Սանկտ-Պետերբուրգում հանդիպել են Կասպյան ավազանի երկրների ռազմա-ծովային ուժերի հրամանատարները։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովստին՝ հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրությանը։
Իր հերթին իրանական IRNA-ն տեղեկագրում է, որ այդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգ է ժամանել Իսլամական հանրապետության ԶՈՒ ռազմա-ծովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։
Նախատեսված է, որ նա առանձին քննարկումներ կունենա Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերի հրամանատարների հետ, ինչպես նաև կայցելի «Ֆիննական ծոցի մի քանի ռազմա-ծովային հենակայաններ»։
Բաքվի պաշտոնական աղբյուրները եւ մամուլը Սանկտ-Պետերբուրգի այդ միջոցառման մասին ոչինչ չեն հաղորդում։ Չնայած Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական և այլ կապերի հետևողական խորացմանը, ալիևյան քարոզչությունը շարունակում է տպավորություն թողնել, որ ռուս-ադրբեջանական «հարաբերությունները ճգնաժամային են»։
Օգոստոսին Ադրբեջանը Կասպից ավազանում ռազմա-ծովային ուժերի երկու զորավարժություն է անցկացրել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել ռուս-իրանական զորավարժություններ։ Փորձագիտական կարծիք կար, որ Բաքուն «Ռուսաստանից անակնկալների է սպասում»։
Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենում Կասպյան ավազանի հինգ պետությունների ռազմա-ծովային ուժերի հրամանատարների հանդիպում, իսկ դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինին հաջողվել է հասնել նրան, որպեսզի բոլորն ընդունեն, որ Կասպիցի ջրերում «արտատարածաշրջանային երկրների ռազմական ներկայություն չի կարող լինել»։
Ուշագրավ է, որ Ռուսաստանը Կասպյան երկրների ռազմա-ծովային ուժերի հրամանատարներին Սանկտ-Պետերբուրգ է հրավիրել նույն օրը, երբ Գաբալայում մեկնարկում է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։
Կասպյան երկրներից Ղազախստանը և Ադրբեջանը ԹՊԿ անդամ են։ Եվ եթե Կասպից ավազանի ռազմականացման հարցում «ժամացույցները ճշտում են» Մոսկվայի հետ, պետք է ենթադրել, որ մյուս բոլոր ծրագրավորումները նույնպես շարունակում են պահել Պուտինի «ուղեծրում»։ Ռուսաստան-թուրքական աշխարհ կոալիցիա հնարավո՞ր է։
Բաց մի թողեք
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Ինչպե՞ս է Էրդողանը մարսելու նոր «սուր մանանեխը»