27/09/2025

Այս պահին ձերբակալված չկա. ցանկացած դեպքում, երբ գտնեմ նպատակահարմար, պատրաստ եմ հրաժարական տալ. Ղազարյան

Ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ամեն ինչ արվում է բոլոր մարմինների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով Մերձավանում տեղի ունեցած դեպքի մասին:

Ղազարյանն ասաց՝ դեռևս ձերբակալված անձ չկա:

Անդրադառնալով վարչապետի գրառմանը, Արամ Ղազարյանը նշեց.

«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»:

Պատրաստ է արդյո՞ք ոստիկանապետը այս դեպքի հետ կապված հրաժարական տալ՝ հարցին, Ղազարյանն ասաց.

«Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և երբ որ գտնեմ նպատակահարմար, պատրաստ եմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։