20/07/2026

EU – Armenia

Ծանր մեղադրանք՝ առանց ապացույցի․ ինչո՞ւ է անպատիժ մնում

2026 թվականի մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը «հանցագործ» է, «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք» է կնքել, «թալանել է Հայաստանի ժողովրդին» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ընդգրկել է ԲՀԿ ցուցակում»։

Հրապարակ թերթը գրել է․ 2026 թվականի հունիսի 2-ին Գագիկ Ծառուկյանը դատարան ներկայացրեց հայց ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով հերքել այդ հայտարարությունները որպես զրպարտություն։

Դրան հաջորդեց քաղաքական հեռակա բանավեճ։ Այդ ընթացքում Ծառուկյանը հայտարարեց, որ եթե որևէ մեկը չի կարող ապացուցել իր մեղադրանքները, «թող գա մտնի իր որձ առյուծի վանդակը»։

Այս արտահայտությունը հնչել է քաղաքական բանավեճի համատեքստում և ակնհայտորեն ունեցել է փոխաբերական, ոչ թե բառացի բնույթ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հրապարակային ելույթներում բազմիցս օգտագործել է նմանատիպ քաղաքական փոխաբերություններ։

Հետագայում Ծառուկյանը ձերբակալվեց, նրա առյուծներն առգրավվեցին, իսկ էգ առյուծը սատկեցվեց։ Միաժամանակ սկսվեց Ծառուկյանի նկատմամբ հանրային հեղինակազրկման և ունեցվածքի նկատմամբ հարկադրանքի գործընթաց։

Այս համատեքստում պետք է գնահատել նաև «Հայկական Ժամանակ»-ի տաղավարում իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց, թե իբր տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի նետել է առյուծի վանդակը, և այդ մարդը վախից մահացել է։

Այս պնդման օգտին որևէ ապացույց հրապարակված չէ։ Չեն ներկայացվել տուժողի ինքնությունը, դեպքի ժամանակը, վայրը, որևէ քրեական վարույթի, դատական ակտի կամ այլ պաշտոնական փաստաթղթի տվյալներ։ Հետևաբար այդ հայտարարությունը հիմնված է բացառապես բանավոր պնդման վրա և իրավական տեսանկյունից չի կարող դիտվել որպես ապացուցված փաստ, քանի դեռ այն չի հաստատվել համապատասխան և ստուգելի ապացույցներով։

Ցավալի է, որ հանրային դաշտում նման ծանր մեղադրանքներ հնչեցնող անձինք, այդ թվում՝ պետական իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձինք, գործնականում չեն ենթարկվում իրավական պատասխանատվության, եթե իրենց հայտարարությունները չեն հիմնավորվում ապացույցներով։

Իրավական պետությունում յուրաքանչյուր անձ, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է հավասարապես կրի պատասխանատվություն՝ ուրիշի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վնասող չապացուցված փաստական պնդումներ տարածելու դեպքում։

Նման պայմաններում բնական հարց է առաջանում՝ ի՞նչ ընթացք ունեցավ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած հայցը Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կամ հրապարակայնորեն նման ծանր մեղադրանք ներկայացնող մարդը ինչու՞ չի ենթարկվում իրավական պատասխանատվության։