25/10/2025

Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն իջեցնել «զրոյական մակարդակի»

ԱՄՆ Սենատի արտաքին միջազգային հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել օրենսդրական միանգամից երեք նախաձեռնությունների, որ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ:

«Կոմերսանտը», հղում անելով Սենատի կոմիտեի տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ առաջին նախաձեռնության հեղինակը դեմոկրատ սենատոր Ջին Շահինն է: Այն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է նկատի ունենալ Ուկրաինայի խաղաղ բնակչության սպանությունները, ուկրաինացի երեխաների առևանգումները և ՌԴ-ն պաշտոնապես ճանաչել «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:

Մյուս երկու նախաձեռնություններից մեկը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը հովանավորող չինական ընկերությունների դեմ, մյուսը ֆինանսների նախարարությանը հորդորում է իննսուն օրը մեկ Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ում սառեցված ռուսաստանյան դրամական միջոցները:

Անշուշտ, միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանն արժանացած նախաձեռնությունները հենց վաղը Սենատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվելու և չեն ընդունվելու, պարտադիր իրավական ուժ չեն ստանալու:

Ակնհայտ է, որ Սպիտակ տունը և անձամբ նախագահ Թրամփը «սեղմում են» Ռուսաստանի նախագահին, որպեսզի վերջինս հաշվի առնի Ուկրաինայում հրադադարի հաստատման ամերիկյան առաջարկությունը վերջնականապես մերժելու առարկայական հետևանքները:

Այս առումով «Կոմերսանտն» իր տարածած տեղեկատվությանը չափազանց ենթատեքստային «հետգրություն է արել, առայսօր Միացյալ Նահանգները պաշտոնապես «ահաբեկչությանը սատարող» է ճանաչել Իրանին, Կուբային, Հյուսիսային Կորեային և Սիրիային:

Թրամփի դիվանագիտական ազդակը պարզորոշ է. Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն իջեցնել «զրոյական մակարդակի», եթե Վլադիմիր Պուտինը շարունակի պնդել ուկրաինական կարգավորման իր տարբերակը:

Ի դեպ, նույն օրը Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, իսկ Սպիտակ տունն՝ անոնսավորել նախագահ Թրամփի ասիական շրջայցը:

Այդ ընթացքում, ինչպես տեղյակ աղբյուրներն են ենթադրում Կորեական թերակղզու «ապառազմականացված գոտում նա կարող է հանդիպել» Հյուսիսային Կորեայի առաջնորդ «ընկեր Կիմի» հետ:

Մինչ այդ Թրամփը Սեուլում բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: