Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Մամուլում և սոցիալական հարթակներում տեսակետ է շրջանառվել, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը «դժվարությամբ է ընթանում, որովհետև քաղաքական դաշտում, պետական կառավարման համակարգում և անգամ իրավապահ մարմիններում նա ունի աջակիցներ»:
«Արդիական Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը համոզված է, որ գործող խորհրդարանի պատգամավորների «մեծ մասը Մեհթիևի համակիրներ են»:
Նա գտնում է, որ «իրական ազգային միասնության հասնելու համար Միլլի մեջլիսը պետք է ցրվի, իսկ նոր ընտրություններով խորհրդարան մտնեն այնպիսի անհատներ, որ առաջնորդվում են ոչ թե օտարերկրյա պետության, այլ Ադրբեջանի շահերով»:
Հաֆիզ Հաջիևը հատուկ ծառայություններին կոչ է արել «բացահայտել Ռամիզ Մեհթիևի շրջապատի բոլոր մարդկանց, ժողովրդին ներկայացնել նրա և Ալի Քերիմլիի հանցավոր կապերը»: Վերստին անդրադառնալով խորհրդարանին, նա պնդել է, որ «այնտեղ երկու-երեք հոգի են պաշտպանում նախագահին, մյուսները գաղտնի կապերով աշխատում են արդարացնել Մեհթիևին»:
Գաջիևը բավական ուշագրավ անցյալ ունի: Ադրբեջանում Ժողճակատի իշխանության շրջանում նա գլխավորել է ձկնարդյունաբերության պետական ընկերությունը, ապա տնտեսական հանցագործությունների մեղադրանքով դատվել, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը: 1999 թ. բանտից ազատվել է, 2001-ին հիմնադրել «Արդիական Մուսավաթ» կուսակցությունը:
Այդ շրջանում Իլհամ Ալիևը երկու ազդեցիկ՝ «Մուսավաթ» և Ժողճակատ կուսակցությունները տրոհելու խնդիր է լուծել, ձևավորվել են նաև «Դասական ժողովրդական ճակատ» և «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունները և քաղաքական մրցակիցների կողմից արժանացել «գրպանային ընդդիմություն» անվանման:
Հաջիև երկու՝ 2008 և 2013թ.-ին առաջադրվել է նախագահի թեկնածու: Այս փաստը վկայում է, որ նա «գրպանային ընդդիմություն» է և Ալիևի աշխատակազմի հետ առնչություն ունի: Նկատի ունենալով այդ հանգամանքը, բացառված չէ, որ Միլլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափար Ալիևը քննարկում է կամ այդ թեման առնվազն շրջանառության է դրվում:
Մեհթիևի գործի քարոզչությանը նոր, հանրության համար, երևի, ավելի ընկալելի երանգ է տրվել, նա մեղադրվում է «քսանհինգ տարվա պաշտոնավարության ընթացքում գոնե մեկ անգամ» Թուրքիայի չայցելելու մեջ: Հավանական է, որ Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը պայմանավորված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իջեցրած հրահանգով»:






Բաց մի թողեք
Ալիևը որոշակի ակնկալիքներ ունի՝ փախստականներին Հայաստան վերադարձնելու հարցում
Ալիևյան քարոզչության սադրանք է, զգույշ եղեք
Ինչ-որ պահի Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի ԵԱՏՄ և ԵՄ միջև