01/11/2025

Ռուսական քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարի դասերը․ ինչ կարող է սովորել Հայաստանը Գերմանիայից ու Մոլդովայից

Ռուսական քարոզչությունը վաղուց դադարել է լինել պարզապես տեղեկատվական հոսք․ այն համակարգված ռազմավարություն է, որի նպատակը հասարակությունների ներսում անվստահություն, անհանգստություն, հուզումներ առաջացնելն է։

Այդ քարոզչությունը աշխատում է ոչ թե ռազմական տանկերով, այլ պատմություններով՝ հաճախ սուտ, մանիպուլյատիվ, հուզական ու նաև՝ գրավիչ։ Գերմանիայից մինչև Մոլդովա և Հայաստան՝ լրատվամիջոցները, փաստեր ստուգողները ստիպված են սովորել պաշտպանվել ոչ միայն կեղծ լուրերից, այլ նաև՝ հմուտ մանիպուլյացիայից, հաճախ՝ արհեստական բանականության (AI) գեներացրած բովանդակությամբ։

Այդ պատմությունները տարբեր երկրներում ընդունվում են տարբեր կերպ․ Գերմանիայում՝ որպես անվտանգության սպառնալիք, Մոլդովայում՝ որպես ամենօրյա մարտահրավեր, Հայաստանում այն դեռ չլուծված խնդիր է։

«Փաստերի ստուգման հարթակը» հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ՝ ինչպես են Գերմանիայում ու Մոլդովայում պայքարում ապատեղեկատվության և ռուսական քարոզչության դեմ։ Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը այդ փորձից։

Գերմանական փորձը 

Գերմանիայում ռուսական քարոզչության ծանր բեռը հիմնականում զգացել են 2015 թվականից սկսած, ամենաթարմը վերջին ընտրությունների ժամանակ է եղել (2025, փետրվար), երբ ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ստացել է զգալի աջակցություն՝ ռուսական մեդիայի և սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվական քարոզչության շնորհիվ։ Արդյունքում, AfD-ն անսպասելիորեն բարձր արդյունքներ է արձանագրել այն շրջաններում, որտեղ ռուսական մեդիան ու սոցիալական ցանցերն ամենաակտիվն են եղել քարոզչական բովանդակություն տարածելու հարցում։

2015 թվականից հետո, երբ Եվրոպան սկսեց բախվել միգրացիոն ճգնաժամին, Գերմանիան դարձել է ռուսական քարոզչության հիմնական թիրախներից մեկը։ Դրա վառ դրսևորումը եղել է Լիզայի մասին պատմությունը, որը լրատվամիջոցներում ստացել էր «Լիզայի գործ» անվանումը․ ռուսական պետական հեռուստաալիքները հաղորդել էին, թե Բեռլինում միգրանտները բռնաբարել են ծագումով ռուս մի աղջկա՝ 13-ամյա Լիզային։ Պատմությունը հուզել էր Գերմանիայի ռուսալեզու համայնքին, նույնիսկ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, սակայն պարզվել է՝ կեղծ էր, չի եղել նման բան։ Այս դեպքը դարձել է առաջին բացահայտված օրինակներից մեկը, թե ինչպես կարող է ռուսական մեդիան մանիպուլյացիայի միջոցով ազդել հասարակական տրամադրությունների վրա՝ խարխլելով վստահությունը կառավարության, մամուլի հանդեպ։

Անգամ մինչև 2022 թվականը՝ մինչև Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, ըստ զեկույցի, Գերմանիան եղել է ռուսական քարոզչության արևմտյան հիմնական թիրախը։ Դեռ 2016-2017 թվականներին, երբ Գերմանիան պատրաստվում էր դաշնային ընտրություններին, ռուսական մեդիայի ներկայացուցիչները՝ RT Deutsch-ը, Sputnik-ը, ինչպես նաև Telegram ալիքներ ու ֆեյսբուքյան էջեր, ակտիվ քարոզչություն են իրականացրել՝ նպատակ ունենալով թուլացնել վստահությունը պաշտոնական հաստատությունների, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի հանդեպ։

Կեղծ նորությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իր դերն է ունեցել նաև Tagesschau-ի (ARD) նախաձեռնությունը՝ «Faktenfinder»-ը, որը համագործակցել է պետական ու անկախ փաստերի ստուգման հարթակների հետ։ Ընդունվել է օրենք՝ սոցիալական մեդիայում ատելության խոսքի, կեղծ կամ վնասակար բովանդակության դեմ (Germany’s Network Enforcement Act/NetzDG) (նախատեսում է մինչև 50 մլն եվրո տուգանք կեղծ տեղեկության, ատելության խոսքը չհեռացնելու համար: Այս օրենքը իհարկե, բուռն քննադատության է արժանացել-խմբ․)։ Օրենքը, որն ընդունվել էր 2017 թվականին, հետագայում մի քանի անգամ վերանայվել է՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության նոր սպառնալիքները։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծվել է հատուկ նախաձեռնություն՝ Պաշտպանել 2025 թվականի Բունդեսթագի ընտրությունները հիբրիդային սպառնալիքներից, ներառյալ՝ ապատեղեկատվությունը:

Ի դեպ, այդ ծառայությունը 2025 թվականի Բունդեսթագի ընտրություններից առաջ հանրությանը զգուշացնում էր․ «Հիբրիդային սպառնալիքները պետության և պետության կողմից ուղղորդվող գործիչների կողմից համակարգված, անօրինական գործողություններ են՝ իրենց սեփական շահերը մեկ այլ երկրի հաշվին առաջ մղելու համար․․․Ապատեղեկատվությունը, որն ուղղակի կամ անուղղակիորեն վերահսկվում է օտար պետությունների կողմից, դասակարգվում է որպես հիբրիդային սպառնալիք»։

Արտապատկերումը՝ պաշտոնական կայքից։

Գերմանիայի փաստեր ստուգող հարթակում՝ CORRECTIV-ում, բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք բացահայտել են ռուսական ազդեցությամբ Սոցիալական դիզայներական գործակալության (Social Design Agency/SDA) իրականացրած ապատեղեկատվական արշավներ։

Այս գործակալության կազմակերպմամբ ռուսական ապատեղեկատվական արշավը հատուկ անվանում ունի՝ Doppelganger, որն օգտագործում է բազմաթիվ հանրահայտ լրատվական կայքերի կլոնավորված, կրկնօրինակ տարբերակը և դրա միջոցով տարածում ապատեղեկատվություն։

EU Disinfo Lab-ի զեկույցի համաձայն, այս գործակալության (SDA) կազմակերպմամբ ապատեղեկատվական արշավների նպատակն է եղել օգնել AfD-ին հասնել ազգային ձայների առնվազն 20%-ին։

Ինչևէ, այս ամենին ամենակարևոր հակազդեցությունը Գերմանիայում համարվում է մեդիագրագիտության տարածումը։ Մեդիագրագիտությունը, ի դեպ, այս երկրում վաղուց ներառված է դպրոցական ծրագրերում և դրա նպատակն է՝ սովորեցնել մարդկանց տարբերել կարծիքները փաստերից և ճանաչել մանիպուլյացիաները։

Լրագրող Մենդի Գանսկե-Զապֆը (Mandy Ganske-Zapf) տասնյակ տարիներ ապրել, սովորել ու որպես լրագրող աշխատել է Ռուսաստանում և անձամբ է տեսել՝ ինչպես է տարածվում ապատեղեկատվությունը։ «Ես հիշում եմ՝ ապատեղեկատվությունն այնպես վարպետորեն էր տարածվում Ռուսաստանում, որ նույնիսկ իմ ընկերներն էին սկսում դրան հավատալ։ Դա ինձ իսկապես նյարդայնացնում էր, քանի որ ինձ համար ակնհայտ էր պետական քարոզչության նպատակը՝ այնպես անել, որ մարդիկ հավատան Պուտինին», —FIP.am-ի հետ զրույցում ասում է Մենդին։

Նա այժմ իր գործընկերոջ հետ պարբերաբար կրթական արշավներ է իրականացնում Գերմանիայի տարբեր շրջանների դպրոցներում և աշակերտներին բացատրում՝ ինչպես ճանաչել ռուսական քարոզչությունը, տարածվող ապատեղեկատվությունը։ «Դեռահասները մեզ լավ են ընդունում, լսում են, հետաքրքիր, բայց նաև միամիտ հարցեր են տալիս մեզ, մենք հասկանում ենք, որ մեր ծրագիրն ընդունված է», -ասում է նա։

Մոլդովայի փորձը 

Մոլդովան, որը դեռ մինչև վերջ չի ազատվել խորհրդային իրականությունից, ավելի խոցելի է ռուսական ապատեղեկատվության ու քարոզչության նկատմամբ։ Բայց վերջին տարիներին այստեղ ձևավորվել է պետական և հասարակական լայն դաշինք՝ ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ։ Նախ Մոլդովայի կառավարությունը արգելել է ռուսական հեռուստաալիքների մի մասի հեռարձակումը։ Օրինակ, «Սպուտնիկի» մոլդովական ծառայություն այս երկրում չկա։

Մոլդովայում ռուսական քարոզչության, ապատեղեկատվության դեմ պայքարի պետական համակարգը ձևավորվել է աստիճանաբար։ Սկզբում իշխանությունները հայտարարել են Patriot նախաձեռնության մասին՝ որպես տեղեկատվական պաշտպանության և մեդիագրագիտության ամրապնդման ծրագիր։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ խնդիրը պահանջում է ինստիտուցիոնալ մոտեցում։ Այդպես ծնվեց STRATCOM-ը՝ Ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը, որը պաշտոնապես ստեղծվել է 2025 թվականին՝ նախագահի հրամանագրով և նախագահի ուղիղ ենթակայությամբ։ Եթե Patriot-ը գաղափար էր՝ ուղղված հանրային իրազեկմանը, ապա STRATCOM-ը դրա գործնական իրականացումն է՝ պետական մարմին, որը համակարգում է մոնիթորինգը, վերլուծությունը և պետական կառույցների արձագանքը ապատեղեկատվության դեմ։

«Ամեն օր Կրեմլը և քրեածին խմբավորումները հիբրիդային հարձակում են իրականացնում՝ օգտագործելով քարոզչական զենքեր՝ Մոլդովայում ատելություն սերմանելու, միմյանց և մեր պետության նկատմամբ մեր վստահությունը թուլացնելու համար»,- ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը բացատրել էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Ուշագրավ է այն, որ STRATCOM-ի հիմնական առաքելությունը ոչ միայն ապատեղեկատվության տարածումից հետո դրա հերքումն է կամ ընդհանրապես, դրա դեմ պայքարը, այլ դրա նախականխումը (Pre-bunking), երբ պետական կառույցները, մեդիան, փաստեր ստուգողները դեռևս քարոզչական արշավ սկսվելուց առաջ բացատրում են, թե մասնավորապես, որ թեմաներն են ամենայն հավանականությամբ շահարկվելու, ինչպիսի մանիպուլյատիվ տեխնիկա կամ նարատիվներ են սպասվում և ինչպես տարբերել իրական տեղեկատվությունը կեղծից։

Նկատենք՝ Մոլդովայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ (ընդունվել է 2023 թվականին-խմբ․) Ռուսաստանը ներկայացված է որպես հիբրիդային և տեղեկատվական սպառնալիքների հիմնական աղբյուր։ Այդ փաստը ձևավորել է երկրի անվտանգության և հաղորդակցության քաղաքականության առանցքը․ կառավարության գործողություններն ու քաղաքականությունների մշակումը հաճախ բխում են հենց այս իրողությունից։

Արտապատկերումը՝ Մոլդովայի Ազգային անվտանգության ռազմավարությունից։

Մոլդովայում ապատեղեկատվական արշավների բացահայտման հարցում հատկապես 2025 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեծ դեր են ունեցել լրագրողները, որոնք կարողացել են բացահայտել «Կրեմլի թվային բանակի» գործողությունները՝ ինչպես են ձևավորվել ակտիվիստների ցանցեր, ինչպես են նրանք Telegram խմբերի միջոցով ստացել առաջադրանքներ անմիջապես Մոսկվայից։ Այդ ցանցերի նպատակն է եղել ազդել 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա՝ կազմակերպված ակցիաների միջոցով, մանիպուլյատիվ ու կեղծ տեղեկություններ տարածելով։ Այդ ակտիվիստները վարձատրվել են։

Այս երկրում ապատեղեկատվության դեմ պայքարի գործում մասնագետները առանձնացնում են հատկապես մեդիագրագիտության տարածումը ու հանրային ակտիվ իրազեկումը, ինչն իրականացվել է ոչ միայն պետության, այլ նաև քաղհասարակության կողմից։ Նկատենք՝ Մոլդովայում մեդիագրագիտությունը ներառվել է հանրակրթական ծրագրերում․ դպրոցականների ու ուսուցիչների համար մշտապես անցկացվում են դասընթացներ և տեղեկատվական արշավներ։

Հայաստանի փորձը․․․Հայաստանը փորձ չունի 

Հայաստանում ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի հարցում պետական մոտեցում չկա, չկա նաև պետական որևէ մարմին (ինչպես Մոլդովայում STRATCOM-ն է-խմբ․ ), որը կարող է պայքարել կեղծ, մանիպուլյատիվ ինֆորմացիայի համակարգված տարածման դեմ։ Ի տարբերություն Մոլդովայի, այստեղ անխափան աշխատում է ռուսական «Սպուտնիկը», ռուսական պետական հեռուստաալիքներն են հեռարձակվում, գոյություն ունեն անհամար ռուսական տելեգրամյան ալիքներ։

Ապատեղեկատվության դեմ պայքարը Հայաստանում հիմնականում իրականացվում է քաղաքացիական հասարակության և անկախ մեդիայի մակարդակով։ Այստեղ գլխավոր դեր ունեն փաստերի ստուգման նախաձեռնությունները՝ ինչպես օրինակ՝ «FIP.am», «CivilNet Check», «Media.am»։

Պետական մակարդակով գործողությունները ավելի շատ իրավիճակային են ու հիմնականում՝ ուշացած։ Նախականխող հաղորդակցություն (pre-bunking) չի իրականացվում:

Հայաստանը տեղեկատվական անվտանգության մասին առանձին ռազմավարություն չունի, որտեղ, օրինակ, կարող էր նշվել, թե ինչ դեր ունի ապատեղեկատվության դեմ պայքարը պետական քաղաքականության մեջ։ Սակայն ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության (անգլերեն) մեջ հիբրիդային պատերազմի մասին հիշատակում կա և այն համարվում է որպես սպառնալիք։

Արտապատկերումը՝ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունից։

Թեև որոշ պետական մարմիններ երբեմն արձագանքում են (հաճախ՝ շատ ուշ-խմբ․) ապատեղեկատվական արշավներին, սակայն դա իրավիճակային արձագանք է և ոչ թե համակարգային քաղաքականության պահանջ։ Այդուհանդերձ, մեր երկրում մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ արշավներ իրականացվում են, օրինակ՝ ուսումնական ծրագրերում ներմուծվել է մեդիագրագիտությունը։

Այսպիսով, այսօր Հայաստանը կանգնած է նույն մարտահրավերների առաջ, որոնց վերջին տարիներին բախվում են Գերմանիան ու Մոլդովան։ Բայց այն, ինչ այնտեղ վերածվել է համակարգային քաղաքականության, Հայաստանում դեռ մնում է քաղաքացիական նախաձեռնությունների դաշտում։

Հասմիկ Համբարձումյան; Բեռլին-Քիշնև-Երևան