11/12/2025

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Սերժ Սարգսյանը, 2025թ. նոյեմբերի 8-ին խոսելով Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի աղետաբեր քաղաքականության մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Եթե իմանայինք այսպես է լինելու, էն գլխից կկանխեինք»:

Համոզիչ չէ Սերժ Սարգսյանի խոսքը, քանզի գրեթե անհավանական է, որ նա չիմանար Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայացքների մասին: Այդ մասին վկայում են ստորև ներկայացվելիք առնվազն երկու փաստերը:

ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ

Նիկոլ Փաշինյանը, որպես «Օրագիր» թերթի խմբագիր, 1999թ. ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»:

Հիշյալ ասուլիսի և դրա մանրամասների վերաբերյալ ասուլիսի հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում հրապարակվել է հոդված:
Հարկ է նշել, որ երբ թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նման ապազգային հայտարարությամբ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ հանդիսացել է ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը: Թե նման դեպքերում օրենքի սահմաններում ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել պետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը, թողնում եմ ընթերցողի ենթադրությանը:

ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որպես 2008 թվականի մարտյան դեպքերի, զանգվածային անկարգությունների կազմակերպիչ և ակտիվ դերակատար, 2008թ. մարտի 1-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ժամանակ, հայտարարել է. «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»:

Այն պահին, երբ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել արցախյան ծագում ունեցող մեր հայրենակիցների նկատմամբ ատելության խոսքով, Սերժ Սարգսյանը հանդիսացել է ՀՀ վարչապետը:

Վկայակոչված երկու հրապարակային փաստերի լույսի ներքո հարց է առաջանում. արդյո՞ք Սերժ Սարգսյանը ծանոթ չի եղել օրաթերթի խմբագիր (գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայացքներին, գրեթե անհավանական է: Սակայն եթե, այնուամենայնիվ, ծանոթ չի եղել, կնշանակի, որ իր տեղում չի եղել: Քանզի որևէ կերպ չի կարող արդարացված լինել այն պարագան, որ պետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը և ապա վարչապետը ծանոթ չլինի տվյալ երկրում գործող, հանրային կարծիք ձևավորող լրատվության միջոցի խմբագրի (գլխավոր խմբագրի) հակաազգային հայացքներին:

Հետևաբար, եթե մարդը,
• ով գրեթե 30 տարի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում զբաղեցրել է բարձրաստիճան պետական, քաղաքական պաշտոններ հիմնականում երկրի ներքին և արտաքին անվտանգության բնագավառներում,
• ով 10 տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը,
• ով ի պաշտոնե ունենալով պետական բոլոր հնարավորություններն անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն ստանալու Հայաստանի ցանկացած քաղաքացու և նրա գործունեության վերաբերյալ,
• ով, իմանալով Նիկոլ Փաշինյանի ներազգային ատելություն տարածող, հակաարցախյան հայացքների մասին,
հրահանգել է Ազգային Ժողովում կառավարող մեծամասնությանը՝ իր գլխավորած «Հանրապետական» կուսակցության ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, 2018թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ, այսօր հայտարարում է, որ «Եթե իմանայինք այսպես է լինելու, էն գլխից կկանխեինք», ապա նման հայտարարությունը ոչ թե անթույլատրելի է, այլև` խստորեն դատապարտելի:

Ստեփան Հասան – Ջալալյան; քաղաքագետ