25/10/2025

Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը․ Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Նա հայկական թատրոնի հենասյուներից մեկն է, ով իր կյանքի 84 տարիների ընթացքում ահռելի ժառանգություն է թողել:

Անկեղծ բնութագիր եմ ուզում թողնել այստեղ, մեծ վարպետի հետ հանդիպումներից, հոգիս փառավորվելուց մինչև ․․․ ներեցեք, նաև մի փոքրիկ հիասթափություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։

Փոքրուց, երբ երազում էի դերասան դառնալ հետևում էի Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և Սոս Սարգսյանի յուրաքանչյուր խոսքին՝ ամսագրերում կլիներ, թե թերթերում, հեռուստատեսությամբ։ Թերևս Սոս Արտաշեսի հանդեպ ավելի շատ, որովհետև ազգանուններս նույնն է։ Ֆիլմերից զատ առաջին ներկայացումը Սանիտայի թաղապետն էր, գուցե դրանից առաջ եղել է բայց չի տպավորվել, այդուհետ բոլոր ներկայացումներն եմ տեսել նրա մասնակցությամբ։

Սիրածս երեք դերասանները նաև ինչ որ առումով թերևս մրցակցում էին նաև։ Մի դրվագ, դիպված կա հիշողություններումս, որ անէանալու պահ էր, երբ անգերազանցելի Խորեն Աբրահամյանի թաղման ժամանակ Սոս Սարգսյանը դեմ-դիմաց կանգնած մի խոսք ասաց, որ երևի հուումի պահին այնպիսի զգացողություն ունեի, որ հողը չէի զգում ոտքերիս տակ, ասաց․ Խորեն, դու քո այս դերով էլ գերազանցեցիր ինձ ․․․

Սոս Սարգսյան վարպետի հետ նաև ճանապարհորդել եմ Թբիլիսի, Լոռի ու մի բան նկատել, երբ ճանապարհին հայացքով թերթում էր ճամփեզրին մրգեր վաճառողներին ու ամեն անգամ հայացքը փոխվում էր, մի ամբողջ վավերագրական ֆիլմ կարելի էր նկարել միայն այդ հայացքները տեսագրելով, եթե խելք ունենայի ժամանակին։ Իսկ մի անգամ մեքենան կանգնեցրեց, իջավ, մի չամիչ տատիկ խնձորներ էլի մրգեր էր վաճառում Ալավերդի – Վանաձոր ճանապարհի վրա, որպիսություն հարցրեց, շոյեց, դեմքը մեթ փայլկում էր ժպիտով, մերթ կարծես մռայլվում, առանց գին հարցնելու՝ հրահանգեց ամբողջը բեռնել մեքենան, վերջում մի կլորիկ գումար տվեց տատիկին, նա էլ թե սա շա՜տ ա, էս ինչ եք անում, ասաց՝ ես այսքան եմ գնահատում, ու շարունակեցինք ճանապարհը։ Ի տարբերություն մինչ կանգառի զրույցների, երկար ժամանակ լուռ էր վարպետը։

Երբ մարդկային ողբերգությւոն էի ապրում Խորեն Աբրահամյանի մահվան ժամանակ, Սոս սարգսյանի թաղմանը չգնացի, ներեցեք, իհարկե շատ ափսոսում եմ, բայց պատճառը մի վատ դիպված էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում, իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահականում ընդունել էր մտավորականներին, իսկ Հ1-ն ընտրել էր Սոս Աչտաշեսի հենց այդ չարաբաստիկ խոսը, թե այն աղբը, որ հավաքվել է Ազատության հրապարակում, ինչը պարզապես շանթահարեց ինձ ու մեծ հիասթափություն պատճառեց, ներեցեք։

Այսպիսին է կյանքը՝ գուցե ․․․ Ամեն դեպքում՝ Սոս սարգսյանը մեծ դերասան է, իսկական վարպետ, ինչպես երեկ, այսօր, համոզված եմ՝ այնպես էլ վաղը հանրությունը վայելելու է նրա դերակատարմամբ ֆիլմերն ու ներկայացումներից տեսագրությունները ու փառավորվելու է հոգին։

Ահա և նրա հրաշալի մտքերից․

Կյանքում ոչ անհետ ու անհետևանք չի անցնում։ Եթե մի օր մի տեղ մի ծառ ես տնկել, տարիներ հետո դու էլ չէ, ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բուռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։ Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում: Ամեն մարդ աշխարհ է գալիս իր ծառը տնկելու, իր ծառի ճյուղը կտրողի ձեռքը բռնելու, իրենով տիեզերական հավասարկշռությունը պահպանելու։ Ամեն մարդ աշխարհ է գալիս՝ իր հոգու կանչի հետևից գնալու։ Հոգու կանչ ասել է կոչում։ Ո՞րն է քո կոչումը, քո էության ձայնը, որին լսել պիտի սովորես…

Դեռ մեզ համար չէ կուշտի կյանքը, և չենք հաշտվելու մեր սեփական թերությունների հետ։ Մենք մեր մեջ, ուրիշից թաքուն, ախտորոշել ենք մեր տկարությունները, պայմանով, որ ինչ սպեղանի էլ գտնեն, նրա հիմնամասերը լինելու են քրտինքն ու համբերությունը:

Մեր հարևանները դարձել են մեր ճակատագիրը․ թույլ ենք տվել որ դառնան։ Ճակատագիրը ամեն դարում մեզ ձևավորել է յուրովի և նորանոր խնդիրներ է դրել մեր առաջ և միշտ նույն սրությամբ՝ լինել, թե չլինել․․․

Ճակատագիրն անտերություն չի սիրում, անտեր թողեցիր՝ քեզ կանտերացնի:

Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը՝ ամենաբութը, կրկնում ենք հավիտյան․ աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում, աղերսելով․․․

«Որտեղ հաց, էնտեղ կաց» … Տխուր է, բայց օտարության մեջ ենք ապրել, Հայրենիքում՝ օտարի օրենքով։ Այսպես բացատրենք․ Հայրենիքի տերը չենք եղել, մերը չի եղել, հազար հնարքով խույս ենք տվել պետական օրենքներից ու այսպես աննկատ փչացել ենք որպես քաղաքացի:

Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը: