27/09/2025

30-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել․ բժիշկները արձանագրել են նրա մահը

Սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի տներից մեկը, որտեղ արձանագրել են 30-ամյա Կարլեն Ս․-ի կենսաբանական մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ասոյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Կարլեն Ս․-ի հորեղբայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Կարլեն Ս․-ն իր տան տանիքում էլեկտրական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել գետնին ու մահացել։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։