01/11/2025

«Դավաճանություն․․․», «նոր կապիտուլյացիա»․ ռուսամետ ալիքներն էմոցիոնալ են արձաքանքել ՀՀ բանակում խորհրդային համազգեստից հրաժարվելու լուրին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը հոկտեմբերի 24-ին տված հարցազրույցում, անդրադարձել էր նաև Հայաստանի զինված ուժերի համազգեստի փոփոխության հետ կապված աշխատանքներին։ 

Նա մասնավորապես նշել էր, թե Հայաստանը հրաժարվելու է խորհրդային տիպի համազգեստից և ունենալու է Արևմտյան չափանիշներին համապատասխան մշակված համազգեստ։

«Մենք արդեն իսկ ունենք պատրաստ խմբաքանակ, որ պետք է ստանանք. խոսքը վերաբերում է դաշտային համազգեստի այն առաջին խմբաքանակին, որը տվյալ ընկերությունը պարտավորվել է մեզ տալ, որպեսզի բանակը դա զորային փորձարկում անցկացնի, ինչպես նաև արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա ու տոնական համազգեստի նմուշները, և շուտով դրա ավարտն էլ կունենանք․․․․։ Շարքայինից մինչև գեներալ, այո՛, մենք փոփոխություն ենք կատարում։ Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։․․․Ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով», — ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ԱՄՆ-ում գտվող Պապիկյանի և զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ հանդիպման մասին։ Նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

ՀՀ զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին Պապիկյանի խոսքերից հետո հայկական լսարանը թիրախավորող ռուսալեզու տելեգրամյան ալիքները քարոզչական արշավ են սկսել՝ քննադատելով խորհրդային համազգեստից հրաժարվելու Հայաստանի որոշումը։

«Նոր համազգեստը՝ նոր կապիտուլյացիա» 

Այսպես, թեմայի վերաբերյալ առաջին քարոզչական թեզերը դաշտ նետեց ռուսամետ  «Ծիծակ» կոչվող տելեգրամյան ալիքը, որը նախկինում ևս հայտնվել է «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում։ Այդ ալիքը պնդում է, թե «համազգեստի փոփոխությունը Արևմտյան ստանդարտներով Հայաստանի անվտանգային ռիսկերն է բարձրացնելու»։

Ալիքը, մասնավորապես, առաջ է քաշում թեզը, թե համազգեստի փոփոխությունը խորհրդայինից դեպի «ՆԱՏՕ»-ականի ոչ միայն զուտ ռազմական բնույթի բարեփոխում է, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին է վկայում՝ «Մոսկվայից դեպի Արևմուտք թեքվելու», ՀՀ զինված ուժերի «դեռուսիֆիկացիայի» համատեքստում։

Ապա ալիքը, այս թեզից բխեցնում է հաջորդ քարոզչական թեզը, թե միայն Ռուսաստանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, մինչդեռ ԱՄՆ-ի ներգրավումը ՀՀ պաշտպանության ոլորտում չի ապահովի երկրին անվտանգության հստակ երաշխիքներ։

Հեղինակը պնդում է՝«ռուսական անվտանգության համակարգից հեռանալու պայմաններում Հայաստանը կարող է մնալ առանց նոր իրական անվտանգության հենարանների»։

Ռուսամետ քարոզչությունը դարձյալ օգտագործում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքների գործոնը․ «այդ պայմաններում Հայաստանը կարող է բախվել տարածաշրջանային նոր ավելի մեծ ռիսկերի՝ մենակ մնալով Թուրքիայի և Ադրբեջանի առաջ»։

Նույն թեզերի հաջորդականությամբ քարոզչական գրառում է արել նաև КАВКАЗАРЬ կոչվող տելեգրամյան ալիքը՝ դարձյալ համազգեստի փոփոխությունը ներկայացնելով ՀՀ-ի համար նոր անվտանգային ռիսկերի տեսակետից։

Хроники Армении տելեգրամյան ալիքն իր հերթին հայկական բանակի նոր համազգեստն անվանել է «դավաճանության համազգեստ»«ազգային շահերի դավաճանություն» և այլն։

«Սա պարզապես համազգեստի փոփոխություն չէ։ Սա սեփական պատմությունից խորհրդանշական հրաժարում է և ռազմավարական կապիտուլյացիա», — գրել է ալիքը։

Ալիքը իբրև թե մտահոգություն է հայտնել հայկական բանակի բարեփոխումների վերաբերյալ ու հարց բարձրացրել, թե ինչո՞ւ է համազգեստը մշակվում օվկիանոսից այն կողմ հայկական արտադրողներին պատվիրակելու փոխարեն։

Ապա վերջում եկել ակնկալվող տրամաբանական եզրահանգմանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «քանդում է հայկական պետության մնացորդները»։  

Նանե Մանասյան