01/11/2025

Այսօր «Բուդապեշտը փլուզված է», և դժվար է ասել՝ Պուտինի «գովեստը մնո՞ւմ է ուժի մեջ»

Regnum-ը Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր, երևի, առաջին անգամ Միացյալ Նահանգներին մեղադրել է «Ռուսաստանի դեմ Ուկրաինայում պրոքսի պատերազմ վարելու» մեջ:

Պաշտոնական Մոսկվայի մոտեցումը, մինչդեռ, մնում է այն, որ ուկրաինական կարգավորմանը «խանգարում է Եվրամիությունը, իսկ ԱՄՆ-ը փորձում է հասկանալ Ռուսաստանի շահերը»:

Նույն օրը Financial Times-ը, վկայակոչելով Սպիտակ տան իրազեկ աղբյուրներին, գրել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը «չեղյալ է հայտարարվել դիվանագիտական բարձր մակարդակով չափազանց լարված հեռախոսազրույցից հետ»:

Խոսքը պետքարտուղար Ռուբիո-արտգործնախարար Լավրով հեռախոսազրույցի մասին է, որի ընթացքում վերջինս «շատ կոշտ տոնով պնդել է ուկրաինական կարգավորման նախապայմանները՝ տարածքային զիջումներ, ուկրաինական բանակի կրճատում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու իրավական ուժ ունեցող պարտավորություն, ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի շնորհում և այլն»:

Ամերիկացի մի պաշտոնյա Լավրովին անվանել է «հոգնած, եթե կարծում է, որ Միացյալ Նահանգների հետ կարելի է խոսել այդ տոնով»:

Մոսկվայում գնահատում են, որ Թրամփ-Պուտին հանդիպումը «ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է»: Միջազգային փորձագետները տպավորություն ունեին, որ Թրամփ-Սի Ծինփին բանակցություններից հետո հնարավոր կլինի կանխատեսել ուկրաինական կարգավորման հեռանկարը:

Regnum-ը պնդում է, որ Ռուսաստանի և Չինաստանի «ռազմավարական համագործակցությունը փլուզել հնարավոր չէ, քանի որ թե Մոսկվան, թե Պեկինը ձգտում են, որպեսզի նոր աշխարհակարգում Միացյալ Նահանգները դոմինանտ չլինի»:

Դատելով Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի անորոշ խոսույթից, Պեկինը Մոսկվայի նկատմամբ ճնշումներին ոչ միայն չի միանում, այլև դրանք գնահատում է «ոչ արդյունավետ»: Այս իրավիճակում Միացյալ Նահանգների նախագահը կարող է վերադառնալ «պետք է թողնել, որ նրանք ևս մի փոքր պատերազմեն» դիրքորոշմանը:

Թրամփի «խաղաղության ծրագիրը» լուրջ փորձության է ենթարկվում նաև Մերձավոր Արևելքում: Տեղի է ունեցել անսպասելին: Կատարն ակտուալացրել է մերձավորարևելյան կարգավորման գործընթացին Իրանի մասնակցությունը: Պաշտոնական Դոհայի գնահատմամբ, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հնարավոր չէ, եթե Իրանը դուրս է թողնվում:

Կատարն առաջարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններին իր միջնորդությունը: Ամենայն հավանականությամբ, այդ գաղափարը Դոհան Վաշինգտոնի հետ քննարկել է: Այդ մասին Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար ալ-Թանին հնչեցրել է Նյու-Յորքում:

Ուկրաինական, մերձավորարևելյան կարգավորման գործընթացներն, անկասկած, ազդում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական «պատմական հաշտեցմանը»: Ադրբեջանի նախագահը մերժել է Երևան այցի հրավերը:

Ադրբեջանի Միլլի մեջլիսի իշխանական պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի տարածքով Թուրքիա-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով «բեռնափոխադրումների կարիք չկա»:

Թուրքիան առայժմ չի արձագանքել նախագահ Էրդողան Երևան այցի հրավերին և Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին: Հոկտեմբերի 29-ին Էրդողանը պետական նպատակ է հռչակել «իր տարածաշրջանում Թուրքիայի առաջնորդությունը»:

Խոսքը Մերձավոր Արևելքի՞, թե՞ ավելի մեծ աշխարհագրության տարածաշրջանի մասին է: Չափազանց կարևոր է, որ Իսրայելը շարունակում է պնդել, որ Թուրքիան «Գազայում չպետք է ոչ միայն ռազմական, այլև որևէ այլ ներկայություն ունենա»: Էրդողանը կհամաձայնի՞, որ «Ալիևը փոխարինի իրեն»,- ինչպես գրում են իսրայելական որոշ լրատվամիջոցներ:

Գազայում խաղաղապահ առաքելությանն «Ադրբեջանի մասնակցությունը» ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա: Ասիական երկրներ շրջայցի ընթացքում ԱՄՆ նախագահն առնվազն երկու անգամ հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաստատված խաղաղության» մասին:

Ընդ որում, Մալայզիայից Ճապոնիա թռիչքի ընթացքում նա բացահայտել է, որ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինն իրեն գովել է հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների հասնելու համար: Բայց դա եղել է Բուդապեշտում հանդիպման պայմանավորվածության շրջանակներում:

Այսօր «Բուդապեշտը փլուզված է», և դժվար է ասել՝ Պուտինի «գովեստը մնո՞ւմ է ուժի մեջ»: