28/09/2025

Համաեվրոպական պատերազմն, այսպիսով, այլևս հիպոթեզ չէ

Այսօր կլինի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Դմիտրի Կոզակի վերջին աշխատանքային օրը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի:

Նրանք ասել են, որ հրաժարականի դիմում Դմիտրի Կոզակը ներկայացրել է անցած կիրակի՝ սեպտեմբերի 17-ին, «նրա խնդրանքը բավարարվել է»: Forbes-ի վարկածով՝ Կողակին «առաջարկվել է անցնել ձեռնարկատիրական գործունեության ոլորտ»:

Ավելի վաղ այլ աղբյուրներ ենթադրել են, որ Կոզակը կազատվի նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնից և կնշանակվի Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչ:

Forbes- ի աղբյուրներն այդ տեղեկությունը հերքել են և հավելել, որ Կոզակը պետք է հեռանար դեռևս 2022 թվականին: Ակնարկն այն մասին է, որ Կոզակը դեմ է եղել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշմանը:

Ուկրաինայի հարցում Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Կոզակի միջև տարաձայնությունների թեման վերաշրջանառավել է ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկից հետո: Ըստ աղբյուրների, Կոզակը պաշտպանել է զորքերի շփման ներկայիս գծով զինադադար հաստատելու, քաղաքական և մյուս բոլոր հարցերը հետագա բանակցությունների առարկա թողնելու ամերիկյան առաջարկությունը:

Եթե այս տեղեկությունը հիմնավոր է, ուրեմն կարելի է արձանագրել, որ Կրեմլից հեռացվում է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման աջակից վերջին պաշտոնյան:

Ընդ որում՝ դա տեղի է ունենում ռուս-բելառուսական «Արևմուտք 2025» զորավարժությունների ավարտին զուգահեռ: Իսկ Ռուսաստանը և Բելառուսն այդ զորավարժություններին «մշակել են ոչ ռազմավարական միջուկային զենքի և «Օրեշնիկ» հրթիռային համակարգի մարտական ծավալման ծրագիր»:

Արևմտյան փորձագետների մեծ մասը համոզված է, որ Ռուսաստանը պատրաստվում է գրավել Սուվալյան միջանցքը և Մերձբալթիկան կտրել ՆԱՏՕ-ից: Դիտարժան է, որ Ուկրաինայի տարածքում եվրոպական որևէ երկրի զինվորականների ներկայությունը ՌԴ ԱԳ նախարար Լավրովը գնահատել է որպես «Ռուսաստանի համար օրինական թիրախ»:

Համաեվրոպական պատերազմն, այսպիսով, այլևս հիպոթեզ չէ: