27/09/2025

Ինչո՞ւ հենց հիմա սրվեցին իշխանություն – եկեղեցի հարաբերությունները

Կարճ դադարից հետո Նիկոլ Փաշինյանը՝ անտեսելով հանրային անհամաձայնությունը, կրկին թեժացրեց Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեման:

Առիթն այս անգամ սեպտեմբերի 10-ի խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ Վեհափառ Հայրապետի հեռացման վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորուհու հնչեցրած հարցն էր՝ ուղղված վարչապետին: Չի բացառվում, որ հարցը պատվիրված էր իշխող քաղաքական ուժի ներքին պայմանավորվածությունների շրջանակում:

Փաշինյանի ինքնագոհ արձագանքից դատելով՝ խնդրի հանգուցալուծումը մոտ է. «Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում՝ հոգեւոր բովանդակությամբ մեծ միջոցառման տեսքով»,- ասաց նա:

Հետո խոսքի շարունակության մեջ փորձեց անկեղծ ձեւանալ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ. «Եկեղեցին մեր սրբությունն է, մեր մարգարիտը, մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի դեմ։ Կոմպրոմիս չի՛ լինելու: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա… Այժմ մենք քննարկում ենք ժամկետները, կազմակերպչական եւ բովանդակային հարցերը»,- հավելեց Փաշինյանը:

Դատավճիռը, կարծես թե, կայացված է: Փույթ չէ, թե գործադիրը, առավել եւս՝ ինքն անձամբ, իրավասու չէ կազմակերպել նման քննարկում կամ կայացնել նմանօրինակ որոշում՝ դա հակասահմանադրական է:

Ըստ Մայր օրենքի 17–րդ հոդվածի 2-րդ մասի, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, որն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին:

Սահմանադրական կարգի տապալումը Նիկոլ Փաշինյանի համար մի բաժակ ջուր խմելուն համարժեք գործողություն է: Իշխանավարման շուրջ յոթուկես տարում այս անձը բազմիցս ոտնահարել է օրենքը՝ ներառյալ Սահմանադրությունը:

Բայց ինչո՞ւ հենց հիմա սրվեցին իշխանություն-եկեղեցի հարաբերությունները՝ ԱԺ հերթական ընտրություններից 9 ամիս առաջ: Հնարավո՞ր է, որ պատճառը վերջին սոցհարցումների արդյունքն է՝ համաձայն որի ՀԱԵ-ի վարկանիշը իշխանության համեմատ բարձր է 5-6 անգամ:

Չլինի՞, իրոք, Նիկոլի խելքին փչել է Գարեգին Բ-ին փոխարինել իր «սրտի» կաթողիկոսով, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա 2026թ. հունիսին տիրանալ ՀԱԵ-ի բազմահազար հետեւորդների քվեներին: Կարծում ենք՝ զուր հույսեր են:

Փաշինյանի եւ Կաթողիկոսի «ջրերը» վաղուց մեկ առվով չեն գնում: Իշխանության գալուց ի վեր «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդը հսկայական ջանքեր է գործադրում, սակայն չի հաջողում ինչ-որ կերպ հնազանդեցնել դարերի հազարումի փորձություններով անցած ու միշտ կանգուն Հայոց եկեղեցուն:

Այսօր էլ այն միակն է մեր ազգային-պետական հաստատություններից, որ անխաթար է մնացել՝ իբրեւ հավատավոր հայ ժողովրդի վերջին հենասյուն եւ, ցավոք, օրվա ազգադավ իշխանության թիրախ: Մյուս կառույցները՝ սկսած «Երկրապահ» կամավորականների միությունից, մինչեւ Սփյուռքի համահայկական օջախներ, այս ընթացքում ջլատվեցին: Ի դեպ՝ ոչ առանց Փաշինյանի «ջանադրության»:

Կրոնի եւ, առհասարակ, քրիստոնեության հանդեպ «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդի ու նրա թիմակիցների վերաբերմունքը, ինչպես նկատել է հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը, բնորոշ է բողոքական-ավետարանական եկեղեցիներում հոգեւոր ծառայություն մատուցող որոշ չակերտյալ հովիվների, պատվելիների կամ վերապատվելիների գործելակերպին ու մեթոդաբանությանը:

Ճանաչված լրագրողի դիտարկումներով՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները խորհրդարանական միջանցքներում վարած զրույցներում այն մտահանգման են գալիս, որ իրենց եւ Աստծու հարաբերություններում միջնորդ, եւ այն էլ՝ հոգեւորական, պետք չէ, ինչը, նրա համոզմամբ, տիպիկ բողոքական-ավետարանական եկեղեցու վարքագիծ է:

Սարգսյանի նկարագրությունն ակամայից հիշեցնում է ԱՄՆ-ում պատրաստված լուսանկարային մի ռեպորտաժ: Տեսանյութում Փաշինյանի՝ այս տարվա հունվարին ԱՄՆ կատարած այցից ուշագրավ մի լուսանկար էր զետեղված, որտեղ նա սեղմում է «Կյանքի խոսք» ավետարանական հարանվանության ղեկավար Արթուր Սիմոնյանի ձեռքը:

Դեռ այն ժամանակ խոսակցություն էր տարածվել, որ Փաշինյանը տիպիկ աղանդավորական-բողոքական եկեղեցու հետեւորդ է: Եվ իսկապես՝ ավելի քան 5 տարի նա որեւէ առնչություն չունի ՀԱԵ-ի հետ՝ չի հաճախել Մայր աթոռ, չի խոնարհվել Վեհափառ Հայրապետի առջեւ, ապաշխարություն չի խնդրել, որեւէ պատարագի չի մասնակցել, Առաքելական եկեղեցու 7 խորհուրդներին չի հետեւել: Դատեցեք ինքներդ:

«Հայացք Երեւանից»