Ադրբեջանում անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ վերջին հայտարարություններից եւ դրանք կապում են Մոսկվայի ազդեցության հետ:
Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույցում ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։ Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ Եվգենի Սատանովսկուն խնդրեցինք մեկնաբանել այս լուրերը:
«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ իմաստ չունի հետեւել Փաշինյանի գործունեությանը եւ մեկնաբանել այն, որ Ռուսաստանին առհասարակ հետաքրքիր չեն այսօր Հայաստանն ու Զանգեզուրը:
– Այսինքն, Դուք չե՞ք հետեւում մեր իրադարձություններին:
– Իսկ ինչո՞ւ անդրադառնալ` իմաստ չկա, քանի որ նա մի մարդ է, որը հետաքրքրվում է միայն ինքն իրենով, ինչպես եւ Զելենսկին՝ Ուկրաինայում: Ի՞նչ տարբերություն, թե ով կամ ինչն է նրա վրա ազդել: Իրանը, որը դեմ է Զանգեզուրի միջանցքին, կամ ինչ-որ մեկը Մոսկվայում, ինչի հետ կապված ես խոր կասկածներ ունեմ: Մոսկվայի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է հիմնահատակ: Գուցե վատ երազ է տեսել, ո՞վ գիտի:
– Բայց այն, որ ԵԽԽՎ-ում եւ ՄԱԿ-ում Ալիեւին հակադարձում էր, տարօրինակ էր, նա երբեք Ալիեւին չի հակառակվել, նրա դեմ ելույթ չի ունեցել:
– Չգիտեմ՝ ում դեմ նա դեռ ելույթ չի ունեցել, բայց ինձ թվում է՝ նա հասցրել է բոլորի հետ հարաբերությունները փչացնել: Նրա փորձերը` չդառնալ այն, ինչ ինքը հանդիսանում է, բավականին զվարճալի են եւ քիչ համոզիչ: Ամեն դեպքում, մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Կկորցնի Հայաստանը դրա արդյունքում Սյունիքը, թե կմնա ներկայիս սահմաններում, թե իր ղեկավարության քաղաքականության հետեւանքով կվերածվի Թուրքիայի վիլայեթի, ես չգիտեմ, բայց, դատելով այն ամենից, ինչ ասվել ու արվել է պարոն Փաշինյանի կողմից նրա` իշխանության ղեկին լինելու ընթացքում, ոչինչ չի կարելի բացառել:
– Զանգեզուրի միջանցքը լինելո՞ւ է:
– Որ Զանգեզուրի միջանցքն աշխատելու է, կասկածից վեր է՝ կլինի դա Հայաստանի համաձայնությամբ, թե առանց դրա, Իրանի համաձայնությամբ, թե առանց դրա: Առավել եւս, որ հերթական մեծ ռազմական գործողությունն Իրանի դեմ սարերի հետեւում չէ, եւ ամերիկացիները լրջորեն պատրաստ են այն նախաձեռնել: Զանգեզուրի միջանցքի թեման ե՛ւ Իրանի, ե՛ւ Չինաստանի, ե՛ւ Հնդկաստանի, ե՛ւ Պակիստանի շահն է, որը պատահական չէր մասնակցում Ադրբեջանի տարածքում անցկացված զորավարժություններին, թուրքերի, Ղազախստանի, Ուզբեկստանի «սպեցնազների» հետ միասին եւ, ինչը շատ կարեւոր է` նաեւ Կատարի «սպեցնազի» հետ՝ փոքր, լավ պատրաստված, որն այնպիսի փողի պարկի վրա է նստած, ինչպիսին չունեն բոլոր մյուսները միասին: Այս իմաստով Ռուսաստանը շրջանցող եվրասիական առեւտրային ուղին բոլորին է պետք, քանի որ Չինաստանի տրանզիտը Եվրոպա Ռուսաստանով փաստացի արգելափակված է Ուկրաինայի շուրջ հարաբերությունների զարգացմամբ եւ ոչ միայն Ուկրաինայի շուրջ: Այս հավասարման մեջ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում ու չի նստելու, եւ թե ինչ է ասում Փաշինյանը՝ առավել եւս:
– Միջանցքի հարցում Ռուսաստանի վերաբերմունքն անհասկանալի է, նեյտրա՞լ է:
– Ես դրանից տեղյակ չեմ: Այսօրվա դրությամբ Սիրիան եւ Անդրկովկասը տանուլ են տված թուրքերին կամ թուրքերի ալյանսին, այդ նույն՝ ՆԱՏՕ-ի բլոկին, առավելապես՝ անգլիացիներին: Միջին Ասիան եւ Ղազախստանը թրքացվում են սրընթաց տեմպով, եւ ես չգիտեմ ինչ պատասխանեմ Ձեր հարցին:
– Ստացվում է, որ Ռուսաստանը ձեռքերը լվացե՞լ է Հայաստանից, Սյունիքի միջանցքից:
– Ես չգիտեմ: Ռուսաստանը մինչեւ կոկորդը զբաղված է Ուկրաինայում ծավալվող մեծ պատերազմով: Մեզ մոտ, իմիջիայլոց, ամեն օր քաղաքներ ու գյուղեր են ռմբակոծվում, ամեն օր մեր երկրի ամբողջ տարածքով ահաբեկչական գործողություններ են ծավալվում, եւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ՌԴ բնակչության մեծամասնության համար սայլակի տասներորդ անիվն է, ի տարբերություն այն հարցի, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ռուսաստանի ղեկավարությունը գրավել Կիեւն ու Օդեսան եւ իդեալում` նաեւ Լվովը, թե՝ ոչ: Ինչպես նաեւ այն մեծ համաեվրոպական պատերազմով, եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ եւ նրանց դաշնակիցների հետ, որը շուտով` մի երկու տարուց սպասվում է: Եվ Ռուսաստանում ո՞ւմ է լրջորեն հետաքրքրում «Զանգեզուրի միջանցքը»: Մենք ո՞ւմ ունենք ի դեմս Փաշինյանի` դաշնակցի՞:
– Ի դեմս հայ ժողովրդի՝ այո:
– Հայ ժողովուրդը ոչ մի դեր չի խաղում: Հայ ժողովուրդը հերթական անգամ ընտրեց Փաշինյանին, որի ծրագրի հիմքը, բացի բլբլոցից, Լեռնային Ղարաբաղից ազատվելն էր: Հայ ժողովուրդը, ինչպես Հայաստանում, այդպես էլ սփյուռքում փող չհավաքեց՝ Ղարաբաղի համար ԱԹՍ-ներ գնելու նպատակով, այն դեպքում, երբ Հայաստանի ռազմական ղեկավարությանը դրա համար անհրաժեշտ բոլոր կոնտակտները տրվել էին, եւ, որքան ես գիտեմ, նույնիսկ պայմանագրերն էին արդեն պատրաստ եւ ստորագրված, բայց ոչ ոք այդ պայմանագրերով ոչ մի կոպեկ վճարում չարեց: Հայ ժողովուրդը, որը հազարամյակների ընթացքում հայտնի է իր քաջությամբ, ռազմական ընդունակություններով, զորավարներով, ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում չգտավ բավականաչափ կամավորներ, որ գնան ու կռվեն ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, դուք ի՞նչ եք հիմա ասում: Մոռացեք «ժողովուրդ» բառը: Այն լավ է քարոզչության համար, բայց առայժմ Ղարաբաղի հանձնումը ցույց տվեց, որ ավելի հեշտ է վազվզել Երեւանի փողոցներով ու ցույցեր անել, քան գնալ ռազմաճակատ: Սա սկզբունքորեն տարբերվում է այն իրավիճակից, որը կա Իսրայելում, երբ ԱՄՆ-ից, Եվրոպայից Գազայի պատերազմին մասնակցելու համար արձակուրդից վերադառնում էին իսրայելցիներ, որոնք այդ երկրներում աշխատում էին պայմանագրով, ես այդպիսի մարդկանց ճանաչում եմ: Իսրայելի ղեկավարությունն ուղարկեց իր քաղաքացիներին կռվի, եւ նրանց մի մասը զոհվեց: Քանի որ ես գիտեմ, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում խաղաղարար օպերացիայի ժամանակ, ես դա գիտեմ ոչ թե լսելով, այլ՝ անձամբ, ու գիտեմ, թե այդ պահին ինչ էր կատարվում Երեւանում, Բաքվում, եւ Ռուսաստանի դերը, նաեւ պաշտոնական Երեւանի դերը այն է՝ տապալել ինչ հնարավոր է, եւ դրանից հետո Փաշինյանը մնաց իշխանության, եւ նրան վերընտրեցին:
– Ասում եք՝ Ռուսաստանն իր հարցերով, Ուկրաինայով է զբաղված, բայց Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները, որտեղ հաղթեց պրոեվրոպական կուսակցությունը, նրան հետաքրքրում էին, չկա՞ր Ռուսաստանի ճնշումը, ազդեցությունն այնտեղ:
– Ես չեմ զբաղվում հետխորհրդային երկրներով եւ չեմ հանդիսանում ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կամ՝ Աստված բեթարից ազատի՝ մեր արտգործնախարարության եւ սուրճի բաժակ նայել չեմ պատրաստվում:
– Որովհետեւ մեզ մոտ էլ են 8 ամսից խորհրդարանական ընտրություններ լինելու, եւ ինձ հետաքրքիր է Ռուսաստանի դերը` ի՞նչ սպասել Ռուսաստանից:
– Ռուսաստանի դերը պարզ է: Պուտինը չի հեռացնում իշխանությունից նույնիսկ Ռուսաստանի բացահայտ հակառակորդներին, Պուտինը չի հեռացնում իշխանությունից կատեգորիկ ոչ մեկին: Սա նրա կրեդոն է: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես: Ես գտնում եմ, որ դա մեծագույն սխալ է, որը չի եղել ո՛չ ցարական Ռուսաստանում, ո՛չ խորհրդային տարիներին: Բայց քանի դեռ դա այդպես է, ապա այն ամենը, ինչ կկատարվի Հայաստանի հետ, նրա ձեռքի գործն է լինելու եւ նրա բնակիչների ձեռքի գործը, եւ բողոքել կամ մեղադրել՝ ոչ մեկին հնարավոր չի լինելու: Փաշինյանին ընտրել են հայերը, նաեւ վերընտրել են, եւ այն ամենը, ինչ կլինի Հայաստանում ընտրությունների ժամանակ, վերաբերում է միմիայն հայ ընտրողին: Իսկ կանխատեսել, թե ինչ կլինի, ես պատրաստ չեմ:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է