Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել՝ կապված «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ ավելի վաղ արված գրառման մեկնաբանությունների և դրան հետևած ահազանգերի հետ:
««88» սուպերմարկետների ցանցի հետ իմ որևէ առնչության բացակայության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ՝ դրանցում գործող բիզնեսները փակելով։
Նման բովանդակությամբ պնդումներ կան նաև իմ վերոհիշյալ գրառման մեկնաբանություններում։
Նման արարքները հաստատվելու դեպքում քրեական պատասխանատվություն են ենթադրում։
Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն, և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։
Բոլոր այն գործարարներին, որոնք տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և միևնույն ժամանակ դիմել իրավապահ մարմիններին։
Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։
Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես շարքային սպառող։
«Առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե՛ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձևով կապում են իմ անունը այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզաբանեն իրենց հարցերը, իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ կոնկրետ»,- մասնավորապես գրել էր Հակոբյանը։
Վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:

Դատախազությունից հայտնեցին, որ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:
«88» սուպերմարկետների ցանցը վերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանությունների կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է ներկայացրել:
««88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս 88 Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները։
Նման խոսակցությունները երբեմն կարող են առաջանալ ոչ միայն ապատեղեկատվության ազդեցությունից, այլ նաև տարբեր շահագրգիռ խմբերի կողմից՝ որպես ճնշման, շահարկման կամ առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր։ Մենք վստահ պնդում ենք, որ նմանատիպ խոսակցությունները չեն ծառայում ոչ մեր գործունեության, ոչ էլ հասարակության շահերին։
Մենք բարձր ենք գնահատում հազարավոր սթափ մտածող գնորդներին, ովքեր գնահատում են մեր պարզ և թափանցիկ աշխատանքը։
Վստահեցնում ենք, որ մեր գործունեությունը թափանցիկ է, և այդ մասին կարող են փաստել մեր բոլոր գործընկերները, որոնց հետ մշտապես գործում ենք փոխադարձ հարգանքի և ջերմ գործընկերային համագործակցության միջավայրում։
Մեր միակ նպատակը մնում է նույնը՝ ապահովել արդար գնային քաղաքականություն, բարձր որակի սպասարկում և հաճելի միջավայր յուրաքանչյուր հաճախորդի համար։
Ապատեղեկատվության և ստահոդ լուրերի տարածման հարցում մենք ինքներս հետամուտ կլինենք, որպեսզի մեր գործարար համբավը արատավորող և աշխատանքով ձեռք բերած վստահությանը վնասող ցանկացած կեղծ տեղեկություն դառնա իրավական քննության առարկա։
Եթե որևէ անձ կամ անձանց խումբ գիտակցաբար տարածում է կեղծ լուրեր, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ, անկախ նրանից ում է ուղղված ապատեղեկատվությունը։
Մենք շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ արժանի լինելով մեր հաճախորդների և գործընկերների վստահությանը։
Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։






Բաց մի թողեք
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն
ԵՄ-ն համաձայնել է անորոշ ժամանակով սառեցնել ռուսական ակտիվները՝ վերացնելով Ուկրաինային վարկ տրամադրելու խոչընդոտը