Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը: Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ։
«Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- նրա խոսքը մեջբերում է RT-ն։
Հիշեցնենք, որ Ավագյանը, որը նախօրեին փախել էր դատարանի դահլիճից, որտեղ նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվեր ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով, մահացել է հյուպատոսության շենքում։
Առավոտյան տեղեկացանք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության զուգարանում։
Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Ավագյանը փակվել է զուգարանում, որտեղ էլ ինքնասպան է եղել։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել, որից հետո հայտնաբերել են նրա մարմինը։
Բորիս Ավագյանը, ով «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվո»-ի Սանկտ Պետերբուրգի գրասենյակների նախկին պաշտոնյա է, մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ։ Նա դատարանից փախել էր «ծխելու գնալու» պատրվակով։
Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվո»-ի տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել մաքսային վճարումներից խուսափելու մեղադրանքով։ ՌԲԿ-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան։ Նա փախել է դատարանի շենքից։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ իրենց հետ կապ է հաստատել Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։
«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,-ասել էր նա։
Հարցին, թե Հայաստանում իր նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված՝ մտավախություն չունի՞, որ այստեղ իրեն ձերբակալություն է սպասվում՝ Ավագյանն ասել է, որ իր նպատակը հենց դա է։ «Թող ձերբակալեն ու քննություն իրականացնեն, հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ»,-հայտնել էր Ավագյանը։
Հիշեցնենք, որ Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։
Նկատենք նաև, որ Ավագյանը երեկ նաև մի քանի անգամ զանգահարել է «Հրապարակ»-ի լրագրողներից մեկին և նշել, որ ՌԴ-ում իրեն փորձում են տանել կալանքի, իսկ իսկ ինքը ոչ մի կերպ չի պատրաստվում Ռուսաստանում բանտարկվել: Նա նշել է, որ առնվազն միայն Հայաստանում իրեն կարող են կալանավորել:
Մեր տեղեկություններով` վերջինիս կինը` Լենան հղի է և մի քանի շաբաթից ծնվելու է նրանց համատեղ երեխան: Մենք նաև տեղեկացանք, որ Բորիս Ավագյանը վերջին շրջանում ցանկացել է նաև կամավորագրվել ռուս-ուկրաինական պատերազմում և մեկնել կռվի դաշտ: Սա, ըստ էության, միակ ելքն է եղել բանտից դուրս գալու, սակայն վերջինիս չի հաջողվել: «Հրապարակը» կապ հաստատեց Բորիս Ավագյանի մոր` տիկին Գայանեի հետ, սակայն վերջինս հուզված ասաց, որ չի կարողանում խոսել:

Բաց մի թողեք
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել