ՀԱՊԿ Բիշքեկի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպության անդամ երկրներին առաջարկել է ռազմաարդյունաբերության ոլորտի «խոր կոոպերացիա» և ռուսական նորագույն սպառազինություններով «միասնական ուժերի» արմատական վերազինում:
Պուտինը հատկապես կարևորել է օդուժի և ՀՕՊ ու հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացումը:
Բաքվի minval-politika իշխանական կայքն այդ առթիվ ծավալուն հրապարակում է արել, որ կառուցված է երկու հիմնական թեզի վրա: Խոսելով ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մասին, հեղինակը շատ թափանցիկ նկատել է, որ այդ երկրի «ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը եթե սպառնալիք կա, ապա միայն՝ հյուսիսից»:
Խոսքը ռուսաստանյան մամուլում և փորձագիտական շրջանակների խոսույթում հաստատուն տեղ գտած տեսակետի մասին է, որ Ղազախստանի հյուսիսային որոշ տարածքներ «խորհրդային իշխանության նվերն են»:
Ադրբեջանցի հեղինակի կարծիքով, նման իրավիճակում «Աստանան ինչո՞ւ պիտի Ռուսաստանից սպառազինություններ գնի», մանավանդ որ Ղազախստանը «հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական ռազմաարդյունաբերության վերջին նվաճումների նկատմամբ»:
Ինչ վերաբերում է Ղրղզստանին և Տաջիկստանին, ապա Բաքվի փորձագետի գնահատմամբ՝ «նրանց ֆինանսական հնարավորությունները չափազանց սուղ են, որպեսզի մասշտաբային սպառազինություններ գնեն»:
Այս հրապարումն, ամենայն հավանականությամբ, Բիշքեկում Ռուսաստանի նախագահի «ամենակարող կեցվածքից» Իլհամ Ալիևի անհանգստության դրսեւորում է: Ադրբեջանը բոլորովին վերջերս միացել է Կենտրոնական Ասիայի երկրների Խորհրդատվական խորհրդին, Ալիևն ընդունել է եկող տարի Թուրքմենստանում այդ ձևաչափով գագաթնաժողովի մասնակցության հրավերը, իսկ Վլադիմիր Պուտինը փաստացի առաջադրել է Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ ռազմա-տեխնոլոգիական դաշինքի ամրապնդման և խորացման խնդիր:
Եթե Աստանան, Բիշքեկը և Դուշանբեն այդ «նվիրատվությունն ընդունեն», ապա Կենտրոնական Ասիա-Ադրբեջան ձևաչափը գործանկանում չի կայանա: Ավելին, խնդիրներ կառաջանան տարածաշրջանի առանձին երկրների հետ Ադրբեջանի «ռազմավարական-գործընկերային» հարաբերություններում: Բիշքեկում Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուկրաինական պատերազմը հաղթած առաջնորդի դիրքերից:
Այս ֆոնին Ալիևի անհանգստությունը, որ խնդրո առարկա հրապարակմամբ հասնում է «աղմկարարության», հասկանալի է. Կենտրոնական Ասիայի ռուսաստանյան «վերաներկալումը» ենթադրում է Ադրբեջանի միջազգային նշանակության կտրուկ նվազում՝ քաղաքական հետևանքներով հանդերձ:
Ըստ երևույթին, Թուրքիայի համար ոչ այնքան արդյունավետ է եղել Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցը: Ռուսաստանի և Ուկրաինայի ռազամական հետախուզության ղեկավարները բանակցությունների վայր են ընտրել Աբու-Դաբին: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը Թուրքիային վստահելի միջնորդ չի համարում:
Կենտրոնական Ասիայում «միասնական անվտանգային համակարգ» ձևավորելու մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը խորքային առումով նաև թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ է:
Իսկ դա չափազանց «բարդ խաղ է», որպեսզի Իլհամ Ալիևը չանհանգստանա:






Բաց մի թողեք
Եվրոպական առաջնորդները առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում
Ադրբեջանը զինադադարի պայմանավորվածությունը չի կատարում, իսկ Հայաստանը դրա դեմ «ոչինչ չի ձեռնարկում»
Ի՞նչ է դաշնակիցը, եւ ո՞րն է ապագա խաղաղության գինը