«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Ռուբեն Մելիքյանն է:
– Հայ ժողովրդի եւ հայոց եկեղեցու կյանքում աննախադեպ ստորացուցիչ ակտ էր անցած կիրակի պատարագի անվան տակ կարգալույծ քահանայի «բեմադրած» եւ անձամբ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած «ներկայացումը», որը հակաեկեղեցական արշավի հերթական «արարն» էր:
– Այդ օրը նույն ժամին ես մասնակցում էի պատարագի մայր տաճարում, երբ միաժամանակ տեղի էր ունենում մեր 6 քահանա եղբայրների օծումը, եւ, ճիշտն ասած, շատ ուշ եմ տեսել կադրերում, թե ինչ է եղել Հովհաննավանքում: Հարցին կարող ենք երեք մակարդակով նայել, առաջինը՝ հոգեւոր իմաստով. սա հրապարակային մակարդակում աննախադեպ երեւույթ է, երբ նման հանդգնություն է իրեն թույլ տվել կարգալույծը, ինչը շատ խիստ պատիժներ է ենթադրում: Եթե Ստեփան Ասատրյանն այս պահին իրեն համարում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանորդ, ճիշտ է՝ աշխարհականի կարգավիճակով, ապա նման հանդգնություն թույլ տալը, նման ինքնիրավչություն թույլ տալը շատ ավելի խիստ է պատժվում, այդ թվում՝ նաեւ բանադրանքով եւ այլն:
Ցանկացած պահի Մայր Աթոռն իր հայեցողությամբ կարող է այդ կարգապահական միջոցները կիրառել ինչպես նրա, այնպես էլ մասնակից մյուս անձանց նկատմամբ: Սա հոգեւոր-եկեղեցական իմաստն է: Երկրորդը․ քաղաքական իմաստով մենք տեսանք, որ մարդիկ, որոնք եկել էին, մեծ մասը չէր էլ թաքցնում, որ քաղաքական ակցիայի է եկել: Մեր եկեղեցիներում ծափ տալն ընդունված չէ:
Այլ դեպքերում դա քաղաքական կհամարվեր, բայց եկեղեցում դա կռապաշտություն է՝ ընդհուպ խորանից շողոքորթել երկրի ղեկավարին: Այսքան ժամանակ տեսել ենք, որ մեր երկրի տարբեր ղեկավարներ մասնակցել են զատկական եւ այլ ծեսերի, բայց որ նրանց ուղիղ դիմեր պատարագիչը՝ երբեք չի եղել: Իսկ երրորդ մակարդակը քրեաիրավական մակարդակն է. սա ուղղակի հանցագործություն էր, որովհետեւ ոստիկանությունը պարտավոր էր թույլ տալ իրավունք ունեցող քահանայի մուտքն ու պատարագ մատուցելը, այնինչ ուղիղ խանգարեցին, խոչընդոտեցին եւ բոլոր, այդ թվում՝ նաեւ բարոյական գծերից անդին գտնվող միջոցներով պաշտպանում են Ստեփան Ասատրյանին: Բնորոշ է նաեւ այն, որ 2018-ին, երբ իշխանության եկան այս փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, այն ժամանակ այնքան փոքրիկ չէին, առաջինը եղավ Վեհափառ հայրապետին պետական պաշտպանությունից զրկելը, իսկ հիմա նրանք պետական պաշտպանություն են տվել այս ինքնակոչ հայ հոգեւորականին:
– Տեւական ժամանակ է` ՀՀ իշխանությունն արշավ է սկսել նաեւ Եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։ Սա ոչ միայն աննախադեպ է հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ, այլեւ՝ ամոթալի: Իրավական առումով ո՞րն է Ձեր գնահատականը:
– Գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որովհետեւ նշված հոգեւորականների նկատմամբ կիրառված միջոցների հիմքում դրված է քաղաքական դրդապատճառ: Իսկ դա է կարեւորը քաղաքական բանտարկյալ գնահատելու համար, ոչ թե անձի՝ քաղաքականությամբ զբաղվելը: Օրինակ, ո՛չ Մկրտիչ սրբազանը, ո՛չ Տեր Գարեգինը քաղաքականությամբ չեն զբաղվել, բայց իմ մատնանշած չափանիշով նրանք միանշանակ քաղբանտարկյալ են: Սա խայտառակություն է եւ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության շահերով առաջնորդվող իշխանության հետ, այլ՝ օկուպացիոն ռեժիմի:
– Ռուսաստանն առաջին անգամ արձագանքել է ՀԱԵ շուրջ կատարվող ապօրինություններին. Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական՝ ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով եւ սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. Եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից, իսկ հայ ժողովուրդը Փաշինյանին լիազորություն չի տվել՝ բարեփոխել Եկեղեցին իր հայեցողությամբ:
– Ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքը՝ իր հերթին, ես նաեւ բավականին կոշտ արձագանք եմ լսել Եկեղեցիների համաշխարհային խորհրդից, որին անդամակցում է նաեւ մեր մայր եկեղեցին: Կարծում եմ՝ նման արձագանքները շարունակվելու են, քանի որ այն, ինչ իրեն թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանը, անգամ շատ բռնապետներ իրենց թույլ չեն տվել:
– Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ է խստորեն դատապարտել ՀՀ իշխանություններին՝ մեղադրելով նրանց հայկական առաքելական եկեղեցու նկատմամբ աճող պետական ճնշումների եւ հոգեւորականների մասշտաբային ձերբակալությունների համար եւ հայտնել է իր լիակատար համերաշխությունը ՀԱԵ-ին եւ Հայաստանի քրիստոնեական համայնքին՝ զգուշացնելով, որ կառավարության գործողություններն ուղղակի սպառնալիք են կրոնական ազատությանը։ Այս ամենը կկասեցնի՞ Փաշինյանի օպերացիան:
– Կարծում եմ՝ դա կախված է արձագանքի մասշտաբից: Եթե ավելի լուրջ արձագանք լինի ավանդական եկեղեցիներից, քրիստոնեական կազմակերպություններից, հնարավոր է՝ կանգնեցնի:
– Վեհափառին եւ մյուս հոգեւորականներին պարբերաբար ու անընդունելի խոսույթով անվանարկող վարչապետը նոր «յուղ լցրեց» բորբոքվող կրակի վրա՝ հայտարարելով, որ Եկեղեցուն պատկանող գույքը, եկեղեցիները «վերադարձվելու են հանրությանը», այն է՝ պետության հաշվեկշիռ: Սա հակաիրավական կոպտագույն զանցանք չէ՞ արդյոք:
– Սա բոլշեւիզմ է եւ որեւէ կերպ չի կարող արդարացված լինել: Այս ամենը պարզապես չի կարող հեռանկար ունենալ, օրինակ՝ այնպես, ինչպես չեն կարող հեռանկար ունենալ ՀԷՑ-ի դեմ իրականացվող գործողությունները: Ի վերջո, սա սեփականության հարց է, սեփականության տնօրինման հարց՝ բացի հոգեւոր բաղադրիչից: Իմ կարծիքով՝ մեր մայր եկեղեցին արդեն պիտի սկսի մտածել եւ գործուն քայլեր ձեռնարկել մեր իրավաբանների մասնակցությամբ, համապատասխան հայցեր ներկայացնել՝ եկեղեցապատկան գույքը վերադարձնելու իմաստով: Որովհետեւ եկեղեցական գույքը մինչ այս՝ մինչեւ 2018 թվականը, տնօրինում էին հայկական իշխանությունները, իսկ ներկայում օկուպացիոն ռեժիմ է: Սա նշանակում է՝ որեւէ բարոյական խոչընդոտ չկա, որպեսզի այդ ամենը հետ վերադարձվի՝ սկսած Մատենադարանում պահվող եւ մայր տաճարից, ըստ էության, ժամանակին հափշտակված մատյաններից, վերջացրած անշարժ գույքով:






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար