16/10/2025

Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ վերընտրվել ընտրությունների՝ ժողովրդի քվեի միջոցով

Օրերս, ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ի պատերի ներսում տեղի ունեցավ մի դարակազմիկ իրադարձություն՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգով խորհրդարանական լսումներ, որոնք ուղեկցվում էին ԱԺ-ի դիմացի մայթին «մոլեգնած»՝ մի քանի հարյուր հոգանոց փողոցային ակցիայով։

Խորհրդարանի դիմաց հավաքվելու «կենսական անհրաժեշտության» մասին հրովարտակը, ինչպես հայտնի է, իջեցրել էր Մասիսի քաղաքապետ, լսումները հրավիրած ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի վարչապետացու, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը։

Դեպքերի ընթացքը, մինչդեռ, ցույց տվեց, որ ՀՀԿ-ական համայնքապետի կոչին հավատացել, անսացել, ոչ, ավելի ճիշտ է՝ նրա խոսքը լուրջ էր ընդունել հազիվ մի քանի հարյուր մարդ։ «Գրուպպա պադերժկի»-ի կարգավիճակով դեպքի վայր եկած այդ մի քանի հարյուր հոգին մնաց այնքան, մինչև «հարկի տերը»՝ ՊՈՒ-ն, լսումները հորով-մորով արեց։ Այն է՝ ամբիոն տրամադրեց նրանց, ովքեր ՀՀ վարչապետի հասցեին իրենց սրտից բխածն ու լեզվից եկածն ասացին, լիցքաթափվեցին ու… ցվրվեցին տներով։

Արդ, միջանկյալ արձանագրենք, որ Դավիթ Համբարձումյանին ՀՀ վարչապետի կարգավիճակում տեսնում է ճիշտ այնքան մարդ, որքան հավաքվել էր ԱԺ-ի դիմացի մայթին։ Դե… մոտավորապես մի «գազել» ժողովուրդ՝ պլյուս-մինուսով։ Հանրային վստահության այսպիսի մակարդակ ունեցող թեկնածուի առաջադրելով վարչապետի թեկնածու՝ փաստորեն ՀՀԿ-ն մտադիր է գլուխ բերել մի գրանդիոզ ծրագիր՝ հեռացնել մի «ցելի» երկրի, մի «ցելի» 680 հազար քաղաքացու քվեով ընտրված վարչապետին։

Ընդ որում, սա արվում է հայտնի կենդանուն բնորոշ այնպիսի համառությամբ, որ երբեմն թվում է՝ գործ ունես ոչ թե քաղաքական կազմակերպությունների, այլ ինֆանտիլների՝ «Մանուշակ» մանկապարտեզի կրտսեր խմբի կամակոր երեխաների խմբակի հետ։

Հարկ է նկատել, որ անվստահություն հայտնելու գործիքին վերջին մի քանի ամիսներին հետևողականորեն ապավինում է ՊՈՒ-ն՝ Սերժ Սարգսյանի ցուցումով։ Վերջինս, նկատենք, իր հանրային ելույթներում քանիցս նշել է, որ Փաշինյանին օր առաջ հեռացնելու իրենց նպատակադրումը մնում է ուժի մեջ՝ մատնանշելով հենց անվստահության գործընթացը։

Իսկ Քոչարյանն, օրինակ, դեռ ամիսներ առաջ, երբ սերժսարգսյանական քաղակտիվիստները հերթական անգամ «մեյդան» բերեցին իմպիչմենտի թեման (դրան արձագանքեցին և պրոցեսը սկսեցին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը), պրագմատիզմի «մաստեր կլասս» էր ցուցադրել Սարգսյանի թիմի համար՝ «անիրատեսական սցենար» համարելով նախաձեռնությունը։

«Ես պրագմատիկ մարդ եմ, մտնեմ մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի՝ ինձ համար իսկապես դա հետաքրքիր չէ»։ Այս հայտարարությունից հետո, հիշեցնենք, Սարգսյանին աֆիլացված խմբակի կողմից քարոզչական հարձակում սկսվեց Քոչարյանի թիմի նկատմամբ, թե՝ չմիանալով գործընթացին, տորպեդահարելով այն՝ պահում են Փաշինյանի թիկունքը, և որ գործընթացին դեմ է «մե՛կ Փաշինյանը, մե՛կ ինքը՝ ՀՀ 2-րդ նախագահը»։

Հարկ է հիշեցնել, որ այդ փուլում վարչապետացուն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուքյանն էր։ Քոչարյանն այդ ժամանակ ազդարարեց, թե կան մարդիկ, որոնց կյանքի երազանքն է թեկուզ 48 ժամով վարչապետի թեկնածու լինելը, իսկ ինքն ու իր թիմը չեն պատրաստվում ֆոն կամ դեկորացիա դառնալ ինչ-որ մարդկանց այդ երազանքի իրականացման համար։

Իսկ երբ Էդմոն Մարուքյանի վարչապետացման ֆիասկոյից հետո ՀՀԿ-ն շրջանառեց նոր վարչապետացուի՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, «Հայաստան»-ը ոտքը կախ գցեց։ Այդ օրերին, նկատենք, ՊՈՒ-ն բողոքում էր, թե Քոչարյանի պատգամավորները իբրև թե «ֆիկտիվ» կերպով են միացել իմպիչմենտի նախաձեռնությանը՝ իրենց ստորագրությունները դրել են անկապ թղթի կտորի, այլ ոչ՝ համապատասխան ձևաթղթի տակ։

«Հաշվի առնելով նոր իրողությունը և մեր գործընկերների վստահեցումները՝ ես մեր խմբակցության գործընկերների կողմից երեք ամիս առաջ դրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու իմպիչմենտի գործընթացին և ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ հիմա։

Հիմա ուշադրություն՝ խուսափելու համար թյուրիմացություններից՝ եթե դա չբավարարի ու ֆիքսվի, որ տեխնիկական խնդիր կա, այս ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,- լսումների օրը խրոխտ ազդարարեց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով՝ ակնկալում է, որ ողջամիտ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացնել պակասող ստորագրությունները և իմպիչմենտի իրական մեկնարկը տալ ԱԺ դահլիճում։ Նկատենք, որ Քոչարյանի «ադաբրյամս»-ը հնչեցվեց ոչ թե խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի, այլ շարքային պատգամավորի բերանով։

Սերժ Սարգսյանի խաղադրույքն այն էր, որ «Հայաստան»-ն այս անգամ էլ չի միանա իմպիչմենտի գործընթացին, ու այս հանգամանքը շահարկելով՝ հնարավոր կլինի դրա ձախողումը բարդել «չմիացողների»՝ ընդդիմադիրի պատմուճան հագած «ծպտյալ նիկոլականների» գլխին։ Բայց Քոչարյանը, փաստորեն, ավելի լավ շախմատիստ է, քան Շախմատի ֆեդերացիայի նախագահը։

Առաջին հայացքից թվում է, թե երկրորդ նախագահի թիմը, միանալով վերջինիս կողմից ամիսներ առաջ անիրատեսական որակված գործընթացին, ընդունեց երրորդ նախագահի խաղի կանոններն ու, փաստորեն, ֆոն կամ դեկորացիա դարձավ ՀՀԿ-ի կողմից նախանշված վարչապետացուի «OK»-ը խփելու՝ լեգիտիմացնելու համար։ Թեկնածու, որն, ինչպես ասացինք, կարողացել էր ԱԺ-ի դիմաց հավաքել հազիվ մի քանի հարյուր մարդ։

Իրականում, սակայն, Քոչարյանը փորձեց լուծել իր քաղաքական խնդիրները՝ չխաղալ Սերժ Սարգսյանի սկսած խաղը նրա սցենարով՝ եթե չի միանում անվստահություն հայտնելուն, ուրեմն «Նիկոլի թելն է թելում»։ Քոչարյանը, կանխատեսելով իմպիչմենտի գործընթացի անխուսափելի ձախողումը և այսուհանդերձ միանալով դրան, փորձեց զրոյացնել երկրորդ նախագահի քաղաքական-քարոզչական դիվիդենդները։ Երկրորդ նախագահը հիմա Սերժ Սարգսյանի սկսած՝ կանխատեսելի ելքով խաղի պատասխանատվությունը թողնելու է վերջինիս վրա՝ ցույց տալով, որ վերջինս (ինչպես 2018-ին) ոչ միայն ծայրահեղ անադեկվատ է՝ չի տիրապետում ՀՀ-ում առկա հանրային տրամադրություններին, այն է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը չունի ժողովրդական անգամ նվազագույն աջակցություն, այլև կեղծ ու ստահոդ էին իրեն ուղղված մեղադրանքները Փաշինյանի թիկունքը պահելու մասով։

Նկատենք, որ լսումներին մասնակցած ՀՀԿ-ականների ելույթներում կարմիր թելով անցնում էր ընդդիմության միավորման, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմության՝ իմպիչմենտի գործընթացին միանալու քարոզչաթեզը։ «Հլը թող ընդդիմությունը իմպիչմենտին միանա, հետո ՔՊ-ի մասին կմտածենք»,- մասնավորապես ազդարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Արմեն Աշոտյանը, ավելի հեռուն գնաց և, ողջունելով «Հայաստան»-ի՝ գործընթացին միանալը, նկատեց. «Տղերք, տպավորություն է ստեղծվել, որ ձեր համաձայնությունը տվել եք մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման։ Մի արեք այդպես, ես հավատացի այն ամենին, ինչ դուք այս ամբիոնից ասացիք, հետո մի հարամեք ձեր իսկ մատուցած մատաղը, որովհետև մատաղը պետք է ընդունելի լինի, ոչ թե հարամվող։

Խնդրում եմ՝ հրահանգեք ձեր քարոզիչներին անջատել թեզը, թե բա տեսաք ինչ եղավ։ Ի՞նչ եղավ որ, Նիկոլին հեռացրի՞նք, թե՞ դուք արդեն փոքր բաներից էնքան եք ուրախանում, որ ձեր տեսակետի փոփոխությունը դարձել է ձեզ համար ուրախության առիթ։ Խնդրում եմ, «Հայաստան» դաշինք, անջատեք ձերոնց էս քարոզչությունը, որն ավելի շատ թույն է, քան պարարտ հող համատեղ աշխատանքի համար։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հեռացնել Նիկոլին»։

Կամենալը դեռ կարենալ չէ, երազելն էլ, ինչպես գիտի մասնագիտությամբ բժիշկ Աշոտյանը, վնաս չէ առողջության համար, սակայն Սերժ Սարգսյանի և նրա թիմի սևեռվածությունը Փաշինյանին նախքան ընտրությունները «տուն ուղարկելու» վրա՝ առնվազն անառողջ է։

Ակնհայտ է, որ երրորդ նախագահը ոչ միայն այս օրակարգը ժամանակ առ ժամանակ վերակենդանացնելով լուծում է իր թիմի պարապ չմնալու հարցը, այլև փորձում է (եթե, իհարկե, Աստված մեծահոգի գտնվի, բախտը ժպտա) ամեն կերպ վրեժխնդիր լինել Նիկոլ Փաշինյանից ճիշտ նույն ձեռագրով, որով վերջինս հեռացվել է 2018-ին՝ ժողովրդական ընդվզման հետևանքով։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ վերընտրվել ընտրությունների՝ ժողովրդի քվեի միջոցով՝ նրան զրկելով «ժողովրդի ընտրյալ»-ի, լեգիտիմի՝ իրեն այդքան խորթ ու իր հետ օրգանապես անհամատեղելի «իմունիտետից»։