Հրազդանի ցեմենտի գործարանի 400 աշխատակից մեկ տարուց ավելի պարապուրդի մեջ է` չեն ստացել նաեւ նախորդ մեկ տարվա աշխատավարձը։ Գործարանում 2022-ին սնանկության գործընթաց է սկսվել, սակայն աշխատակիցները պնդում են, որ խնդիրները ծագել են, երբ 2024 թ. գործարան է եկել սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Ասում են՝ եթե գործարանը սնանկ է, ինչպե՞ս է ստացվում, որ սնանկության կառավարիչն իր աշխատավարձը ստանում է, իսկ իրենց չի վճարում։ «Ասել ենք ու ասում ենք` Հրազդանի ցեմենտի գործարանի սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանը միտումնավոր ամեն ինչ անում է, որ հիմնարկը ո՛չ առողջացման ծրագիր ունենա, ո՛չ էլ վաճառվի:
Գործարանը մի քանի անգամ դրվել է աճուրդի, բայց դատավորն արգելում է գործարանի վաճառքը: Հաստատ չգիտենք, բայց կարծում ենք, որ սնանկության կառավարչի ներկայացրած թղթերն այդքան էլ օրինական չեն եղել, եթե ամեն բան օրինական լիներ, ինչո՞ւ պետք է դատավորն արգելեր գործարանի վաճառքը: Չգիտենք, թե Արամ Խաչատրյանն ումով է էդպես վեր-վեր թռնում, խոսում ենք` մեզ դատի է տալիս»,- ասաց աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ, քանի որ սնանկության կառավարիչն աշխատանքից ազատում է բոլորին, ով խոսում է գործարանի վերագործարկման կամ առողջացման մասին, դատի է տալիս եւ 1 միլիոն 500 հազար դրամ պահանջում բոլորից, ով թթու խոսք կասի իր հասցեին:
Դատալեքսից տեղեկացանք, որ Արամ Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել գործարանի 2 աշխատակցի դեմ եւ պահանջում է պատճառված վնասի հատուցում` 1 մլն 500 հազար դրամ: Սնանկության կառավարչից հետաքրքրվեցինք, թե երբ են աշխատակիցներն իրենց աշխատավարձը ստանալու։ «Դուք իրավունք ունե՞ք սնանկության պրոցեսին ամեն անգամ զանգել, հետաքրքրվել, դրա իրավունքն ունե՞ք, խնդրում եմ՝ Ձեր հարցերը գրավոր գրեք, կպատասխանեմ»:
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մի քանի անգամ հանդիպել է գործարանի աշխատակիցների եւ պաշտոնյաների հետ: Ստեփանյանին հարցրինք` գործարանի հարցը վարչապետի հետ քննարկե՞լ է, որեւէ լուծում կտրվի՞ խնդրին։ «Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումներ ենք սկսել, դեռ լուծում չենք գտել, իրավական տուպիկում ենք: Հաջորդ հանդիպումը, հավանաբար, կլինի շաբաթ օրը, սպասում ենք ՊԵԿ գործընկերների զեկույցին, բայց լավատես լինելու հիմքերը շատ չեն»:
Ցեմենտի գործարանի աշխատակիցներն ասում են՝ դե, Փաշինյանի գլուխը խառն է` Վեհափառին հեռացնելու եւ Եկեղեցին պառակտելու գործով է զբաղված, նրան քիչ է հետաքրքրում, որ 400 աշխատող 1 տարի է՝ աշխատավարձ չի ստացել: Նշենք, որ 1999-ին գործարանն արտադրել է 1 միլիոն 112 հազար տոննա ցեմենտ։ Հետո ձեռքից ձեռք է անցել, սնանկ ճանաչվել, բայց 55 տարում երբեք այս վիճակում չի եղել: Այժմ անգամ հոսանքն է անջատված, մի քանի անվտանգության աշխատող է միայն հերթապահում:






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ