27/09/2025

Բացառիկ մանրամասներ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, տեսագրությունում ձայնը փակված է և չի լսվում «խփի» հրահանգը

Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, նրա ընկերոջ՝ ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանի սպանությունը շարունակում է չբացահայտված մնալ, թեպետ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված անձ կա՝ մերձավանցի Նարեկ Օհանյանը, որին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ եւ չենք կարող պնդել՝ նա է եղե՞լ մարդասպանը կամ նա անմիջականորեն ինչ կապ ունի այս պատմության հետ:

Սակայն որոշ հանգամանքներ կասկածներ են առաջացնում քննության ընթացքի հետ կապված:

Ներքին գործերի նախարարությունը, նախաքննական մարմինը ինչ-որ բացահայտումներ են անում, բայց դրանք դեռեւս չեն ապացուցում կամ հաստատում այն վարկածը, որ տեղի ունեցածը վենդետա է՝ Մերձավանում 7 ամիս առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերի շարունակությունը։

Մասնավորապես, Վ․ Գրիգորյանի եւ ընկերոջ սպանությունից հետո տարածվեց սպանության տեսանյութը, թե ինչպես է դիմակավորված մարդասպանը կրակում կիսակառույց տան հարակից տարածքում կանգնած Վ․Գրիգորյանի եւ մյուսների ուղղությամբ՝ թիրախավորելով համայնքապետին, հետո՝ մոտենում՝ համոզվելու համար, որ վերջինս մահացած է եւ կրկին կրակում նրա վրա։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները մանրամասներ են հայտնում դեպքից․ ըստ մեր աղբյուրի՝ կրակոցներից մի քանի վայրկյան առաջ՝ հարակից փողոցով մեքենա է անցնում, որտեղից գոռում են՝ «խփի», այս բառից հետո դիմակավոր մարդասպանը կրակում է հավաքվածների ուղղությամբ՝ սպանելով համայնքապետին եւ նրա ընկերոջը։

Տեսախցիկները, որոնք տեսաձայնագրել են դեպքը, առգրավված են, սակայն իրավապահների շրջանառության մեջ դրված տեսագրությունում ձայնը փակված է և չի լսվում «խփի» հրահանգը:

Բացի այդ, մեզ նաեւ պատմեցին, որ ձերբակալված Նարեկ Օհանյանը դիմակավորված մարդասպանը չէ, ամեն դեպքում, քննությունն այժմ այդ եզրահանգման է հանգել, որ դիմակավորվածը պրոֆեսիոնալ քիլեր է եղել։

Շատ հարցեր կան՝ Ն․Օհանյանը պատվիրատո՞ւն է, ի՞նչ առնչություն ունի այս դեպքի հետ, ո՞վ է դիմակավորված անձը, որին չեն կարողանում բացահայտել, եւ ինչո՞ւ միայն դեպքից 2 օր հետո ՔԿ-ն Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերեց արարքին առնչությունը հաստատող հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն, գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել է այրման եղանակով ոչնչացնել, եւ ինչո՞ւ 2 օրվա ընթացքում Նարեկ Օհանյանը չի կարողացել ոչնչացնել դրանք։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռեւս իրավապահները չունեն, հակառակ դեպքում՝ Ն․Օհանյանին արդեն մեղադրանք առաջադրված կլիներ։

Տեղեկության վերաբերյալ դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ պատասխանեցին․ «Պաշտոնական հաղորդագրությունից բացի որեւէ մեկնաբանություն չունենք»։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը: Այս սպանությունը իրավապահները փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Մեզ տեղեկություններ են հասել, որ Մհեր Ախտոյանը երկրում չէ, հեռացել է Հայաստանից, ինչը կասկածներ է առաջացնում, որ Ախտոյանը տեղյակ է եղել՝ սպանության մասին, եւ օր առաջ հեռացել է երկրից։ Տեղեկությունն այսօր փորձեցինք ճշտել Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից, նա ասաց՝ չեմ ցանկանա այս պահին պատասխանել, նա նաեւ անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ոստիկանությունը գնացե՞լ է Ախտոյանների տուն։

Նշենք, որ Ախտոյանին վերջին անգամ նկատել ենք այս տարվա մարտին՝ Փարաքարի ընտրությունների ժամանակ․ նա ընտրատեղամասերից մեկում ՔՊ-ից վստահված անձ էր։

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն քննադատությունների, թե Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում 2025 թվականի փետրվարի 5-ին կատարված սպանության դեպքով «լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն չի իրականացվել կամ քննությունը դանդաղ է ընթացել», Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթի նյութերը՝ 15 մեղադրյալների վերաբերյալ, դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնված են դատարան:

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված թիվ 57118925 քրեական վարույթով՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության, ծանրացնող հանգամանքներով ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացված Արսեն Նորիկի Մարդոյանին, Գառնիկ Սամվելի Մաթևոսյանին, Գեորգի Ավետիքի Մանուկյանին, Տիգրան Քաջիկի Մանուկյանին, Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանին, Վահրամ Կոստանի Նահապետյանին, Անդրանիկ Ռազմիկի Բրուզյանին, Արսեն Կոստանի Նահապետյանին, Արտյոմ Արթուրի Հակոբյանին, Սևակ Սուրենի Գալստյանին, Պայքար Լևոնի Գրիգորյանին, Վլադիմիր Արմենի Խդրյանին, Մարզպետ Արմենի Գալստյանին և Արթուր Արմենի Գալստյանին:

Արսեն Մարդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մեղադրյալ Գառնիկ Մաթևոսյանի, Գեորգի Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Վահրամ Նահապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Անդրանիկ Բրուզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը, վարույթն իրականացնող մարմնի կողմից ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Արսեն Նահապետյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Արտյոմ Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Սևակ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի. ընտրվել է վարչական հսկողություն և 3 միլիոն դրամ գրավը:

Մարզպետ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարել է մասնակի՝ ընտրելով տնային կալանքը և 3 միլիոն դրամ գրավը:

Արթուր Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է մասնակի և խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի՝ ընտրելով վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները:

2025 թվականի ապրիլի 29-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ըստ էության քննելու:

2025 թվականի մայիսի 27-ին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանը մեղադրյալ Պայքար Լևոնի Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 10.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալ Վլադիմիր Արմենի Խդրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 1.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալներ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի, Մարզպետ Արմենի Գալստյանի, Արսեն Նորիկի Մարդոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկրարաձգել է 3 ամիս ժամկետով, իսկ բացակայելու արգելքը թողել է անփոփոխ:

Նշված որոշումները Դատախազությունում ստացվել են 2025 թվականի հունիսի 4-ին: Պայքար Լևոնի Գրիգորյանի և Վլադիմիր Արմենի Խդրյանի վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան. բողոքները մերժվել են:

Թիվ 57118925 քրեական վարույթից անջատված մեկ այլ քրեական վարույթի՝ ըստ մեղադրանքի Արմեն Արամի Ղազարյանի Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննությունն ավարտվել է, և 2025 թվականի հունիսի 9-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասութան առաջին ատյանի քրեական դատարան: Արմեն Արամի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: