28/10/2025

Թրամփը հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան «խլում է» ռուս-թուրքական վերահսկողությունից

Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդներին նոյեմբերի 6-ին հրավիրել է Վաշինգտոն: Այդ մասին ֆեյսբուքի անձնական էջում գրառում է կատարել ղազախստանցի փորձագետ Իբրաթ Կաշումբաևը:

Նրա տեղեկացվածությամբ, առանցքային հարցերի շուրջ տեսակետները համաձայնեցնելու նպատակով Ղազախստան և Ուզբեկստան են այցելել Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորը և պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:

Ըստ Կաշումբաևի, Ղազախստանի նախագահ Տոկաևն արդեն իսկ դրական է արձագանքել և պատասխան նամակով Դոնալդ Թրամփին հավաստիացրել, որ կիսում է նրա արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր նպատակները:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա, հավանաբար, Ադրբեջանի նախագահի Ղազախստան այցը և դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացնելու մասին նրա հայտարարությունը պետք է գնահատել Միացյալ Նահանգներ-Կենտրոնական Ասիա հեռանկարային հարաբերությունների համատեքստում:

Ղազախստանի պետական անկախության տարեդարձի առթիվ նախագահ Տոկաևին ուղերձում վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Աստանա այցի ընթացքում կքննարկվի երկկող հարաբերությունների ողջ օրակարգը:

Այս համատեքստում օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունների գործնականացման ուղղությամբ առաջին քայլերին Ղազախստանի ներգրավվածությունը հուշում է, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական կարգավորման միջոցով լուծում է աշխարհաքաղաքական նշանակության խնդիր:

Դա, անկասկած, Հարավային Կովկասում կայունության և համագործակցության հաստատման երաշխիք է: Ըստ երևույթին, Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը ներգրվում է ընդհանուր համատեքստին այն առումով, որ Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների բացումը ոչ թե դիմակայության, այլ շահերի հավասարակշռման հնարավորություն է:

Այս ֆոնին բավական զգաստացնող է, որ Թուրքիան ոչ միայն չի ողջունել դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, այլև դեռևս չի արձագանքել Հայաստանի տարածքով Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ տրանզիտ ապահովելու պատրաստակամության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը:

Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջազգային սուբյեկտայնությունը, երևում է, Թուրքիային, մեղմ ասած, ձեռնտու չէ: Այս պարագայում Վաշինգտոնը, կարծես, հիմնական հարցերը պետք է քննարկի նաև Անկարայի հետ: