02/12/2025

71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով:

Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։

Ֆինանսավորում՝ առանց «Արմեդ»-ի տվյալների

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։
Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։

Հայտը՝ մեկ, փոխհատուցումը՝ միանգամայն ուրիշ

Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝

– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),

– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։

Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։

Ծառայություն չկա, բայց գումարը կա

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝

– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։

Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։

Խաչաձեւ ֆինանսավորում՝ օրենքի խախտմամբ

Հրամանի 6-րդ կետում նշվում է, որ գումարը տրամադրվում է՝ որպես «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» ենթամիջոցառումներում չփոխհատուցված ծառայությունների վարձատրություն։ Բայց վերլուծությունը պարզ ցույց է տալիս՝ այդ ծրագրում չփոխհատուցված ծառայություններ ընդհանրապես չեն եղել. մատուցված բոլոր ծավալները 2020-ին արդեն լիովին փոխհատուցվել էին։

Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման եւ բյուջետային սահմանափակման սկզբունքներին։

Եզրահանգում

Փաստերը հուշում են պարզ ու մտահոգիչ հետեւություն.

71,8 մլն դրամի գումարը հատկացվել է առանց փաստացի հիմքի, առանց էլեկտրոնային հաշվառման, առանց ծառայություն մատուցելու ապացույցի։

Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ կառավարման լուրջ խախտում է, որը գրանցվել է այդ օրերին նախարար եղած Արսեն Թորոսյանի օրոք եւ պահանջում է վերահսկողական մարմինների ուշադրություն եւ իրավական գնահատական։

Առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմտեին այս հրապարակումը ընդունել ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում, որի շրջանկներում պատրաստակամ ենք ներկայացնել առավել մանրամասներ Հավելված»։