Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու մամուլի օրգանը՝ kathpress.at կայքը, անդրադարձել է Հայաստանում եկեղեցու դեմ իրականացվող արշավին։
«Փաշինյանի կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հակամարտությունը սրվում է. Գարեգին Բ կաթողիկոսը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն»,- գրում է պարբերականը։
«Կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ մայիսից շարունակվող լուրջ առճակատումը շարունակում է սրվել Հայաստանում: Կովկասյան այս երկրի իշխանությունները հինգշաբթի օրը ձերբակալել են եկեղեցու դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին:
Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, դատախազությունը մեղադրում է հոգեւորականին թմրանյութերի հետ կապված հանցագործության մեջ: Ուրբաթ օրը Երեւանի դատարանը նրան երկու ամիս ժամկետով նախնական կալանքի տակ է վերցրել: Արքեպիսկոպոսի փաստաբանը մեղադրանքն անվանել է անհեթեթ»,- հաղորդում է KNA լրատվական գործակալությունը:
Այնուամենայնիվ, դիտորդները ձերբակալությունը մեկնաբանում են որպես կառավարության կողմից եկեղեցու ղեկավար, կաթողիկոս Գարեգին Բ-ի (74 տարեկան) դեմ պայքարում ձեռնարկված եւս մեկ քայլ: Խաչատրյանը (53 տարեկան) վեց ամսվա ընթացքում ձերբակալված չորրորդ եպիսկոպոսն է: Նա 2001 թվականից ի վեր կաթողիկոսի դիվանապետն է եւ նրա ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի վերջին պահանջեց Գարեգին Բ-ի հրաժարականը՝ մեղադրելով նրան կուսակրոնության ուխտը խախտելու եւ երեխայի հայր լինելու մեջ։ Եկեղեցին հերքում է մեղադրանքները՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով հակաեկեղեցական արշավ»։
Գարեգին Բ-ն արդեն պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ 2020 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր կառավարության հակառակորդն է։ Կաթողիկոսը Փաշինյանին մասամբ պատասխանատու է համարում Ադրբեջանի դեմ պարտված պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի վտարման համար։
Հրավիրվել է արտակարգ խորհրդակցություն։ Եկեղեցու առաջնորդն այժմ այցով գտնվում է Ֆրանսիայում։ Ըստ KNA-ի, նա շաբաթվա սկզբին հրավիրել է եկեղեցու ղեկավարության եռօրյա արտակարգ խորհրդակցություն, որը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի՝ «քննարկելու Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ Եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերը»։ Վերջերս ավելի քան 50 եպիսկոպոսներից տասը հրապարակավ կոչ արեց կաթողիկոսին՝ հրաժարական տալ։ Նրանք գրել են, որ Գարեգին Բ-ի ներկայիս ընթացքը «հակականոնիկ, վտանգավոր, վնասակար եւ կործանարար է»։
Ինչպես այս շաբաթվա իր համարում հաղորդում է Արեւելյան եկեղեցիների (NÖK) լրատվական ծառայությունը, տասը հոգեւորականների հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 29-ին՝ «ArmTimes»-ում, վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող առցանց հրատարակությունում: NÖK-ի տվյալներով՝ ստորագրողներից ութը նոյեմբերի 27-ին հանդիպել են Փաշինյանի հետ:
Նրանցից մի քանիսը կապված են կոռուպցիոն սկանդալների հետ, իսկ մյուսները մեղադրվում են կուսակրոնության երդումը խախտելու մեջ: Ասում են, որ հոգեւորականներից մեկի ենթադրյալ երեխան բարձր պաշտոն է զբաղեցրել Փաշինյանի կառավարությունում:

Բաց մի թողեք
Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին
Եվրոպան անհապաղ պետք է փոխի իր գործունեության ձևը, եթե չի ուզում հետ մնալ
Բելգիայի դաշնային ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Եվրոպական հանձնաժողովի գրասենյակներում