01/11/2025

Գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի. ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» նախագիծը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախագծով ժամանակավոր արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ:

Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 833-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք 6 ամիս ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2026 թվականի հունվարի 6-ին։ Այս որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում կապահովի ԵԱՏՄ միասնական շուկայի անխափան գործունեությունը։