19/10/2025

Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագաhությամբ, 2021թ․ հունիսի 11-ին սկսվել է Գագիկ Գրիգորյանի եւ Լիլիկ Այդինյանի դատավարությունը։

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ․ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնական անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ 2013թ․ հունվարի 1-ից մինչեւ 2015թ․ օգոստոսի 31-ը, ապա 2016թ․ հունիսի 24-ից մինչեւ 2018թ․ մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջեւանի պահպանության բաժնի արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափով՝ 117 միլիոն 13 հազար 352 ՀՀ դրամը։

Ըստ մեղադրանքի՝ բացի այդ, Գ․ Գրիգորյանը Լ. Այդինյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ, 2015թ․ օգոստոսի 31-ից մինչեւ 2016թ․ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել է 38 միլիոն 787 հազար 480 ՀՀ դրամ։ Լ․ Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի հաշվապահ, 2013թ․ հունվարի 1-ից մինչեւ 2015թ․ օգոստոսի 31-ը, ապա 2016թ․ հունիսի 24-ից մինչեւ 2018թ․ մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժնի պետ Գ․ Գրիգորյանի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջեւանի պահպանության բաժնի արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափով՝ 117 միլիոն 13 հազար 352 ՀՀ դրամ գումարի յուրացմանը։ Բացի այդ, Լ․ Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Դիլիջանի պահպանության բաժնի հաշվապահի պարտականությունները, 2017թ․ մայիսի 19-ից մինչեւ հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժնի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժնի բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոն 246 հազար 628 ՀՀ դրամի յուրացմանը։ Գ․ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), (2 դրվագ), Լ. Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2022թ․ օգոստոսի 30-ին դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է, որ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ ՔՕ 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այսինքն`գործն ընդդատյա է հակակոռուպցիոն դատարանին, տվյալ գործով դեռեւս անցում չի կատարվել դատաքննության փուլ, հետեւաբար, այն ենթակա է վերաբաշխման Հակակոռուպցիոն դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորներին: Դատավորը որոշել է քրեական գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան` ըստ ընդդատության: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2022թ․ սեպտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը որոշել է գործն ընդունել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, դատական նիստ է նշանակել 2022 թ․ սեպտեմբերի 20-ին, Հակակոռուպցիոն դատարանի Ճամբարակ նստավայրում, դռնբաց դատական նիստում։ Ավելի քան 3 տարի այդ գործով Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստեր են կայանում, վերջին նիստը նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։