08/11/2025

Կիրանցում ոչ մի մետր աշնանացան չի արվել

Տավուշում աշնանացան ցորեն ցանելու ամենահարմար ժամանակը սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն է։ Խորհրդային ժամանակ ամենաուշը հոկտեմբերի վերջին ցորենը ցանած էին լինում, որպեսզի հատիկը մինչեւ աշնանային ցրտերը ծլարձակեր, աճեր։

Հրապարակ թերթը գրել է․ Նոյեմբերն է, իսկ Կիրանցում ոչ մի մետր աշնանացան չի արվել։ 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան ցորեն։

Անցյալ տարի սահմանազատման անվան տակ, միակողմանի ձեւով, ապօրինի կերպով Կիրանցից 15 հեկտար հողի հանձնումից հետո աշնանացանի գործը խիստ դժվարացավ։ 2024-ին Կիրանցում մոտ 6 հեկտար աշնանացան ցորեն ու գարի էին ցանվել։ Այս տարի, բացի Կիրանցի տնամերձ հողամասերից, գյուղում գարնանացան չի արվել։ Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ սահմանազատումից հետո լուրջ խնդիր է   դարձել սահմանագոտու «Դզեր» տարածքում շուրջ 60 հեկտար հողերի մշակությունը։ Այդ հողերից մոտ 40 հեկտարը պիտանի է աշնանացան ցորենի մշակության համար։ Այս օրերին Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին՝ Շիրակ Շահինյանը, այդ տարածքում աշնանացանի համար տրակտորով վար է անում։ Նա Կիրանցում աշնանացան մշակողներից է։ Շիրակն իր տրակտորով վար է արել նաեւ Կիրանցի այլ տարածքում՝ «Խաչի յալ» հատվածում։

Այս տարի կառավարությունն իրականացնում է աշնանացան ցորենի մշակությանն աջակցելու ծրագիր, աշնանացան ցանողներին` յուրաքանչյուր հեկտարի հաշվով տրվում է 80 հազար դրամ աջակցություն։ Սակայն այդ աջակցությունն էապես չի ավելացնի Կիրանցում ցանվող աշնանացանի հեկտարները։ Բնակիչները մեզ հայտնեցին, որ «Դզեր» տարածքում` Հայաստանի տարածքում է գտնվում խորհրդային ժամանակ Կիրանցի հարեւան ադրբեջանական Խեյրիմլի գյուղի գերեզմանատունը։ Կիրանցի բնակիչները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել Հայաստանի տարածքում անօրինական ստեղծված գերեզմանատան տարածքի հանդեպ։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցում հայտարարեց. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարեւոր արձանագրում է»։

Չգիտենք, թե ինչ նկատի ունի երկրի վարչապետն «անվտանգ» ասելով, բայց բոլորը կարող են արձանագրել, որ սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո գյուղի արոտավայրերը նվազել են, գյուղում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը մոտ 40 տոկոսով նվազել է։ Սահմանազատումը նաեւ Կիրանցի բնակչության մոտ որոշակի նյարդային լարվածություն է առաջացրել։ Ադրբեջանին հանձնված հողերի դիմաց դրանց սեփականատերերից դրամական փոխհատուցումն արվել է գաղտնի ընթացակարգով, հայտնի չէ, թե գյուղի բնակիչներից ովքեր եւ ինչքան տարածքի համար պետբյուջեից որքան ֆինանսավորում են ստացել։ Գյուղի 7 բնակիչ, որոնց հարազատները զոհվել են Կիրանցի պաշտպանության մարտերի ժամանակ, սկզբունքային են գտնվել եւ հրաժարվել են դրամական փոխհատուցում ստանալուց։ Այս առումով դրամական փոխհատուցում ստացածների ու չստացածների միջեւ էլ որոշակի տարաձայնություններ են ծագել։

2024թ․ ամռանը Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի «Սերգեւլկուտ» տարածքում Կիրանցի բնակիչների քեֆի ժամանակ Կիրանցից մի տղամարդ կենաց ասելիս թունդ հայհոյել է բոլոր նրանց, ովքեր հերոսների արյունով պաշտպանված հողերն Ադրբեջանին հանձնելու համար դրամական փոխհատուցում են ստացել եւ գրավոր հրաժարվել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից։ Կենաց ասողի եղբայրը զոհվել է Կիրանցի պաշտպանության ժամանակ։ Քեֆի մասնակիցների մեջ եղել են նաեւ հանձնված հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացածներ, սակայն ոչ ոք չի հակադարձել կոշտ կենաց ասողին։

2024թ․ սեպտեմբերի 1-ին պետբյուջեից 615 միլիոն դրամով կառուցված Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկվեց։ 100 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում է 37 աշակերտ։ Վերջերս Կիրանցի դպրոց այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամներին հավաստիացրել է, որ Կիրանցում կառուցվող տների շնորհիվ աշակերտների թիվը կավելանա: Մինչ դպրոցի նոր շենքի կառուցումը Կիրանցում լուրեր էին տարածված, թե նորակառույց  հիմնական դպրոցը միջնակարգ է դառնալու, Կիրանց գյուղի բարձր դասարանցիներն այլեւս Սարիգյուղի եւ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցներ չեն գնալու: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրինք՝ Կիրանցի հիմնական դպրոցը ե՞րբ է ստանալու միջնակարգի կարգավիճակ։ Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի հիմնական դպրոցը միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու հարցում հստակ ժամանակ չենք կարող նշել»։