28/09/2025

Իհարկե չենք հանելու «Արարատ» սիգարետը, «Արագած» թողարկելը դրա հետ կապ չունի․ «Գրանդ տոբակո» ՍՊԸ տնօրեն. Լուսանկարներ

Հայաստանի ամենախոշոր ծխախոտ արտադրող ընկերությունը՝ «Գրանդ տոբակո»-ն, որ թողարկում է «Արարատ» անվանումով ծխախոտատեսակը, այժմ սկսել է արտադրել նաև «Արագած» անվանումով սիգարետ։

Այս հանգամանքն ուշագրավ է հատկապես վերջին օրերին իշխանությունների կողմից Արարատ լեռան նկատմամբ տարվող հակաքարոզչության ֆոնին, երբ պարզ դարձավ, որ կառավարությունը որոշել է Արարատ լեռան պատկերը հանել սահմանային կնիքների վրայից, որովհետև «Արարատը մեր լեռը չէ, ուրիշինն է»։

Ու հիմա, երբ տեսնում ենք, որ «Գրանդ տոբակո»-ն էլ հենց այս շրջանում որոշել է «Արագած» անունով ծխախոտ թողարկել, կարելի է կարծել, թե  «Արարատ» անվանումով ծխախոտը, որն, ի դեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրած սիգարետն է, շուտով դուրս կգա արտադրությունից՝ իր տեղը զիջելով «Արագածին»։

 

MediaHub-ն այս հարցով դիմեց «Գրանդ տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն Սամվել Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք սկսել են «Արագած» անունով սիգարետ թողարկել, որ փոխարինեն «Արարատ»-ին, և կարո՞ղ է կառավարությունից պարտադրել են՝ հրաժարվել «Արարատ» անվանումով ծխախոտից։

«Ոչ, դրանք տարբեր անվանումներ են, իհարկե, ոչ, «Արագած» և «Արարատ» անվանումով ծխախոտներ դեռ Սովետական Միության ժամանակ էլ է եղել՝ «Հայծխախոտն» էր արտադրում, էնպես որ, կապ չունի դրա հետ»,- ասաց պարոն Սահակյանը։

-Պարզապես վերջին շրջանում իշխանական քարոզչությունը տանում է նրան, որ Արագածը մեր սարն է, իսկ Արարատը մերը չի, ու Արարատի պատկերը հանում են կնիքների վրայից և որտեղից՝ հնարավոր է, դրա համար հետաքրքիր էր՝ դո՞ւք էլ եք ուզում հանել Արարատը արտադրանքի վրայից։

-Չէ, բացառվում է դա, իհարկե չենք հանելու, ո՞նց կարող է մենք հանենք Արարատը։

-Դե, կառավարությունն ինչպե՞ս է հանում կնիքների վրայից, նույն կերպ էլ դուք կարող եք հանել։

-Դե, մենք կառավարություն չենք, մերը բիզնես է։

-Այսինքն՝ «Արարատ» անունով ծխախոտը պահպանվելու է և շարունակելո՞ւ է արտադրվել։

-Անպայման, դրա մասին խոսք չկա։

-Իսկ եթե կառավարությունից նման մեսիջ լինի կամ պայման, պարտադրանք, որ պետք է հանեք Արարատը ձեր արտադրանքի վրայից, ինչպե՞ս կվարվեք։

-Չէ, կառավարությունից նման մեսիջ չի կարա լինի, ո՞նց կարող է կառավարությունը բիզնեսին խառնվել, ասել՝ էսպես պիտի անել կամ էնպես։ Դա բացառվում է։

-Ի դեպ, «Գրանդ տոբակո»-ն դատական գործ ուներ նաև «Ֆիլիպ մորրիսի» հետ հենց Արարատ լեռան պատկերով տարբերանշանի հետ կապված, որը դուք հաղթել եք, ճի՞շտ է։

-Այո, բայց դա դիզայնի հետ էր կապված, բայց հիմա էդ զգուշացնող նկարները, որ մտցրել են սիգարետների վրա, ամեն ինչ խառնվել է իրար։ Բայց էդ մասին, ինչ Դուք ասում եք, մոռացեք, էդպիսի բան չկա, «Արագածը» կապ չունի «Արարատ» ծխախոտի հետ, «Արարատով» մենք աշխատել ենք ու պետք է աշխատենք անպայման, դրա մասին խոսք չկա։

-Իսկ եթե կառավարությունը, ամեն դեպքում, ինչ-որ բան պարտադրի ձեզ այդ հարցում, ի՞նչ կանեք։

-Բացառվում է, էդպիսի բան հնարավոր չէ, ո՞նց կարող է էդպիսի բան լինել։

-Չգիտեմ՝ ինչ վստահությամբ եք ասում, որ բացառվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ բոլոր անհավանական բաները այս կառավարության օրոք դառնում են հավանական։

-Չէ, տեսեք, էն, ինչ պետական մոտեցում է, դա՝ ուրիշ բան, բայց սա մասնավոր բիզնես է, էս ապրանքային նշանը մերն է, ոչ ոք չի կարող, դա նշանակում է ունեցվածքը խլել, որը, ասենք, չի կարող էդպիսի լինել։

-Բայց դա էլ տեսանք, չէ՞, որ լինում է, օրինակ՝ ՀԷՑ-ը խլեցին «Տաշիր գրուպ»-ից, ի՞նչ իմանանք՝ ձեր մասով ինչ կլինի մի օր։

-Դե, հիմա, դա դեռ դժվար է ասել՝ խլոցի է, հո սեփականատերը չի՞ փոխվել։

-Էսպես, որ գնա, մի օր գուցե սեփականատերն էլ փոխվի, վախենում եք՝ չփոխե՞ն։

-Եթե մտածենք՝ մի օր ինչ կլինի, չգիտենք՝ մի օր մենք կլինե՞նք, թե՞ չենք լինի։

Վահե Մակարյան; Mediahub.am

Blog Image