08/11/2025

Ղրիմում «թուրքական ընդհատա՞կ է գործում», արգելված գրականություն է առգրավվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը հաղորդագրություն է տարածել Ղրիմում «կանանց ահաբեկչական բջիջ բացահայտելու» մասին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԱԴԾ-ն հայտնել է, որ «թերակղզու տարածքում ահաբեկչական կառույցի անդամները Ղրիմի մուսուլմանների շրջանում քարոզչություն են տարել այսպես կոչված «համաշխարհային խալիֆաթ» ստեղծելու մասին և իրենց հանդիպումների ընթացքում նոր կողմնակիցներ են հավաքագրել իրենց շարքերում»:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԴԾ-ն բացահայտել և ձերբակալել է չորս անձի, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:

ԱԴԾ տարածած հաղորդագրությամբ «կանանց ահաբեկչական բջիի» ստեղծման և գործունեության ծավալման վայրը չի տեղորոշվում, չի մանրամասնվում, թե ձերբակալվածները եւս քանի՞ անձի են հավաքագրել իրենց շարքերում:

Ուշագրավ է, որ, ի տարբերություն Ղրիմում հանցագործությունների կանխման մասին այլ տեղեկությունների, այս դեպքում չի ասվում, որ «կանանց ահաբեկչական բջիջը գործել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ»:

Միաժամանակ ոչ մի խոսք չկա նաև «ղրիմյան մուսուլմանների ահաբեկչական բջիջի» և օտարերկրյա ծայրահեղ իսլամական որևէ կառույցի համագործակցության մասին: Այդուհանդերձ, ԱԴԾ-ն հայտնում է, որ ձերբակալվածներից «առգրավվել է ՌԴ տարածքում արգելված գրականություն»:

Ո՞ր երկրում է հրատարակվել այդ «գրականությունը» և ի՞նչ ճանապարհով հասել Ղրիմ, ԱԴԾ-ն մանրամասնություններ չի հայտնում: Ղրիմի «արմատական թաթար բնակչության օրինական շահերի պաշտպանության» մասին մշտապես խոսում է Թուրքիան, ընդ որում՝ նախագահ Էրդողանի մակարդակով:

Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիան հրապարակային կապեր ունի Կիևում գործող «Ղրիմի թաթարների համագումար» քաղաքական կառույցի հետ: Վերջինս, հավանաբար, որոշակի շփումներ ունի Ղրիմում ապրող թաթարների հետ:

Բացառված չէ, որ «ղրիմյան մուսուլմանների ահաբեկչական բջիջը» գործել է թուրքական կողմի նախաձեռնությամբ և ուղղորդմամբ: Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի օկուպացիան: