մի դասագրքի մեջ չկա Մեսրոպ Մաշտոցի նկարը, դա ի՞նչ դասագիրք կարող է լինել: Իրականում այս ամենը չի կարող պատահականություն լինել, այս մարդիկ նպատակային մեզ տանում են կործանման: Ես չէի պատկերացնի, որ մեր ժողովուրդն այս աստիճան թքած կունենա ամեն ինչի վրա: Ես իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ մենք ունենք Արցախ-Հայաստան հայրենիք: Սովորեցնում եմ, որ զոհված տղաների կյանքը իզուր չի ավարտվել, որ նրանց գործն անմահ է, ասում եմ, որ պետք չէ սիրել այլոց հայրենիքը, պետք է շենացնել մեր երկիրը:

Բայց այդ ամենի հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ մեր երկրի պետական քաղաքականությունն ամեն գնով մեզ փորձում է տանել թրքացման: Ես չեմ ուզում թրքանալ, չեմ ուզում կախել գլուխս: Ես էլ, իմ տղան էլ միշտ մեր գլուխը բարձր ենք քայլել: Ես ուզում եմ ապրել արժանապատիվ կյանքով: Իմ միակ պայքարը այսօր մնացել է հայրենասեր երեխաներ կրթել, դաստիարակելը: Էլ չգիտեմ, թե ուրիշ ոնց պայքարեմ: Նախորդ տարի էլ երրորդ դասարանի դասագրքի վրա Հայաստանի դրոշն էր այրվում: Ինչպե՞ս կարող է այսքան պատահականություն լինել:

Ես անձամբ դասագարքի հեղինակ Վաչագան Սարգսյանին գրեցի եւ զարմանքս հայտնեցի, թե ինչպես է նա համակերպվել այդ խայտառակության հետ: Ես նրան որպես լավ մասնագետ գիտեի, նրան շատ էի հարգում, սակայն քիչ-քիչ նրա ձեռագիրը փոխվեց: Այժմ մեզ համոզելու են նաեւ թուրքերի հետ բարեկամանալ: Այս բոլոր քայլերը շղթայական կապով կապված են իրար: Եթե այս մարդն առաջ ինչ-որ բաներ անում էր տողատակերում, այժմ ամեն բան անում է բացահայտ: Ասում է եւ անում է: Բոլորիս կյանքը խաթարել են: Ի՞նչ է նշանակում նահատակները ուրախանում են, որ մենք երգում ու պարում ենք: Դա ի՞նչ ասելու բան է»: