Վրաստանից Հայաստան է ներթափանցել դաբաղի վտանգավոր՝ աֆրիկյան ժանտախտ կոչվող տեսակը, որը շատ արագ տարածվում է խոշոր եղջերավոր անասունների շրջանում եւ բավականին վտանգավոր է: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Արթիկում բնակվող Սոֆյա Հովսեփյանը:
«Հրապարակին» տեղեկություններ են փոխանցվել. Նա նշեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արթիկ համայնքում մոլեգնում էր դաբաղը: Ինքն Արթիկին հարակից գյուղերից գնում է կաթնամթերք, երբ դաբաղը տարածվել է, գյուղացիները դադարեցրել են կաթի մթերումը: «Գիտեմ, որ Սպիտակի տարածաշրջանում էլ էր տարածված, այսինքն՝ Լոռու մարզում: Ինչի գիտեմ, որովհետեւ մեր հարեւանները կաթ էին գնում Սպիտակից, երբ տեսա, հարցրի` ձեզ մոտ դաբաղ չկա՞, որ բերել-վաճառում եք, վաճառողը շատ վիրավորված արձագանքեց, թե ինչի եք ասում, դա մարդուն չի անցնում, ասեց, որ կաթը լավ եփեն՝ կանցնի կգնա, պատկերացնո՞ւմ եք»,- պատմեց Հովսեփյանը:
Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սարագյուղ վարչական շրջանում նոր են ազատվել դաբաղից: «Անկում ենք ունեցել՝ չորս-հինգ հորթ է սատկել, կովերն էլ են վարակվել․ հորթերը հյուծված անասուն են, չեն դիմացել, այսպես թե այնպես, անկումը կլիներ, չէին դիմանա»,-ասաց Սարագյուղի վարչական շրջանի ղեկավար Ալեքսան Իգիթյանը:
Նա նշեց, որ գյուղում անասնաբույժ ունեն, սեպտեմբերի սկզբին միջոցառումներ են իրականացրել, ինչի հետեւանքով կենդանիները թեթեւ են տարել դաբաղը: Ինչ վերաբերում է սատկած հորթերի դիմաց փոխհատուցմանը, ասաց, որ գյուղացիների մտքով չի էլ անցել ինչ-որ գերատեսչության դիմել, քանի որ իմացել են՝ հյուծված կենդանին չի կարող դիմակայել դաբաղին:
Փոքր Մանթաշի վարչական ղեկավար Ժիրայր Հակոբյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ կարողացել են խուսափել դաբաղից, քանի որ իմացել են, որ հարեւան գյուղերում դաբաղ է տարածվում, ու քայլեր են ձեռնարկել․ «Կողքի համայնքներում, գյուղերում որ տարածվել էր, մենք արդեն տեղյակ էինք, որ պետք է անասուններին պահել գոմերում, որ արոտ չգնային ու չվարակվեին։ Մեր հարակից գյուղերում վարակը չի տարածվել»:
Թորոս գյուղի վարչական ղեկավար Արմենակ Սարգսյանն էլ ասաց․ «Մեր գյուղում նոր-նոր դաբաղը մուտք է գործել, մեր ամբողջ հարեւան գյուղերում կար՝ մի երեք-չորս օր կլինի, որ տարածվել է: Փառք Աստծո, մեր գյուղում դեռեւս անկում չունենք: Հարեւան գյուղերից՝ Գոգովիտում, Ցողամարգում, Ամասիայի բոլոր գյուղերում էլ կար․ պատերացրեք՝ ամեն տեղ էլ տարածվել է»։ Հարցրինք՝ պատկան մարմիններն ինչ-որ գործողություններ ձեռնարկե՞լ են, ասաց, որ դաբաղի դեմ ոչ մի միջոցառում չկա, իսկ կաթը գյուղացիները շարունակում են մթերել։ Մեր հարցին, թե վտանգավոր չէ՞, ասաց․ «Դրա համար կա ՍԱՏՄ, կան անասնաբույժներ․․․ բնակիչներին ոչ ոք ոչինչ չի զգուշացրել»:
Անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը, սակայն, ասում է, որ դաբաղի պարագայում անվտանգության խիստ միջոցառումներ պիտի ձեռնարկվեն: «Վարակի աղբյուրը միայն կաթը չի հանդիսանում, կենդանիների միգրացիան պիտի փակվի, օրենքով, նորմատիվներից ելնելով՝ տարածաշրջան մտնող բոլոր մեքենաները, դուրս եկող մեքենաները պիտի բարիերների միջով անցնեն, որ վարակը չտարածվի: Այստեղ ավելի կարեւորը վարակի չտարածվելն է, քան թե, օրինակ, կաթ եռացնելու խնդիրն է, որովհետեւ վարակը կարող է Շիրակի մարզից անցնել Կոտայքի մարզ՝ մեքենաների անիվներով»,-ասաց անասնաբույժը: Ռաֆայելյանը համաձայն է, որ դաբաղով վարակված կենդանու կաթը եռացնելու դեպքում վարակը չեզոքանում է, սակայն այլ բան է, եթե խոսքը գնում է մսի մասին․ «Եթե մարդիկ շփում ունեն հում մսի հետ մորթի ընթացքում, դա շատ վտանգավոր է»: Իսկ անվտանգությունը, մեքենաների համար բարիերներ տեղադրելը ո՞ր մարմինը պետք է աներ։ Անասնաբույժը պատասխանեց․ «Օրենքով պիտի աներ գյուղնախարարությունը, որն այսօր չունենք: Նորմատիվները, օրենքներն այդպիսին են, որ դաբաղի դեպքում պետք է հսկվեն տարածաշրջանի մուտքերն ու ելքերը»:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի հանրության հետ աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ահազանգեր՝ դաբաղով վարկված կանթամթերքի կամ մսամթերքի վերաբերյալ, իրենք չեն ստացել: Եթե նման ահազանգեր լինեն, դա կարող է ցույց տալ միայն համապատասխան փորձաքննությունը: Իսկ ՍԱՏՄ ֆունկցիաների մեջ չե՞ն մտնում շուկայում հայտնված կաթնամթերքի ու մսի փորձաքննությունը, ստուգումը։ «Ստուգումների ծրագիր գոյություն ունի՝ տեսչական մարմինը ստուգում է ստուգումների ծրագրին համապատասխան եւ բողոքների հիման վրա: Այլ կերպ ստուգում բացել տեսչական մարմինը չի կարող եւ այդպիսի իրավասություն չունի: Ստուգումների ծրագիրը հրապարակվում է մեր կայքում նախորդ տարվա դեկտեմբերին՝ հաջորդ ամբողջ տարվա համար: Այնտեղ հրապարակված են բոլոր տնտեսվարողները, որոնք ենթակա են ստուգման եւ տարվա ընթացքում ստուգվում են: Դրանից բացի, տեսչական մարմինը ստուգում կարող է բացել միայն եւ բացառապես բողոքի հիման վրա»: Որեւէ բողոք չե՞ն ստացել Հայաստանով մեկ տարածված դաբաղի մասին, պատասխանեց, որ այս պահին որեւէ բողոք չեն ստացել։ «Մեր հեռախոսահամարն է 118, անվճար համար է, շուրջօրյա է, կարող եք տալ նրանց, ովքեր անհանգիստ են եւ ունեն խնդիր, եթե, Աստված չանի, կա, թող զանգեն, մերոնք էլ հասկանան՝ ինչպես խնդիրը կարգավորեն… Ի վերջո, գյուղացիներն էլ շատ դեպքերում հիվանդությունները պարզապես խառնում են»,- ասաց Հարությունյանը:
Մենք ներկայացրինք մեր բազմաթիվ զրուցակիցների պատմածը, որ դաբաղը տարածված է գյուղերում։ ՍԱՏՄ պաշտոնյան համառեց. «Որեւէ պաշտոնական հրապարակում, որեւէ հաստատում տեսե՞լ եք, որ դաբաղ է եղել: Այդպիսի հաստատում երբեք չի եղել, եթե պաշտոնական հաստատում չկա, գյուղացին ցանկացած պահի ցանկացած հիվանդության անուն է տալիս՝ դաբաղ է, բրուցելյոզ է կամ էլի ինչ-որ մի բան: Բրուցելյոզի դեպքում էլ թաքցնում են, չեն էլ ուզում ցույց տալ, ի վերջո, մասնագետը պիտի ասի՝ ինչ հիվանդություն է, ոչ թե գյուղացին»: Երբ հիշեցրինք, որ պետության գործառույթն է վերահսկել, որ նմանատիպ իրավիճակներ չառաջանան, կամ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, Անուշ Հարությունյանն ասաց. «Դաբաղի տարածման նկատմամբ կոնկրետ վերահսկողություն կա սահմանված, սահմաններից սկսած՝ վերահսկվում է: Թուրքիայում տարածված է, մենք վերահսկում ենք, որ հանկարծ այստեղ չանցնի: Դուք հիմա ինձ ասում եք՝ մենք դա անո՞ւմ ենք, թե՞ չէ, ես ասում եմ՝ անում ենք: Բայց հիմա ասում եք` էսինչ գյուղերում, Լոռու մարզում տարածված է դաբաղը: Կոնկրետ կասե՞ք՝ ո՞ր մարզում, ո՞ր գյուղում է տարածված, ո՞ր բնակչի կենդանին է հիվանդ, քանի՞ կենդանի է հիվանդ: Այդպես օդի մեջ որ ասում են` տարածված է…»: Օրինակ, Սպիտակ քաղաքում է տարածված: «Ես էլ ասում եմ․ գիտեք` քաղցկեղ է տարածված հանրապետությունում, հսկայածավալ մարդկանցով, հիմա անուններով, մարդկանց քանակով պիտի ասեմ, չէ՞, ասեմ` այս մարդն է հիվանդ, այս ժամանակից է հիվանդ: Հիմա Դուք ասում եք՝ դաբաղ է տարածված, այդպես ո՞նց կարող է լինի` դաբաղ է տարածված, չի լինում տենց բան»:
Նկատենք, որ ոչ միայն Լոռվա, այլեւ Շիրակի մարզի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ մեզ հետ զրույցում պատմել էին, որ կենդանիների շրջանում դաբաղ է տարածված, որի ակտիվ շրջանը սկսվել է դեռ հուլիս-օգոստոսին ու մինչ օրս շարունակվում է:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի