Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում Իսմայիլ Հասանովի գործով դատաքննությունն ավարտվել է: Նա մեղադրվում է օտարերկրյա պետության տարածքում ապօրինի զինված խմբավորումներին անդամակցելու և ռազմական գործողություններին մասնակցելու մեջ:
Հասանովը, ինչպես հետևում է ադրբեջանական մամուլի հրապարակումներից, ծնունդով Ադրբեջանի Թովուզի շրջանից է, իսկ օտարեկրյա պետությունը, որտեղ նա անդամակցել է ապօրինի զինված խմբավորումներին, Ռուսաստանի Դաշնությունն է:
Գործի վերաբերյալ կցկտուր տեղեկություններից հասկացվում է, որ Իսմայիլ Հասանովը մարդասպանության և ավազակային հարձակման մեղադրանքով Ռուսաստանում երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրել է Պենզայում:
Ըստ նրա ցուցմունքների, Պենզայի բանտում ինքը հավաքագրվել է անձամբ «Վագներ» ռազմական խմբավորման հրամանատար Եվգենի Պրիգոժինի կողմից: Հասանովն ազատվել է բանտից և հայտնվել Ուկրաինայի Լուգանսկի մարզում, որտեղ էլ մասնակցել է պատերազմական գործողությունների:
Մի քանի ամիս հետո Հասանովը տեղափոխվել է Դոնի Ռոստովի մոտ գտնվող «Վագների» հենակետային ճամբար: Այդ ընթացքում Հասանովը ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն: Դատարանում նա ցուցմունք է տվել, որ «Վագների» հետ երկրորդ պայմանագիր ստորագրելուց հրաժարվել է:
Բաքվի մամուլը հայտնում է, որ Հասանովը «հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: Ըստ երևույթին, նրան հաջողվել է Ռուսաստանից անցնել Ադրբեջան, որտեղ էլ ձերբակալվել է:
Ադրբեջանական լրատվամիջոցները Հասանովի «հայտնաբերման» ժամանակի և վայրի մասին ոչինչ չեն ասում: Տպավորություն է, որ նրա դեմ դատավարությունը քաղաքական մոտիվացիա ունի և կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների, ուկրաինական կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ:
Ալիևը հրապարակայնացնում է փաստեր, որ Ռուսաստանը թաքցնում է: Խոսքն առաջին հերթին ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց հավաքագրելու, պատժի հետագա կրումից ազատելու և որոշակի վարձատրության դիմաց Ուկրաինայում մարտական գործուղությունների մասնակից դարձնելու մասին է:
Նման տեղեկություններ, իհարկե, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ունեն, բայց կոնկրետ դատավարությունը, որ կազմակերպվել է Ադրբեջանում, արդեն փաստ է: Ավելի կարևոր է, որ Ադրբեջանում «Վագները» դատական վճռով ճանաչվում է ապօրինի զինված խմբավորում, նրան անդամակցած անձինք՝ վարձկան:
Հասանովի դեմ դատավարությունը քաղաքական ազդակ է Ռուսաստանին, որ Ադրբեջանը հեռանում է նրա հետ ռազմավարական համագործակցությունից:
Գուցե պատահական զուգադիպություն է, բայց ուշագրավ է, որ ռուսաստանյան մամուլն էլ հաղորդում է Եկատերինբուրգում մեկնարկած դատավարության մասին: Ռուսաստանը դատում է ամռանը ձերբակալված Շահին Շիխլիսնկուն, որ գլխավորել է էթնիկ հանցավոր խումբ: Նրան երեք անձի սպանության մեղադրանք է ներկայացված:
Շիխլիսնկուն, ամենայն հավանականությամբ, ցմահ ազատազրկում է սպասում: Մեղադրյալի աթոռին են հայտնել ևս մոտ մեկ տասնյակ ադրբեջանցիներ: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «սառը պատերազմը» շարունակվում է:






Բաց մի թողեք
Զախարովան ինքն իրեն ամենահին մասնագիտության տեր է համարում
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր