15/12/2025

ԼՂ անկախությունը, Քի Ուեսթն ու Փաշինյանը հանձնել է Արցախը

Ղարաբաղյան հին անեկդոտ կա: Որդին ծանր հիվանդ, մահամերձ հորը հարցնում է՝ «որ մի ջրալի տանձ լինի, կուտե՞ս»,- և դրական պատասխանից հետո ասում: «Չկա, օրինակի համար ասացի»:

Հիմա Քի Ուեսթի փաստաթղթով «Արցախը միավորվում էր Հայաստանին» քաղաքական դեմագոգիան է: Ի վերջո, դա տեղի չի ունեցել, չէ՞: Ընդ որում, այդ ձախողման համար ոչ ներկայիս իշխանությունն է պատասխանատու, ոչ նրա անմիջական հաջորդը, ոչ էլ, բնականաբար, առաջին նախագահը:

Գործընթացը սկիզբ է առել Ռոբերտ-Քոչարյան-Հեյդար Ալիևի գաղտնի բանակցություններով և տապալվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ:

Բայց եթե թեման քննարկվում է, ապա պետք է փորձել հասկանալ, թե այդ գործընթացից կողմերն ինչ են շահել կամ կորցրել: Ադրբեջանի շահը պարզ է, փաստաթուղթն ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ-ն է», բայց՝ կրճատված տարածքով:

Երկրորդ, Շուշին առանձնացված է, Հայաստանի իրավազորությունը քաղաքի և, ամենայն հավանականությամբ, նախկին շրջանի տարածքի նկատմամբ հիսուն տարով սահմանափակվում է: Երրորդ, ամրագրվում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կունենա «միացումն ապահովող անցում»:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կարգավորման բոլոր առաջարկություններում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, ընդդիմությունը հետևողականորեն առարկում է:

Բայց Փաշինյանի ասածի ամենահստակ վկայությունը հենց Քի Ուեսթի «գովական» փոստաթուղթն է, որի առաջին սահմանման իրավական իմաստն այն է, որ «Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ-ի» տարածքի մի մասը, Շուշիից բացի, հանձնվում է Հայաստանին:

Այսինքն, Արցախ-Հայաստան «միավորումը տեղի է ունենում Ադրբեջանի համաձայնությամբ»:

Նույն սկզբունքն է դրված մադրիդյան առաջարկություններում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը/բնակչությունը կարող է հանրաքվե անցկացնել և կամ միանալ Հայաստանին, կամ անկախություն հռչակել, եթե Ադրբեջանը հանրաքվեի անցկացման համաձայնություն տա:

Քի Ուեսթում Հեյդար Ալիևը Արցախի և Հայաստանի միավորման վերջնական համաձայնություն չի տվել: Իլհամ Ալիևը միայն Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու, նույնիսկ եթե դրան կմասնակցեին ԼՂ վերադարձած ադրբեջանցիները, համաձայնություն չի տվել:

Եվ այդ առաջարկությունները բանակցություններից դուրս են եկել 2011թ. Կազանի Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո:

Եթե ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը խնդիր ունի հաստատելու «կարագավորման բոլոր առաջարկությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս» ճշմարտությունը, բայց դա յուրովի է անում, որպեսզի «դեմք պահի», այլ բան է:

ԼՂ անկախությունը, առնվազն հանրաքվեով իր կարգավիճակը որոշելու իրավունքը ճանաչել է, բայց Փաշինյանը հանձնել է Արցախը: Քի Ուեսթի «սևը սպիտակ» ներկայացնելու սևեռուն ձգտումն այլ բացատրություն չունի: