Երեկ տեղի ունեցած զարհուրելի ողբերգական դեպքից հետո իշխանությունը, հավանաբար, արագ հասկացավ, որ սա անդառնալի հարված է իր իմիջին եւ 2026-ի ընտրությունների պարտությունն ավելի առարկայական է դարձնում, սկսեցին ամենաբարձր օղակներից ցավակցությունների եւ «ցնցվելու» տեսարաններ բեմականացնել:
Այնպիսի սրտաճմլիկ ցավակցական եւ դատապարտող հայտարարություններ հնչեցին, կարծես իրենք չեն իշխանությունը եւ երկրում տիրող ամենաթողության պատասխանատուները։ Եթե չամաչեին, կգրեին` նախկիններն են «սպանել ու գցել Նիկոլի ջեբը», միայն թե խուսափեին կատարվածի պատասխանատվությունը ստանձնելուց:
Երբ պետության ներքին անվտանգության թիվ մեկ խնդիրը դարձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելը, պարզ է, որ իրավապահ համակարգը կհայտնվի բարձիթողի վիճակում: Երբ Փաշինյանի հաստատած ժողբաստիոնում քաղաքական հակառակորդների գլխին մուրճ են ճոճում, քրեական հետապնդման ենթարկում հարցազրույց տված սրբազանին ու մեծահարուստին, բանտերը լցնում հաղթած համայնքապետերով, որ թույլ չտան համայնքներում նրանք իշխանության գան, համայնքապետի սպանությունը դառնում է դրա բնական շարունակությունը:
Անհանդուրժողականության այս մթնոլորտը եւ հարցերն ուժով լուծելու ավանդույթները դառնալու էին հանրության շրջանում հարաբերվելու միջոց: Եվ շարքային քաղաքացիները զարգացնելու էին այդ ավանդույթները` նաեւ զենքով փորձելով հարցեր լուծել, ընդդիմադիր համայնքապետերին իրենց ճանապարհից հեռացնել։
Ընդդիմադիր համայնքապետի սպանությունն ինքնին լուրջ ահազանգ է այն մասին, որ երկրում իշխանությունը կորցրել է վերահսկողությունը, ոչ ոք չի վախենում բռնվելուց, պատասխանատվության ենթարկվելուց, որովհետեւ իրական հանցագործները չեն պատժվում, այլ՝ այս իշխանության ընդդիմախոսները։ ՔՊ-ին մի քանի ամիս առաջ Փարաքարի ընտրություններում ջախջախած, իշխանության աչքի փուշը դարձած 42-ամյա համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո իշխանականները Փաշինյանի հայտարարությունից հետո իրար հերթ չտալով հայտնեցին, որ «ցնցվել» են, դատապարտեցին կատարվածը, ինքը՝ Փաշինյանը, նախ խոստովանեց, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է արվեին, բայց չեն արվել. «․․․Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել»: Դեպքից ժամեր անց նման հայտարարություն անելով՝ Փաշինյանը փորձեց զարգացումներն ու քննությունն իր համար նախընտրելի հունով տանել, ենթադրվում է, որ ՆԳՆ համակարգի մի քանի մանր չինովնիկ պաշտոնանկ կարվի, որով կփորձեն թոզ փչել հանրության աչքերին։
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը երեկ քիչ էր մնում բզկտեր մեզ, երբ հարցրինք՝ չի՞ կարծում, որ իրավիճակի թե՛ մեղավորը, թե՛ պատասխանատուն Փաշինյանն է։ «Սպանություն ա` Նիկոլն ա մեղավոր, էսինչը` Նիկոլն ա մեղավոր, հերիք ա, էլի»,- վրդովվեց նա։ Ըստ նրա՝ երկրում ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտն է պատճառը, որ մարդիկ իրար հետ խոսելու փոխարեն զենքով են հարցեր լուծում։ Նկատեցինք՝ եթե Փաշինյանը մուրճ է ճոճում ընդդիմադիրների գլխին, սպասելի չէ՞ր, որ շարքային քաղաքացիներն էլ կարող են ավտոմատ «ճոճել» իրենց հակառակորդների գլխին։ «Դուք հասկանո՞ւմ եք, որ մեր խոսակցությունը լսելու են մահացածի հարազատները, մարդկանց մահը բերում՝ քաղաքականացնում եք, որը կարող է պարզվի, որ անձնական պատճառներով է եղել»: Անգամ եթե անձնական պատճառներով է եղել, դրանից իրավիճակը չի փոխվում, որ Փաշինյանը, իր աթոռից բացի, երկրում ներքին անվտանգության հարցերով չի զբաղվում։ «Վերջացրեք, մի քաղաքականացրեք: Մո՞ւրճն ա եղել պատճառը․․․ իր անվտանգությո՞ւնն է եղել, ամոթ է, հասկանո՞ւմ եք․․․ այո, երկրում տիրող իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, բայց մուրճը բարձրացավ, զբաղվում են իշխանության անվտանգությամբ… եւ այլն»։ Իշխանական պատգամավորի գնահատմամբ եւս՝ կատարվածն իրավապահ համակարգի բացթողնման հետեւանք է: «Արդյոք ՆԳ նախարարի պաշտոնանկության հարց կբարձրացվի՞» հարցին Ղահրամանյանն ասաց, որ դա կառավարության ղեկավարի որոշման տիրույթում է։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ, որ ԱԺ-ում նախագծի զեկուցման էր մասնակցում, լրագրողների հետ զրույցում Փարաքարի համայնքապետի սպանության հարցին ի պատասխան՝ իր դարդը սկսեց լացել․ «Ես էլ եմ բազմաթիվ նամակներ ստանում, ասենք՝ ինչ-որ հրապարակում եմ անում, ու ինչ-որ մեկը գրում է՝ ձեզ պետք է սպանել, ձեզ պետք է գյուլլել, մեքենադ պետք է տրաքացնել։ Երբեմն ես էլ եմ մեղավոր, երեւի ճիշտն էն է, որ բոլոր դեպքերն ուղարկեմ իրավապահ մարմիններին։ Երբեմն տեսնում ենք, որ այլ երկրից է գրում, երեւի պետք է բոլորս ուշադիր լինենք նման դեպքերին»։ Պապոյանն ասաց, որ իրավապահ համակարգը պետք է քննի դեպքը` բոլոր առումներով, սկսած հայտնաբերումից, մինչեւ այն, թե ինչ պետք է արվեր, որ կանխվեր դեպքը։
«Շատ դատապարտելի բան է տեղի ունեցել։ Ցանկացած բռնություն մեզ համար դատապարտելի է»։ Պապոյանն անգամ ողբերգական դեպքերի առիթով չխորշեց կրկնել հին երգը․ «Եթե 20 տարի հետ գնանք, օրը մեջ նման պատմություններ էին տեղի ունենում, հիմա, փառք Աստծո, չկա, կրիմինալն էլ չկա, կրիմինալը գիտի մեր ընդունած օրենքների մասին»:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի