25/10/2025

Մերձավոր Արևելքի «միավորումը» միջազգային քաղաքականության «կոդեր» է փոխում

Time-ի պարբերականի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հորդանանի արևմտյան ափի տարածքների, կամ ինչպես Իսրայելում են անվանում՝ Հուդեայի և Սամարիայի նկատմամբ իսրայելական իրավազորություն հաստատելու մասին Քնեսեթում նախօրեին կայացած քվեարկությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Դա տեղի չի ունենա, ես արաբական երկրներին խոսք եմ տվել»:

Ուշագրավ է, որ իսրայելցի խորհրդարանականներն այդ քվեարկությունը նախաձեռնել և իրականացրել են, երբ Իսրայելու է գտնվել Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը: Նա այդ ակցիան անվանել է «քաղաքական հիմար բեմադրություն» և իրեն «հասցված անձնական վիրավորանք»:

Իշխող «Լիկուդ» կուսակցության պատգամավորները կամ չեն մասնակցել քվեարկությանը կամ դեմ են արտահայտվել, բացառությամբ Յուլի Էդելշտեյնից, որ նույն օրը հեռացվել է խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի կազմից:

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ փոխնախագահ Վենսի մեկնումից երեք ժամ հետո Իսրայել է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է գլխավոր Մերձավոր Արևելքում «Խաղաղության խորհուրդը», քանի որ շահագրգռված է «տարածաշրջանի միավորմամբ»:

Թրամփը փաստացի Իսրայելին փորձում է վերադարձնել 1967թ. սահմաններին, թեև ինքն է նախագահության առաջին շրջանում Երուսաղեմը ճանաչել հրեական պետության «միասնական մայրաքաղաք», ինչպես նաև՝ Գոլանի բարձունքների նկատմամբ նրա իրավազորությունը:

Time-ին Թրամփի հարցազրույցի «բանալի միտքը» մեկն է. «Ես արաբական երկրներին խոսք եմ տվել, որ Իսրայելը չի գրավի Հորդանանի արևմտյան ափի տարածքները և Գազան»: Նախագահական ընտրություններում Թրամփի շտաբը մեծ աջակցություն է ստացել ԱՄՆ արաբական շրջանակներից, որտեղ քիչ չեն մեծահարուստները:

ԱՄՆ նախագահն արտասահմանյան առաջին ուղևորությունը կատարել է Պարսից ծոցի արաբական միապետություններ և կնքել բազմամիլիարդ ներդրումների և առևտրատնտեսական բնույթի համաձայնագրեր: Թրամփն ասել է, որ Իսրայելը չի կարող «կռվել ամբողջ աշխարհի հետ», քանի որ Երկիր մոլորակի վրա «աննշան տեղ է զբաղեցնում»:

Կարելի է վարկածել, որ դա «իրավիճակային դիրքորոշում է», ԱՄՆ նախագահը պարզապես ձգտում է շահել արաբական աշխարհի գործընկերությունը: Բայց մյուս կողմից նա պնդում է, որ Իսրայելը պետք է հարաբերությունները կարգավորի Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս ազդեցիկ երկրների հետ:

«Ոչ ոքի չի հաջողվել միավորել Մերձավոր Արևելքը, բայց մենք առաջիկա վեց ամիսներին դրան շատ մոտ կլինենք»,- ասել է Թրամփը: Ըստ նրա, միակ ապակառուցողական ուժը «ՀԱՄԱՍ-ն է, բայց այն մարգինալացել է»:

ԱՄՆ նախագահի լավատեսությունը չափազանցված է թվում: Մերձավոր Արևելքի «միավորումը» միջազգային քաղաքականության «կոդեր» է փոխում: Ուժային մյուս կենտրոնները կընդունե՞ն Թրամփի «խաղաղ նախագահությունը»: