14/12/2025

Պուտինը` ԽՍՀՄ վերականգնման մասին

ԽՍՀՄ վերականգնման մասին խոսք անգամ լինել չի կարող, դա անիմաստ է, India Today-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի՝ ԽՍՀՄ վերականգնման երազանքների մասին, փորձում են վախեցնել սեփական բնակչությանը։

Պուտինը երկօրյա այցով մեկնում է Հնդկաստան: Արտաքին քաղաքական հարցերով նրա օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ օրակարգի ամենաէական հարցերը նա Հնդկաստանի վարչապետի հետ քննարկի ոչ պաշտոնական հանդիպման ձևաչափով, որ տեղի կունենա Պուտինի Նյու-Դելի ժամանելուց հետո նույն օրը:

Այցին ընդառաջ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել India Today-ին, որի առանցքային դրույթները ներկայացրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Ռուսաստանի նախագահի շեշտադրումներից ակնհայտ է դառնում, որ նա Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպման է մեկնում ոչ թե որպես «խնդրող», այլ՝ Ուկրաինայի և Եվրոպայի դեմ «հաղթանակած» գերագույն գլխավոր հրամանատար, ում բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ են քննարկում կամ խոսում G7 երկրները, քանի որ համաշխարհային տնտեսության մեջ «նրանց բաժինը տարեցտարի շագրենյան կաշվի պես կրճատվում է»:

Խիստ ուշագրավ է, որ նա Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ «ամեն դեպքում Ռուսաստանը կազատագրի Դոնբասը և Նովոռուսիան՝ ռազմական, թե այլ ճանապարհով»,-ինչից հասկացվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ բանակցություններում նա պնդել է, որ սահմանադրությամբ ռուսաստանապատկան ճանաչված տարածքներից հրաժարվելու մասին խոսք չի կարող լինել:

Պուտինի այդ բացահայտումը փաստացի ցրում է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հավաստիացումը, որ տարածքային վեճի առարկան Դոնբասի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող «քսան տոկոսն է»: Խոսելով «Նովոռուսիայի ազատագրման անխուսափելությունից», Վլադիմիր Պուտինը բացահայտում է, որ Մոսկվան հավակնում է նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերին:

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ քարոզչական այդ «հերտակոծության թիրախը» Հնդկաստանի վարչապետն է, Պուտինը Մոդիին «մշակման է ենթարկում», բայց ուկրաինական կարգավորման իր տեսլականի բաց հրապարակայնացումը մարտահրավեր է ինչպես Եվրամիությանը, այնպես էլ Միացյալ Նահանգներին, որտեղ պատրաստվում են Ուիթկոֆի մոսկովյան այցի «արդյունքները» քննարկել Ուկրաինայի հետ:

Պուտինի հարցազրույցի առանցքային ուղերձը, թերևս, G7-ին վերամիանալու ամերիկյան առաջարկի շատ թափանցիկ մերժումն է, որի հասցեատերը նաև Հնդկաստանն է: Ռուսաստանի նախագահը Գլոբալ հարավի ինստիտուցիոնալացման ջատագով է: Այդ հարցում Հնդկաստանի դիրքորոշումը խիստ կարևոր է: Խնդիր է, թե Նյու-Դելին կճանաչի՞ Պուտին-«տրիումֆատորին»: