ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Վանիկ Օհանյանը, որը մանդատը ստանալուց հետո չէր շտապել ԱԺ, քանի որ ԱՄՆ-ում հանգստանում էր, վերադարձել է եւ ներկա էր այս քառօրյային։
ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին մենք գրել էինք, որ նորաթուխ ՔՊ-ականը մասնավոր այցով ԱՄՆ է մեկնել ու արդարացել, թե նախապես էր գնել տոմսերը, երբ մտքով չէր կարող անցնել, որ պատգամավոր է դառնալու։ Թեպետ նրա կուսակիցները հարցազրույցներ էին տալիս, մասնավորապես Վահագն Ալեքսանյանն ասում էր, թե առողջական խնդիրների պատճառով է բացակայում՝ թերեւս փորձելով քողարկել այն փնթի կառավարման մասին, որն այսօր առկա է Հայաստանում։ Հիշեցնենք, որ նա ստացել է Լոռվա մարզպետ դարձած Արեն Մկրտչյանի թափուր մնացած մանդատը:
Հրապարակ թերթը զրուցել է Վանիկ Օհանյանի հետ։
– Պարոն Օհանյան, ուշացումով` բարի գալուստ խորհրդարան, այդ ի՞նչ կարեւոր գործեր ունեիք, որ առաջին օրերին չեկաք խորհրդարան, չերդվեցիք։
– Ես արտերկրում էի, հարգելի անձնական պատճառներով։
– Հնարավո՞ր չէր հետաձգել Ձեր այցը, խորհրդարանում երդում տայիք` նոր մեկնեիք։
– Ոչ, հնարավոր չէր։
– Չե՞ք կարծում, որ տեղին էին քննադատությունները, որ ինչպես երկիրն է այս իշխանությունը ոչ սրտացավ, մատների արանքով կառավարում, այնպես էլ իշխանական պատգամավորն է իր աշխատանքին վերաբերվում։
– Նայած ովքեր են այդպիսի կարծիք հայտնում։
– Օրինակ՝ ես էլ եմ ասում, որ պետք է գայիք, ժողովրդի առաջ երդվեիք, թիմին էլ վատ դրության մեջ չդնեիք․․․
– Բնականոն ընթացքի դեպքում՝ այո, այդպես պետք է լիներ, բայց քանի որ կար առաջնահերթություն` անձնական բնույթի, եւ հարգելի պատճառ, հնարավոր չէր գալ։
– Ձեր անձնական գործերը, փաստորեն, ավելի առաջնահերթ են, իսկ ինչո՞ւ հարկ չէիք համարել նաեւ Ձեր գործընկերներին տեղեկացնել, որովհետեւ ԱԺ նախագահն այդ օրն անակնկալի եկած՝ Ձեզ էր փնտրում դահլիճում, Ձեր անունը հնչեցրեց, հետո արձանագրեց, որ դահլիճում չեք։
– Անակնկալի ոչ մեկ չի եկել, որովհետեւ տեղեկացված էին։
– Լավ, իսկ ինչո՞ւ որոշեցիք բիզնեսից տեղափոխվել խորհրդարան, Դուք, կարծեմ, Վանաձորում սեփական կլինիկա ունեք։
– Սա առաջին փուլը չէ, ես էլի քաղաքական ճանապարհ եմ անցել, յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր եմ եղել, դրանից հետո՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար եւ քաղաքական թիմի անդամ, քաղաքական ուղղությունը սատարող, դա է եղել պատճառը, որ վերցրել եմ մանդատը։
– Առավել եւս, տեսեք՝ ինչ «համեստ» պատգամավոր եք եղել, որ այս շենքում աննշմար է եղել Ձեր պատգամավորական գործունեությունը, որ Ձեր մասին չեմ էլ հիշում։
– Ըստ երեւույթին, Դուք եք վրիպել։
– Օրինակ, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություն եք հեղինակել անցած փուլում։
– Առողջապահության հանձնաժողովում փորձել եմ մասնակցել օրենսդրական նախաձեռնություններին, բայց կարճ եմ եղել՝ մոտ ութ ամիս։
– Ի դեպ, առողջապահության հանձնաժողովի նախագահ եք ընտրում այսօր, որը հայտարարում է, թե բարձրագույն կրթությունը կարեւոր չէ կառավարման համակարգում, կառավարչական ձիրք է պետք։ Համաձա՞յն եք այս տեսակետին։
– Գիտեք, ես տարբեր տեսակետներ լսեցի այս օրերին, տարբեր դիրքորոշումներ, ես վստահ եմ, որ տիկին Հունանյանն իր աշխատանքը պատշաճ կկազմակերպի, եւ հաջողություն եմ մաղթելու նրան։ Թեկնածուները որ կային, ով ընտրվել է, կարծում եմ, որ վստահելի է։
– Ակնարկում եք, որ վատի եւ վատթարագույնի՞ միջեւ էր ընտրությունը, արդյոք այս իրավիճակը չի՞ արտացոլում ձեր իշխանության դիմագիծը, թե ովքեր են պատասխանատու պաշտոններում հայտնվում։
– Ոչ, ոչ․․․ եկեք արձանագրենք, որ բարձրագույն կրթության պահանջ չկա, մենք ունենք առողջապահության հանձնաժողովի անդամ, որին թիմն ընտրել է։
– Քաղաքական գծի սատարող եք` ասացեք, Դուք է՞լ եք կարծում, որ ձեր թիմը կարող է իրական խաղաղություն հաստատել: Ընդդիմությունն ասում է՝ ընդամենը զինադադար եք կնքել Ալիեւի հետ՝ ծանր զիջումների գնով, որոնց մասին ընտրություններից հետո կլսենք։
– Ընդդիմությունը մինչեւ հիմա ինչ հայտարարություններ որ արել է, դրանք անապացուցելի բաներ են, հակառակը՝ մենք ինչ ասում ենք, փաստարկված է, եւ խաղաղությունը, այո, վստահաբար լինելու է, եւ դա մեր երկրի համար թիվ մեկ առաջնահերթությունն էր։
– Օրինակ՝ փաստարկվա՞ծ էր, որ 21 թվականի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն իր համերկրացի տավուշցիների առջեւ երդվում էր, թե ձեռքս կկտրեմ, բայց մի սանտիմետր Տավուշից չեմ տա: Ի՞նչ երաշխիք, որ մի քանի ամիս խաղաղ չի լինի, հետո ամեն ինչ չեք տա` ինչ ուզեն։
– Եվ չի էլ տրվել Տավուշից։
– Բա այդ տարածքնե՞րը, Դուք է՞լ եք այն մտքին, որ դրանք մերը չէին։
– Որեւէ տարածքի վերաբերյալ փաստարկված տեղեկություն կա՞, որ տրվել է, վարչապետը հայտարարեց ԱԺ ամբիոնից, որ մի միլիմետր չի զիջվել։
– Կիրանցի, հարակից համայնքների բնակիչները կադաստրի վկայականներ ունեին իրենց սեփականությունների վերաբերյալ, փոխհատուցում են ստացել, բա այդ փոխհատուցումն ինչի՞ է տրվել։
– Ես տեղյակ չեմ դրանից։
– Երանի Ձեզ, որ տեղյակ չեք, թե ինչեր են կատարվել մեր երկրում։
– Ես տեղյակ եմ՝ ինչեր են կատարվել, բայց գիտեմ, որ որեւէ միլիմետր չի զիջվել։ Կիրանցից որեւէ միլիմետր չի զիջվել, Կիրանցում ուղղակի սահմանազատում է արվել։
– Մարդկանց ինչո՞ւ են փոխհատուցում տվել։
– Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունից մի կտոր չենք զիջել։
– Կարո՞ղ է ասեք, որ Արցախն էլ չեք զիջել, անցած ընտրություններից առաջ էլ խրոխտ խոստում էիք տալիս Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, ինչպես որ հիմա եք խաղաղությունից խոսում։ Կյանքը ցույց է տվել, որ դուք…
– Կյանքը ցույց տվեց շղթայական պրոցեսների արդյունք, ես հասկանում եմ Ձեր ասածի տրամաբանությունը, բայց դա պետք չէ կապել միանվագ, կարճ ժամանակահատվածի գործողությունների արդյունքի հետ, դա տեւական ժամանակ տեղի ունեցած բանակցային պրոցեսների, բացթողումների արդյունքներն են։
– Հա, նախկիններն են մեղավոր։
– Այո, իհարկե։
– Նախկինների ժամանա՞կ էին Շուշին, Հադրութը, Արցախը տվել․․․
– Կրկնում եմ՝ պրոցեսները ժամանակի ընթացքում են տեղի ունենում, շնորհակալություն․․․


Բաց մի թողեք
ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ Լուսանկար
Աղազարյանին այս անգամ չմերժեցին
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ