Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Դուրանը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կայցելի Թուրքիա: Ըստ հաղորդագրության, այցը պաշտոնական է և տեղի է ունենում Թուրքիայի նախագահի հրավերով:
Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն «Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև սերտ դաշնակցության վրա հիմնված ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ իրադարձությունները»:
Ավելի ուշ միջազգային մամուլը տարածել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սեբաստիան Հիլեի հայտարարությունը, ըստ որի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերի 30-ին կայցելի Թուրքիա, որի ընթացքում կքննարկվի «երկկողմ համագործակցության ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանի իրավիճակը՝ ներառյալ Գազան և Սիրիան»:
Գերմանական կողմի տեղեկատվությամբ, «Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեքստում կանցլերին կներկայացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում վերսկսելու հնարավորության վերաբերյալ Անկարայի նախաձեռնությունները»:
Տպավորություն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, նկատի ունենալով ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը «հետաձգելու» պատճառով Ուկրաինայի շուրջ դիվանագիտական վակուումը, փորձում է ռուս-ուկրաինական բանակցությունների Ստամբուլի հարթակը վերականգնել և Մեծ Բրիտանիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի Թուրքիայի այցի գլխավոր թեման դա է:
Ռուս-ուկրաինական բանակցությունների ի՞նչ օրակարգ և ձևաչափ է առաջարկում Թուրքիան, եթե ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը չի ընդունում զորքերի առկա շփման գծով հրադադար հաստատելու, իսկ մյուս հարցերն «ինչ-որ ժամանակ քննարկելու» ամերիկյան նախագիծը, իսկ եվրոպական «եռյակը»՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հնարավոր փոխզիջում են գնահատում հենց այդ տարբերակը:
Հարց է նաև, թե Էրդողանը Թուրքիա այցի հրավեր նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՞ն է հղել և արդյոք բանակցությունների ստամբուլյան հարթակը վերագործարկելու հարցում ունի՞ Ռուսաստանի և Ուկրաինայի համաձայնությունը: Մանավանդ որ Ստամբուլում կողմերը ոչ մի էական հարցի շուրջ տեսակետների նվազագույն իսկ մերձեցման չեն հասել:
Ամենաէականը, սակայն, այն է, թե Էրդողանի նախաձեռնությունը Դոնալդ Թրամփի հետ քննարկվե՞լ է: Շարմ էլ Շեյխի գագաթաժողովից հետո անցած երկշաբաթյա ժամանակահատվածում թուրք-ամերիկյան դիվանագիտական հաղորդակցություն չի արձանագրվել:
Համենայն դեպս, այդ մասին հրապարակային տեղեկություն չի տարածվել: Հայտնի է միայն, որ ի թիվս Հունգարիայի ևՍլովակիայի, Թուրքիան նույնպես Վաշինգտոնի կողմից քննադատվել է ռուսական նավթի գնումներից չհրաժարվելու համար:






Բաց մի թողեք
Հակաուկրաինական դաշինք կստեղծեն
Որքանո՞վ Էրդողանն ընկալունակ կգտնվի ԱՄՆ նախագահի դիրքորոշման հանդեպ
Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիները կցանկանա՞ն վերադառնալ ու գնալ պատերազմ