15/10/2025

«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսում՝ Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ զրույցի ժամանակ կատակել է, որ վերջինս պետք է թողնի ծխելը։

Զրույցի կադրերը հրապարակել է թուրքական İhlas (İHA) գործակալությունը։

Մելոնին սեղմել է Էրդողանի ձեռքը և նշել, որ իրենց ինքնաթիռները վայրէջք են կատարել գրեթե միաժամանակ։ Ի պատասխան՝ թուրք առաջնորդը հայտարարել է, որ իտալացի քաղաքական գործիչը հիանալի տեսք ունի, ապա ավելացրել. «Բայց ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»։

Մելոնին ի պատասխան ծիծաղել է՝ համաձայնելով թուրք առաջնորդի խոսքերին։ «Ես չեմ ուզում մեկին սպանել»,- հավելել է նա։

Երկու առաջնորդներն էլ ժամանել էին Շարմ էլ-Շեյխ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի ավարտի կապակցությամբ կայանալիք խաղաղության գագաթնաժողովին։ Հատկանշական է, որ Էրդողանի ինքնաթիռը անմիջապես վայրէջք չի կատարել։ Նա և Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանին պատրաստվում էին հրաժարվել միջոցառմանը մասնակցելուց, եթե այնտեղ ժամաներ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Սակայն Նեթանյահուն Եգիպտոս չի մեկնել։