13/12/2025

ՔՊ-ն զբաղվում է պղծությամբ ու այլասերմամբ․ Տիգրան Խզմալյան

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է:

– ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքի տակ փաստեր ունի, թե որ հոգեւորականն ինչ սեռական կյանքով է ապրում, եւ լավ կլինի, որ չստիպեն նրան` հրապարակել դրանք: Պատգամավորն այնքան հեռու է ժողովրդավարական արժեքներից, որ հպարտորեն հայտարարում է, թե երկրի վարչապետն ԱԱԾ-ի միջոցով ներխուժում է մարդկանց անձնական կյանք, կոմպրոմատներ հավաքում: Արեւմուտքում կա՞ նման պետություն, որի ղեկավարը ներխուժում է մարդկանց անձնական կյանք, իսկ պատգամավորները հպարտանում են դրանով, թե՞ Հայաստանն այս առումով բացառիկ է:

– Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այն, ինչ կատարվում է հիմա մեր երկրում` մեր աչքի առաջ, սարսափելի է: Ժողովրդավարությունը վերածվել է ոստիկանապետության, ամեն օրը բերում է դրա ապացույցները: Այն, որ Փաշինյանը կամ ինչ-որ մի պատգամավոր գլուխ են գովում, որ եկեղեցականների հետ առանձին խոսակցություններ են ունենում` ԱԱԾ-ականների միջոցով, երբեմն այլ ծանոթների միջոցով, դա նշանակում է, որ վարչապետը, որը պետք է լիներ օրենքի երաշխիքը, խոստովանում է անմեղ դեմքով, որ գործում է ԱԱԾ-ականների, ծանոթների, ընկերների, բարեկամների, հարեւանների, այլ ոչ թե օրենքի միջոցով եւ դրա շրջանակներում: Փաստորեն այն, ինչ անում են ՔՊ-ն եւ Փաշինյանը, ազգի այլասերում է: ՔՊ-ն զբաղվում է պղծությամբ եւ այլասերմամբ: Չեռնոբիլի պայթյունը տեղի էր ունեցել, քանի որ անջատվել էին պաշտպանական մի քանի շերտեր: Այժմ ՔՊ-ն եւ Փաշինյանը անջատում են մեր ազգի պաշտպանական բոլոր շերտերը:

– Որո՞նք են այդ շերտերը:

– Ազգային գաղափարախոսություն, ազգային արժանապատվություն, Արցախի հաղթանակ, Եղեռնի հիշատակ, Հայ առաքելական եկեղեցի եւ այլն: Նախ հանձնեցին Արցախը եւ արցախցիներին մերժում են ոչ միայն նրանց իրավունքները պաշտպանելու հարցում, այլեւ` բողոքելու անքակտելի իրավունքների համար` միջազգային ատյաններում: Փաստորեն, միջազգային հայցեր չեն ներկայացվում, այդ մարդկանց օգնելու փոխարեն դեռ մի բան էլ խանգարում են: Դրանից հետո ցեղասպանության մասին պետական մտածողությունն անջատեցին: Մենք տեսանք, որ ԱՄՆ-ից արդեն երկրորդ պատվիրակությունն է այցելում Ծիծեռնակաբերդ` հպարտ մենության մեջ, միակ հայը, որ այնտեղ է, թանգարանի տնօրենն է: Դա նշանակում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները հայության ցեղասպանությունը հարգում են սեփական նախաձեռնությամբ, առանց Հայաստանի իշխանությունների: ԱՄՆ-ն ավելի բարձր է գնահատում Հայոց ցեղասպանությունը, քան Փաշինյանի իշխանությունը: Հայ առաքելական եկեղեցին մեր աչքի առաջ ապականում են: Այնպես չէ, որ եկեղեցականները սուրբ են, ոչ, բայց այն միջոցները, որոնցով Փաշինյանը փորձում է «նորոգել» Եկեղեցին, անհնար է: Հնարավոր չէ կեղտոտ ձեռքերով մաքուր գործ անել: Այդ միջոցները, որ նա կիրառում է, կեղտոտ են: Նրա կողքին կանգնած 10 եպիսկոպոսներն ամենախայտառակ եպիսկոպոսներն են եւ խորհրդանշում են բոլոր այն մեղքերը, որոնցում կարելի է մեղադրել Եկեղեցուն: Փաշինյանի նպատակը ոչ թե Եկեղեցու առողջացումն է, այլ՝ ապականումը, վարկաբեկումն աշխարհի աչքերում:

– Իսկ կոնկրետ այն, որ ներխուժում են մարդկանց անձնական կյանք, նկարահանում են, որպես կոմպրոմատ օգտագործում են ու դեռ մի բան էլ գլուխ են գովում:

– Դա էլ է ծրագիր, ապականման եւ այլասերման: Այն, ինչ արվում է, այլանդակություն է եւ շատ վտանգավոր: Ակնհայտ վարկաբեկում են մեր հասարակությանը: Բենզին են ներկրում Ադրբեջանից` հավանաբար, ավելի մատչելի գներով, որպեսզի մարդկանց մեղսակից դարձնեն, ասեն` էժան բենզինի համար եք ընդունում Ադրբեջանի գերակայությունը եւ ներում եք նրանց: Բայց պետք է բացատրեն, թե ինչու Իրանից չեն գնում նույն բենզինն ավելի էժան գներով: