27/09/2025

Երբ ասում ենք` կառավարման ճգնաժամ է երկրում, հենց սա նկատի ունենք

Պարզ է, որ բոլոր երկրներում էլ դժբախտ պատահարներ ու սպանություններ են լինում:

Հրապարակ թերթը գրել է․ Մարդկությունն ապահովագրված չէ ոչ երկրաշարժերից, ոչ փլուզումներից, ոչ մարդու կյանքը խլելու ճանապարհով հարց լուծողներից: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ենք մենք ամեն մի նման միջադեպ այսքան ծանր տանում եւ սկսում մեղադրել օրվա իշխանություններին:

Պատճառը միանգամայն հասկանալի է` որովհետեւ այս սպանությունները, ողբերգական միջադեպերը, մահվան ելքով պատահարները կոնկրետ եւ ուղիղ կապ ունեն երկրի կառավարման հետ եւ այս իշխանությունների վարած քաղաքականության բնականոն հետեւանքներն են:

Եթե Փաշինյանի ավտոշարասյունը խելագարի նման չսլանար Երեւանի կենտրոնով եւ նրա անձի պաշտպանությունը չդառնար թիվ մեկ խնդիրը, Սոնա Մնացականյանն այսօր ողջ կլիներ:

Եթե ողջ իրավապահ համակարգը չլծվեր նախկիններին պատժելու անշնորհակալ գործին եւ չփորձեր պողպատե մանդատին ծառայել ու հաջորդ մանդատի համար հող ստեղծել, իրավապահ համակարգը զբաղված կլիներ թմրանմիջոցների դեմ պայքարով, մարդկանց սեփականության դեմ ոտնձգությունները կանխելով ու մարդասպաններին հայտնաբերելով եւ որոշ հանցագործություններ էլ հնարավոր է կանխվեին:

Եթե իրավապահ համակարգը ոչնչացված չլիներ եւ չծառայեր ՔՊ-ի ու նրա առաջնորդի շահերին, ոչ թե սրբազանների դեմ գործեր կկարեին եւ միլիարդատեր բարերարին կպահեին բանտում, այլ Փարաքարում բուն դրած հանցավոր խմբակին կբացահայտեին եւ տարբեր գողականների դեմ իրական պայքար կտարվեր:

Վերջապես` եթե հանցագործները չբաժանվեին յուրայինների եւ օտարներ, իշխանության հետ փոխկապակցված անձինք էլ իրենց անպատժելի չէին զգա եւ երկրում նման բեսպրեդելի մթնոլորտ չէր ձեւավորվի: Երբ ասում ենք` կառավարման ճգնաժամ է երկրում, հենց սա նկատի ունենք: