28/10/2025

Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը

Հովհաննավանքում կայացած կիրակնօրյա կեղծ պատարագին չեմ անդրադարձել՝ պարզապես լրջություն չէի տեսել դրա մեջ։ Գիտե՞ք ինչ զգացում ունեի։ Կոմունիստական տարիներին մի սովորություն կար․ երբ որևէ ներկայացման տոմսեր չէին վաճառվում, դրանք հանձնում էին հիմնարկների ղեկավարներին, որ աշխատողների վրա «սաղացնեին»։

Վաղուց մոռացել էի այդ ժամանակները, բայց երբ կիրակի Նիկոլ Փաշինյանն իր խմբակով «պատարագի գնաց», հանկարծ հիշեցի, թե ինչպես էին տոմսերի գումարը պահում մեր աշխատավարձերից։

Կային մարդիկ, որ ասում էին՝ «փող ենք տվել, գնալու ենք», բայց կային էլի՝ «եթե լավ ներկայացում լիներ, մեր վրա չէր սաղացվի»։ Հովհաննավանքի պատարագը հենց դրա նման բան էր։ Բերված մարդիկ կային՝ իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենք էլ էին «թթված եկել»։

Պարտք էր, պարտականություն էր՝ եկել էին։ Շատերին էլ խաբել էին՝ իբր Եկեղեցու դեմ չենք, կաթողիկոսի դեմ ենք։ Բայց նրանց դեմքին գրված էր ներքին տագնապը՝ զգացողությունը, որ մեղք են գործում։ Նրանք փորձում էին թաքնվել՝ ակնոցներով, հայացք փախցնելով, խուսափելով տեսախցիկներից ու լուսանկարներից։

Իսկ կազմակերպիչները՝ իբր ծնկի եկած, աղոթք էին անում։ Բայց ու՞մ առաջ։ Ու՞մ էին խաբում՝ իրենց։ Աստված ամեն ինչ տեսնում է, հոգիներ է կարդում։ Նա գիտի՝ ինչու են եկել Եկեղեցի, ով է բերել և ինչի համար։

Իմ շրջապատում կան ՔՊ-ականներ, որոնք չէին գնացել։ Մի քանիսի հետ բավականին անկեղծ հարաբերություններ ունեմ։ Մեկն այդպես էլ ասաց, երբ հարցրի՝ ինչու չի գնացել․

– Վախեցել եմ, – ասաց։

– Ինչի՞ց։

Շուրջը նայեց, մի պահ լռեց ու շշնջաց․

– Երեխեք ունեմ, վախեցել եմ Աստծուց։ Ոչինչ, իմ կյանքը ապրել եմ, բայց Աստված յոթ պորտին կպատժի։

Չխորանամ։ Քրիստոս երբեք չհաստատեց անհատական հավատ՝ անջատ Եկեղեցուց։ Նա հիմնեց Եկեղեցի՝ Իր մարմինը, և այդ մարմնի մեջ դրեց գլուխ, սրբեր, առաջնորդներ և կարգ։ Եթե Եկեղեցին մարմին է, ուրեմն ունի նաև գլուխ։ Իսկ եթե մերժում ես գլուխը, ապա պառակտում ես մարմինը։ Դա գլխատելու պես մի բան է։

Հենց դրա համար էլ Եկեղեցում կատարյալ լռություն է․ այնտեղ միայն Հիսուսի անունն են տալիս։ Ոչ ոք չի բացականչում՝ «Նիկոլ վարչապետ»։ Մարդիկ իրենց մոր կաթի հետ են ստացել այդ դաստիարակությունը։ Իսկ իշխանության կողմից հավատացյալ մարդկանց ստիպել՝ «տոմսեր գնել» ու բերել Աստծո առաջ՝ դա բռնություն է։

Հավատ ունեցող, Աստծուն ճանաչող մարդիկ վախենում են։ Եվ զուր չեն վախենում։ Աստված շուտ տեսնում է, ուշ դատում։»