14/10/2025

Ովքեր պատերազմ են պարտվել՝ պիտի գնան, և ովքեր ներհասարակական կյանքում բարիկադներ են ստեղծել

Մարտահրավերները, որոնք այսօր սպառնում են Հայաստանին, այն մասին են, որ նրանք, ովքեր պատերազմ են պարտվել, պիտի գնան, պետք է հեռանան նաեւ նրանք, ովքեր Հայաստանի ներհասարակական կյանքում բարիկադներ են ստեղծել։

Իշխանություն չպիտի լինեն նաեւ նրանք, ովքեր երկրի փրկությունը պաշտպանական ծախսերի կրճատ­մամբ են պատկերացնում:

Բայց այդ մարտահրավերները, բացի նրանից, որ «պարտվածների» հեռանալու, այն նաեւ արցախյան առաջին պատերազմը ճիշտ պահին չկանգնեցնողների ու մեր հաղթանակը կիսատ թողնողների, արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական Հայաստանը քանդողների, երկրի դիմադրողականությունը մեծացնելու փոխարեն նրան էժան հայրենասիրությամբ ու ցուցադրական բարեգործությամբ խաբողների չվերադառնալու մասին է:

Սակայն նրանից, որ երկիրն այսպես կառավարողները պիտի գնան, եւ նրանից, որ երկրում այսպիսի կառավարումը հնարավոր դարձնողները պիտի չգան, այ, հենց դրանից էլ ավելի կարեւորը «եկողների» ով լինելն է:

Ավելի կարեւորը դա է, որովհետեւ նրանց ով լինելուց է կախված այն, թե հատկապես ինչի համար է պետք իրենց եւ ոչ թե ուրիշների գալը:

Այս իմաստով, ինչպես մեզ է թվում, նոր եկողները պետք է գան, որպեսզի արդյունաբերական եւ գիտաարտադրական Հայաստանը վերականգնվի, որպեսզի մեր բանակի ու ռազմարդյունաբերության կառուցվածքն այնպես վերափոխվի, որ մեր բանակը 21-րդ դարի բանակ դառնալն ու մեր ռազմարդյունաբերության կողմից նրա սպառազինվելը համընթաց ու սահուն ընթանան, որպեսզի երկրի խաղաղությունը կարմիր գծեր ունենա, որպեսզի այս երկրում խաղաղությունն ու հայկականությունը երբեք չհակադրվեն:

Նրանք՝ այդ նոր եկողները պիտի գան, որպեսզի իրենց հետ բերեն նրանց, ովքեր լավ գիտեն, որ այս պետության փրկությունն այնքան, ինչքան պատերազմով, նույնքան էլ թշնամուն հանձնվելով չի լինում: Պիտի գան, որպեսզի Հայ առաքելական եկեղեցուն այս երկրում երբեք որպես թշնամի չվերաբերվեն, որպեսզի հայ ընտանիքն ու մեր մյուս արժեքները ժամանակավրեպ չհամարվեն, որպեսզի հայոց լեզուն ու նրա անաղարտությունը մանկապարտեզից ու դպրոցից պաշտպանված լինեն, որպեսզի այս երկրում բարիկադները վերանան, որպեսզի համահայկական միջավայրը ոչ թե անձնական ամբիցիաների պատճառով պառակտվի, այլ լավ հայրենիք ու հզոր պետություն ունենալու գաղափարով ու տեսլականով միավորվի:

Այո, այդ «նորերը» պիտի գան, որպեսզի իրենց հետ բերեն նրանց, ովքեր Հայաստանի ներհասարակական կյանքը չեն բարիկադավորի, ովքեր Հայաստանի արդյունաբերականացման ու ռազմականացման դեմ չեն աշխատի, ովքեր կհավատան սոցիալապես պաշտպանված Հայաստանի տեսլականին, ովքեր կիմանան ու վստահ կլինեն, որ բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում մշակույթն ու գիտությունը գնահատվել են ոչ թե իրենց «ժամանակակից» լինելով, այլ իրենց ազգային դեմքով ու պետությանը մատուցած ծառայությամբ:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ