Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց, ուղղակի ներդրումների հիմնադրամի Կիրիլ Դմիտրիևը, որ Վաշինգտոնում է հոկտեմբերի 23-ից, նախօրեին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունայի հետ:
Վերջինս Ռուսաստանի հետ երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնման ջատագով է:
Ռուսաստանյան մամուլը հայտնում է, որ Դմիտրիևը որոշակի ուժերի մեղադրել է ռուս-ամերիկյան երկխոսությունը խզելու ուղղությամբ «հսկայական ջանքեր գործադրելու» մեջ: Այս առումով նա խիստ արտառոց պնդում է արել, որ «կան շրջանակներ, որ նույնիսկ խոչընդտում են Ռուսաստանի մոտեցումները Միացյալ Նահանգների վարչակազմին հասցնելուն»:
Չնայած առկա լարվածությանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերությունների խզման երբեք չեն հասել: Հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Թրամփը, 21-ին՝ Լավրովը և Ռուբիոն:
Ռուսաստանն ուկրաինական կարգավորման իր դիրքորոշումը չափազանց պարզ և միանշանակ ձևակերպել է Լավրով-Ռուբիո հեռավար բանակցությունների ընթացքում, որից հետո ԱՄՆ նախագահը կայացրել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստումը կասեցնելու որոշում:
Այս համատեքստում Վաշինգտոնին մոտեցումներ ներկայացնելու հարցում Մոսկվայի առջեւ խոչընդոտներ հարուցելու մասին խոսք լինել չի կարող: Անշուշտ, երվրոպական առաջատար երկրների առաջնորդները, Եվրահանձնաժողովի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ձգտել և ձգտում են ազդել ԱՄՆ նախագահի որոշումների վրա, բայց դա նույնքան տրամաբանական է, որքան Ուկրաինայի հարցում սեփական տեսակետը Թրամփին ներշնչելու Պուտինի ջանքը:
Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը, հավանաբար, անհարմար է զգում իրողությունից, որ ԱՄՆ նախագահը գրեթե մեկշաբաթյա շրջայցով մեկնել է ասիական երկրներ, իսկ այդ պայմաններում վարչակազմի և պետդեպարտամենտի որևէ նշանակալի պաշտոնյա իր հետ բանակցություններ չի վարում:
Բայց դա արդեն Դմիտրիևին Վաշինգտոն գործուղողի՝ ՌԴ նախագահի և արտգործնախարարության խնդիրն է: Մոսկվայում հազիվ թե տեղյակ չէին, որ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 25-31ը Վաշինգտոնից բացակայելու է:
Ըստ երևույթին, հաշվարկն այն է, որ Ռուսաստանը «լուրջ բանակցություններ վարելու ցանկություն ունի, բայց եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ն խոչընդոտում են, իսկ Միացյալ Նահանգները՝ խուսափում»:
Ամենևին էլ պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջուկային շարժիչով «Բուրովեստնիկ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Դա Վաշինգտոնի դիվանագիտական դեմարշին «միջուկակիր պատասխան է»:






Բաց մի թողեք
Պուտինն անհանգստացած է Միացյալ Նահանգներ – Կենտրոնական Ասիա սերտացումից
Ալիևն Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը լուծում է Միլլի մեջլիսը ցրելով
Թուրքերը և ադրբեջանցիները Մոնտենեգրոյում զանգվածային անկարգություններ են հրահրել