25/10/2025

Ես կարծում եմ, որ այդ կինը Մանկավարժականն ուղղակի կքանդի․ Աշոտ Ղուկասյան

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին նշանակել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Հրապարակ թերթը գրել է․ Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու եւ կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գեւորգյանի եւ պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը եւ գրավը։

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության անվան տակ հանդես եկող ավտորիտար ռեժիմը որեւէ պատահական անձի նման բարձր պաշտոնի չէր նշանակի: Անգամ բուհերի դեկաններին են զննում խոշորացույցերի տակ, որ հանկարծ մի ընդդիմադիր տեսակետ չհայտնեն, իշխանությանը քննադատող գրառում չանեն եւ այլն, ուր մնաց՝ Մանկավարժականի ռեկտոր նշանակվեր պատահական մեկը, եւ պարզ է, որ այս փուլում իշխանական մեկն է նշանակվել Մանկավարժականի ռեկտորի ԺՊ:

Ուսումնասիրելով Լիլիթ Մկրտչյանի կենսագրությունը՝ պարզեցինք, որ նա ոչ վաղ անցյալում` 2020-ին, բավականին լուրջ սկանդալների մեջ է հայտնվել: Եթե Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտորին մեղադրում էին ԱՄՆ-ում հագուստի գողության մեջ, ապա տիկին Մկրտչյանին` թրքամետության եւ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու: Նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհն «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» էր անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ:

Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել է. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացներն իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:

Այս աղմուկից հետո Մկրտչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ պնդել, որ չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի, այլ մասնակցել է ծրագրի, որին նաեւ թուրք մասնագետներ են ներգրավված եղել:

Ըստ մասնագետների, Լիլիթ Մկրտչյանն իրականում համագործակցել է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր ստորագրությունն է դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որն այդ աշխատության հեղինակներից է, այժմ չորս դպրոցական առարկայի գծով փորձագիտական թիմի ղեկավար է:

Անդրադառնալով այդ աշխատության մեջ Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս ներկայացնելուն՝ Մկրտչյանն ասել էր, որ դա ոչ թե հակահայկական, այլ գիտական երեւույթ է: «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք, որովհետեւ հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- նշել է նա ու հավելել, թե այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, եւ կիրառության մեջ մտնի «Հայկական լեռնաշխարհ» տերմինաբանությունը, ոչ թե «Անատոլիա»-ն:

Պատմության դասագրքերի հեղինակ, պատմաբան Աշոտ Ղուկասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Լիլիթ Մկրտչյանի գործունեությանն ու մոտեցումներին, ասաց. «Ցավոք, ես նրան լավ եմ ճանաչում: Շատ վատ կարծիք ունեմ նրա մասին: Նա այն մասնագետներից է, որը Թուրքիայում քննարկումներ ու ծրագրեր է մշակել: Դա այն կինն է, որի հետ ԿԶՆԱԿ-ում մեկ տարի աշխատեցի եւ հեռացա, չդիմացա…. ահավոր սորոսական, հակազգային, էությամբ հայի թշնամի տեսակ է:

Ի՞նչ ասես նրա մասին ուրիշ: Սորոսական փողերով սնված, սորոսական գաղափարներով ապրող կին է, որն ուղարկվել է կրթական համակարգը քանդելու: Արեւմտյան Հայաստանը ներկայացնում է Արեւելյան Անատոլիա, ես էլ եմ հայ, Դուք էլ եք հայ, ի՞նչ եք կարծում, նրա ասածը որքանո՞վ կապ ունի իրականության հետ: Արեւելյան Անատոլիա ասվածը նրա համար է ստեղծվել, որ Արեւմտյան Հայաստան ասվածը վերանա պատմությունից, դուրս մղվի վերջնականապես: Անատոլիան միայն մի փոքր Ասիային է վերաբերում, նախ սկսենք այդտեղից, եւ հետո՝ այն հունարեն նշանակում է արեւելք, որը ոչ մի կապ չունի «Արեւմտյան Հայաստան» հասկացության հետ: Դե, իրենք մի ձեւ պետք է գտնեին՝ Հայոց պատմությունը վերացնելու համար: Բայց, փառք Աստծո, բանիմաց մասնագետները մեռած չեն: Կրթական համակարգը քանդում են Ժաննա Անդրեասյանը` իր տեղակալներով ու ԿԶՆԱԿ-ներով հանդերձ: Միայն քանդում ու քանդում են: Մենք Ազգային կրթության խորհուրդ ենք ստեղծել, քիչ առաջ վերջացրինք նիստը: Կազմում ես եմ, Կարին Տոնոյանը եւ էլի մի շարք մասնագետներ: Ես կարծում եմ, որ այդ կինը Մանկավարժականն ուղղակի կքանդի: Ուսանողները պիտի ոտքի կանգնեն ու դրա դեմ պայքարեն: Սկզբում քանդեցին ազգային դպրոցը, նորի, ժամանակակցի անվան տակ փչացած ու նեխած չափորոշիչներ բերեցին, որոնք Արեւմուտքում վաղուց մերժվել էին, խուրդեցին այստեղ, դասագրքեր ստեղծեցին իբր, հիմա էլ քանդում են բուհական համակարգը: Վերջերս մի դպրոցում դասալսման էի: Պատահմամբ ձեռքս ընկավ երրորդ դասարանի մայրենիի դասագիրքը: Լավ էր չտեսնեի` խայտառակություն էր, ո՞նց կարելի է նման դասագրքեր գրել»:

«Հրապարակ»․ Այդ կինը հակազգային, էությամբ հային թշնամի տեսակ է