15/10/2025

Հայաստանի և Վրաստանի տարբերությունները հուռա հայրենասիրության ֆոնին

Ո՞ր տրամաբանությամբ է Հայաստանը համեմատվում Վրաստանի հետ, որտեղ, իբր, պետությունը ոչ ոք «կոնֆլիկտային չի հռչակվել»: Փաստը, որ պաշտոնական Թբիլիսին ոչ միայն Աբխազիան և Հարավային Օսեթիան օկուպացրած Ռուսաստանի դեմ նույնիսկ քաղաքական դեմարշներից է դիստանցավորվում, հակառակն է ապացուցում:

Բայց Հայաստանի և Վրաստանի միջև համեմատությունն արդարացված չէ ամենից առաջ կոնցեպտուալ առումով: Այո, Վրաստանն ունեցել է և ունի աբխազական և հարավօսեթական հակամարտություններ, բայց դրանք Արցախի հետ առնչություն իսկ չունեն:

Այն պարզ պատճառով, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան ԽՍՀՄ սահմանադրությամբ գտնվել են Վրաստանի կազմում:

Այսինքն՝ այդ հակամարտությունների պատճառով, հետևանքով կամ արդյունքում Վրաստանը ոչ թե միջազգայնորեն այլ երկրի տարածք է կառավարել կամ հովանավորել այդ տարածքում անկախություն հռչակած պետական կազմավորմանը, նրա ժողովրդին, այնտեղ ունեցել զինված ուժեր, այլ կորցրել է սեփական տարածքի ավելի քան քսան տոկոսը:

Երբ իշխանությունն ասում է, որ Հայաստանը չպետք է կոնֆլիկտային երկիր լինի, առաջին հերթին հասկացվում է, որ հայկական անկախ պետությունը հարևան ոչ մի երկրի նկատմամբ տարածքային պահանջ չպետք է ունենա, չպետք է դա ձևակերպի իբրև այժմ կամ որևէ ժամանակ իրացնելի նպատակ:

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանի դաշնակից երկրները չէին կարող սպասարկել Արցախն Ադրբեջանից «ամեն գնով անջատելու» քաղաքականությունը, որ ավելի քան երկու տասնամյակ վարել է Հայաստանը:

Ի դեպ, ինչի համար «Ադրբեջանին պատերազմ հայտարարելու» մեջ այսօր մեղադրվում է Նիկոլ Փաշինյանը: Իսկ Վրաստանը վաղը կարող է «կոնֆլիկտային» պետություն լինել, քանի որ նա սուվերեն տարածքներ է կորցրել:

Այսօր չէ, ինչ-որ մի փուլում միջազգային հանրությունը, գուցե, սատար կանգնի Թբիլիսիին և դիվանագիտական կամ, թերևս, ռազմական ճանապարհով աջակցի տարածքային ամբողջականության վերականգնման նրա ջանքերին կամ առարկայական ձեռնարկումներին:

Թեև սա միայն հիպոթետիկ սցենար է, ոչ ոք Ռուսաստանի հետ առճակատման գնալու ցանկություն չունի և հազիվ թե ունենա երբևէ:

Հայաստանի դեպքում նման աջակցություն չի եղել, այլապես 44-օրյա պատերազմը կամ չէր սկսվի, կամ կկանգնեցվեր առնվազն մեկ շաբաթ հետո: Արցախը վերադարձնելու, իրեն միավորելու հարցում Հայաստանը դաշնակից չի ունենալու նաև վաղը, մյուս օրը:

Ուստի նրա ապագայի մասին ցանկացած հիպոթեզի հիմքում պետք է դնել այս անառարկելի իրողությունը: Հայաստանն, ըստ այդմ, ոչ միայն իր ներուժով չի կարող, այլև չպետք է կոնֆլիկտային պետություն լինի: